Չի փրկում անգամ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան․ թանկացումը կոլապսի է ենթարկելու տրանսպորտի համակարգը

Փետրվարի 1-ին ընդառաջ, քաղաքական իշխանությունը՝ ի դեմս իր ՔՊ-ական քաղաքապետի, որոշել է իբրև թե մեղմել տրանսպորտի սպասվող թանկացումը։ Մի քանի կոսմետիկ փոփոխություններով, որոնք, ի դեպ, մտադիր են ընդունել փետրվարի 11-ի ավագանու նիստում, երբ նոր սակագներն արդեն ուժի մեջ են լինելու, ուզում են խաբել քաղաքացիներին։ Այն, ինչ առաջարկել են, իրականում ծաղր է քաղաքացիների նկատմամբ։ Ասենք՝ 300 դրամով ոչ թե 90, այլ 180 րոպե երթևեկել կամ 1 օրում 900 դրամով երթևեկել ոչ թե 8 անգամ, այլ անսահմանափակ։ Սրանով քաղաքացիների համար որևէ էական խնդիր չի լուծվում։

Փետրվարի 1-ից սպասվող տրանսպորտի թանկացումը նույնքան ծանր բեռ է լինելու նրանց վրա։ Նման կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու, որովհետև հիմնավոր վերանայման կարիք ունի ամբողջ միասնական տոմսային համակարգի տրամաբանությունն ու ձևը։ Այն, ինչ ներդրել են, ավելի շատ վնասում, քան օժանդակում է քաղաքային տրանսպորտի աշխատանքին։

Պատահական չէ, որ երբ որոշվեց հունվարի 1-ից հրաժարվել կանխիկից ու ամբողջությամբ անցնել անկանխիկ վճարումներին, համակարգում հավաքագրվող գումարները կտրուկ նվազեցին։ Խոսքն ուղեվարձերից ստացվող գումարների շուրջ 30 տոկոս նվազման մասին է։ Անգամ այն բանից հետո, երբ ձեռք բերված նոր ավտոբուսները մտան երթուղի։

Դժվար է ասել, թե սրանից քաղաքային իշխանություններն ի՞նչ հետևություններ են արել, բայց դա նշանակում է, որ ներդրված վճարային համակարգը պարզապես չի արդարացնում իրեն։ Ու փոխարենը մտածեն այն վերափոխելու, վճարման հարմարավետ և քաղաքացիների համար մատչելի համակարգ ներդնելու մասին, ուզում են միանգամից անցնել ուղեվարձերի բարձրացման։ Այն պարագայում, երբ հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ քաղաքացիները բազմաթիվ խնդիրների են բախվում հենց վճարային համակարգի թերությունների ու անհարմարությունների պատճառով։ Անշուշտ, կան մարդիկ, ովքեր չվճարելով՝ իրենց բողոքն են արտահայտում տրանսպորտի թանկացման նախաձեռնության դեմ։

Կարդացեք նաև

Բայց հիմնական խնդիրներն այս փուլում այլ տեղում են։ Քաղաքացիները ոչ թե չեն ուզում վճարել այսօրվա 100 դրամը, այլ չեն կարողանում լիարժեք օգտվել վճարային համակարգից։ Շատ հաճախ հենց համակարգը դա թույլ չի տալիս։ Հաճախ կարելի է լսել դժգոհություններ ուղևորներից, որ ավտոբուսներում տեղադրված ընթերցող սարքերը չեն աշխատում, աշխատելուց էլ պատշաճ չեն կարդում կոդերը։ Երբեմն էլ համակարգը նույն կամ արդեն մեկ անգամ մարված տոմսը կարող է ևս մի քանի անգամ կարդալ ու հաստատել վճարումը։

Զուտ տեխնիկականից բացի՝ կան նաև վճարման հետ կապված այլ խնդիրներ։ Հատկապես պիկ ժամերին, երբ մարդիկ հազիվ տրանսպորտ են խցկվում ու դռներից մեկ քայլ առաջ չեն կարողանում գնալ՝ տեղադրված սարքերի միջոցով վճարում կատարելը պարզապես անհնարին է։ Ինչո՞ւ պիտի քաղաքացին իր հեռախոսը, առավել ևս՝ բանկային քարտը վստահի պատահական ուղևորին, որպեսզի իր փոխարեն անցկացնի սարքի տակով։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծեն քաղաքային իշխանությունները։ Բայց լուծելու փոխարեն՝ մտածում են միայն տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին։

Չեն ուզում ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ ուղեվարձը բարձրացնելուց առաջ, նախ պետք է համակարգի մուտքերի պատշաճ հաշվառում իրականացնել, որպեսզի հնարավոր լինի որոշել, թե ինչ ֆինանսական ճեղքվածի մասին է խոսքը, և ինչ տարբերակներով կարելի է այն փակել։ Իսկ ի՞նչ են անում քաղաքային իշխանությունները՝ բոլոր խնդիրները մի կողմ են դրել, միայն ուղեվարձի բարձրացման ու քաղաքացիների վրա ֆինանսական բեռն ավելացնելու մասին են մտածում։ Վերջին օրերին նրանց է միացել նաև «ծանր հրետանին»՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

Մինչ միահամուռ փորձում են արդարացնել թանկացումները՝ միասնական համակարգը տապալվում է, հավաքվող գումարներն ավելանալու փոխարեն՝ նվազում են։ Ու այդ ամենից տուժում է հենց նույն քաղաքային տրանսպորտը։ Տուժում է վճարային այն համակարգի թերությունների ու խնդիրների պատճառով, որը ներդրել են՝ առանց հաշվի առնելու դրա հասանելիությունը։

Ուղեվարձից հավաքվող գումարները վերջին շրջանում կրճատվում են ոչ թե այն պատճառով, որ ավելի քիչ մարդ է սկսել օգտվել քաղաքային տրանսպորտից, այլ, որովհետև վճարման հետ կապված խնդիրներն են ավելացել։

Համակարգը չի արդարացնում իրեն, պետք է այնպես փոխվի, որ մարդիկ կարողանան առանց ավելորդ քաշքշուկների ու դժվարությունների օգտվել։ Այս փուլում ուղեվարձ բարձրացնելը, առավել ևս՝ այն տրամաբանությամբ ու չափորոշիչներով, ինչ հիմա են ուզում անել, անթույլատրելի է։ Եվրոպականին համարժեք ուղեվարձեր են ուզում կիրառել՝ հաշվի չառնելով հասարակության սոցիալական վիճակը, եկամուտներն ու վճարունակությունը։

Տարածաշրջանի ոչ մի երկրում այնքան բարձր չեն քաղաքային տրանսպորտի սակագները, ինչքան պատրաստվում են բարձրացնել Հայաստանում։  Բացի այն, որ օդից վերցրած ուղեվարձեր են սահմանել, նաև անհասկանալի սահմանափակումներ են դրել։ Ամեն ինչ արել են ի վնաս քաղաքացիների։

Մարդիկ արդարացի հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ պիտի չօգտվելու պարագայում ավտոմատ մարվեն իրենց տոմսերը, որոնց համար վճարել են։ Կամ ինչո՞ւ պիտի քաղաքացիների մի մասը, ովքեր ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, ավելի թանկ վճարեն, որպեսզի մյուսներն ավելի շատ օգտվեն։ Քաղաքային տրանսպորտի ոլորտում, միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո էլ խնդիրները բազմաթիվ են, ու առանց դրանց լուծման՝ անթույլատրելի է անցնել ուղեվարձերի այն բարձրացումներին, որոնք քաղաքային իշխանության տաք գլուխները՝ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ, պատրաստվում են կիրառել փետրվարի 1-ից։

Նման կոսմետիկ փոփոխություններով, որով ուզում են մեղմել քաղաքացիների դժգոհություններն ու տպավորություն ստեղծել, թե իբր նրանց մեծ լավություն են անում, չի ստացվելու։ Քանի դեռ ուշ չէ, պետք է մտածել ուղեվարձի բարձրացումից գոնե ժամանակավոր հրաժարվելու մասին՝ մինչև կլուծվեն առկա խնդիրները։ Այլապես այս ամենը կարող է կոլապսի ենթարկել համակարգը։

Ուղեվարձի սպասվող բարձրացումից, ներդրված վճարային համակարգից ու ընդհանրապես տրանսպորտի աշխատանքից հասարակության դժգոհությունները համատարած են, ու դրանք հաշվի չառնելը ոչ միայն բացահայտ արհամարհանք է քաղաքացու նկատմամբ, այլև կարող է ծանր քաղաքական հետևանքներ ունենալ իշխանությունների համար։ Առավել ևս՝ սպասվող ընտրություններից առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս