«Սոցիալական ծանր բեռ դնելով քաղաքացու վրա, սրանք հասնելու են իրենց նպատակին՝ երկիրը հայաթափելու են». Վահագն Սահակյան
Փետրվարի 1-ից գործելու է հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգը, բոլոր փաթեթները ու դրանց համար վճարվող գումարի չափն արդեն հրապարակվել է։ Քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու սակագինը բարձրանալու է, իսկ մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը դառնալու է 300 դրամ։
Դեռևս նախորդ տարվա վերջին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանվեն:
«Ուղեվճարը լինի բանկային քարտով, թե QR-ով, հսկիչն ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք և քաղաքացիներին կառաջարկի ցույց տալ իրենց տոմսի առկայությունը»,- ասել էր Տիգրան Ավինյանը։
Օրերս էլ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում էր արել՝ նշելով, որ փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու են փոփոխություններ կատարել՝ սակագների հետ կապված։
Ըստ Տիգրան Ավինյանի, օրինակ, 10 ուղևորություն համար սահմանվելու է 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
Արդյո՞ք տոմսային այս նոր համակարգից կարող են օգտվել բոլոր քաղաքացիները, մեկանգամյա տոմսը դարձնելով 300 դրամ՝ արդյո՞ք քաղաքացիները չեն նախընտրի օգտվել տաքսիներից, որի արդյունքում տաքսիները ևս կարող են սահմանել բարձր սակագներ։
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ այս ամենն իշխանությունն անում է, որպեսզի մարդկանց մեծ մասին ուղղորդի տաքսիներ։
«Այն անօրինական միավորները, որոնք կան, մասնավորապես՝ «Յանդեքս» տաքսի ծառայությունը, մարդկանց տանում են դեպի այնտեղ։ «Յանդեքսը» Հայաստանում տերեր ու փայատերեր ունի։ Քանիցս ասել եմ, որ այդ տաքսի ծառայությունը ՀՀ-ում անօրինական է։ Եթե հանրային տրանսպորտի գինը բարձրացնում են, նշանակում է՝ մարդկանց մեծ մասը գնալու է դեպի տաքսիներ, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ գիտակցում են, թե ինչ ծանր օրեր են իրենց սպասվում, թույլ չեն տա բարձրացումը, դրա դեմը կառնեն։
Հիմա տաքսիների գրանցած չեկերի մասին որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, գաղափար չունի, ո՛չ ինքն է մասնագետ ու հասկացող, ո՛չ էլ համապատասխան մասնագետներ ունի։ Եկան իշխանության, փակեցին տրանսպորտի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունում մի վարչություն ստեղծեցին, պետ էլ նշանակեցին մի մարդու, որը Լենինգրադում առաքիչ է աշխատել, բայց մասնագիտությամբ կենսաբան է։ Եթե առաքիչը կարող է լինել տրանսպորտի վարչության պետ, ուրեմն՝ այս երկրում ամեն ինչ հնարավոր է»,- նշեց Վահագն Սահակյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տաքսի ծառայությունը 20 մլն կտրոն է գեներացրել 3 ամսում ու դրանով «թոզ է փչում» չհասկացող զանգվածի աչքերին՝ ցույց տալով, թե լավ օրենք է ընդունել իրենց համար։ Սակայն իրականում շրջանառությունը 7-8 անգամ նվազել է։
«Ասում են՝ այսօր հանրային տրանսպորտը 600-700.000 փոխադրում է իրականացնում, սա ի՞նչ թիվ է որ։ Դեռևս 2015 թվականին իրականացրել եմ ուսումնասիրություն, այն ժամանակ էր այդքան ուղևորափոխադրում, հիմա 2,5 անգամ ավելացել է։
Նման սոցիալական ծանր բեռ դնելով քաղաքացու վրա, սրանք հասնելու են իրենց նպատակին՝ երկիրը հայաթափելու են։ Այս ղեկավարության նպատակը երկիրը հայաթափելն է, ուղղակի «աներես» ազգ դուրս եկանք, չենք ուզում գնանք։ Նույնիսկ այն վատ տարիներին, մեր երկրից այնքան բնակիչ չի գնացել, որքան հիմա են գնում»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։
Նա նաև հույս հայտնեց, որ բնակիչները կընդվզեն ու թույլ չեն տա, որպեսզի իշխանությունները բարձրացնեն հանրային տրանսպորտի ուղեվարձը։
«Հուսամ, մարդիկ փետրվարի 1-ից կնստեն հանրային տրանսպորտ ու այդ գումարը չեն վճարի։ Գոնե այս դեպքում, որ իր գրպանին են կպնում, մարդիկ միավորվեն, թե չէ՝ մնացած հարցերում հույս չունեմ»,- շեշտեց Վ. Սահակյանը։