
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ) հայտնել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ինքնաթիռով ճանապարհորդողների թիվը։ Թուրքիան ներկա պահի դրությամբ օդային փոխադրումների ոլորտում կնքված պայմանագրեր ունի 175 երկրի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուղևորների թիվը 2002-ին կազմում էր շուրջ 34.5 մլն, իսկ 2024-ին այդ թիվը հասել է 230.2 միլիոնի։ Նշվում է, որ ներքին թռիչքները 2024-ի վերջի դրությամբ կազմել են 902.000, իսկ միջազգային թռիչքները՝ 866.000։
2024-ին Թուրքիայի օդային տարածքով անցած թռիչքների թիվը կազմել է 2 միլիոն 290 հզ., որից 521.000-ը եղել են տարանցիկ թռիչքներ ու ըստ այդմ՝ 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցել Թուրքիայի օդային տարածքով։
Վերոնշյալ տվյալների հիման վրա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան դարձել է աշխարհի ամենալայն թռիչքային ցանց ունեցող երկրներից մեկը։