«Բաքվում պահվող մեր երկու գեներալները և Արցախի նախկին նախագահներն իրենց ներդրումն են ունեցել բանակաշինության գործում, մեր գեներալների համար սիրտս ցավում է. Արտակ Դավթյան
Այսօր ՀՀ ԶՈՒ բանակի կազմավորման 33-րդ տարին է: 168.am–ի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձավ օրվա խորհրդին և բանակի օրվա կապակցությամբ նախ շնորհավորեց ամբողջ հայ ժողովրդին, նախկին և ներկա զինծառայողներին, ազատամարտիկներին:
«Ես ուզում եմ առավել շեշտել մեր զինծառայողներին, սպաներին, որոնց շնորհիվ երկար ժամանակ մենք հաղթանակած էինք, հաղթանակներ էինք գրանցում և տարածաշրջանում լավագույն բանակն ունեինք: Ես լիահույս եմ, որ բոլոր դեպքերից հետո ամեն ինչ կկարգավորվի, մենք կկարողանանք դեռ մեր մեջքն ուղղել, և բանակն իր խոսքը պետք է միշտ ասի, ինչպես ասել է ժամանակին: Մեր տարածաշրջանում բանակը գործոն է, որը չի կարելի անտեսել, այն ապահովում է մեր երկրի ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և հայ ժողովրդի անվտանգությունը: Եվ այդպես էլ պետք է լինի մեր տարածաշրջանում և մեր դեպքում, ուրիշ կերպ չի կարող լինել: Բանակը պետք է անվտանգային գործոն լինի, ես այդպես եմ համարում»,- նշեց նա:
Չանտեսելով Բաքվում երկու հայ գեներալի՝ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ապօրինի պահվելու և շինծու մեղադրանքներով մեղադրվելու փաստը, գեներալն ասաց.
«Բաքվում պահվող, բացի մեր երկու գեներալներից, Արցախի նախկին ղեկավարությունը, հատկապես կցանկանամ շեշտել Արցախի նախկին նախագահներին ևս՝ իրենց ներդրումն են ունեցել բանակի և հայկական զինված ուժերի կայացման և բանակաշինության գործում: Իսկ մեր գեներալների համար սիրտս ցավում է: Ես շատ ցավով եմ նայում նրան, ինչ կատարվում է Բաքվում, հույս ունեմ՝ մի օր դա կվերջանա: Մեր հերոսները և Բաքվում գտնվող հայրենակիցները կվերադառնան հայրենիք, և այդ մղձավանջը կվերջանա, ես դժվարանում եմ բառեր գտնել (հուզվում է.- Մ.Պ.), երբ նայում եմ Բաքվի կադրերը, այդ խեղկատակությունը, որ իրականացվում է այնտեղ: Այսքանը»: