«Թե ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային» ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մասին
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե այսօր Հայաստանն առհասարակ դիտարկո՞ւմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ։
Նա նշեց, որ այս հարցին անդրադարձել են թե՛ արտգործնախարարը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ նրանց ասածներին ավելացնելու որևէ բան չունի։
«Քննարկում ենք այն, ինչն արդեն հայտարարել ենք, որևէ այլ տարր այս պահին մենք չունենք, և դրան արդեն մեր պաշտոնյաներն անդրադարձել են։
Ինչպես արդեն ասացի, վկայակոչեմ Լավրովի խոսքերը, որ բոլոր հարցերի շուրջ ծավալվել է բովանդակային քննարկում Մոսկվայում։ Դուք տեսաք արդյունքներից և այդ հարցուպատասխանի մթնոլորտից, որ հարցերը քննարկվել են առողջ աշխատանքային մթնոլորտում։ Թե ինչ կլինի այս կամ այն փուլում, իսկապես թողնենք ապագային»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը։
Լրագրողի հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ խումբ պետք է ժամանի Հայաստան՝ Հայաստանի սահմանների հարցով, սա որքանո՞վ է առնչվում Իրանին, իրանցի գործընկերների հետ այդ հարցը քննարկվե՞լ է, արդյոք մտահոգություններ չունե՞ն, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց՝ իրանցի գործընկերների հետ քննարկում են բոլոր հարցերը։
«Պետքարտուղարի նշած հարցը վերաբերում է մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ ասպեկտներին։
Մեր փոխարտգործնախարարը վերջերս Իրանում էր, լսե՞լ եք որևէ մտահոգություն՝ արտահայտված Իրանի կողմից։ Կարծում եմ՝ հայտարարությունը, որը հրապարակվել էր, ցույց էր տալիս և ևս մեկ անգամ վկայությունը եղավ մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցության դրսևորմանը։
Ես չեմ տեսել մեկ հարց, որի շուրջ մենք չկարողանանք իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ Իրանի հետ մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, սա տեսնում ենք պաշտոնյաների հայտարարություններից ու փոխայցերից»,- շեշտեց ԱԳ փոխնախարարը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի սահմանային հսկողությունը միշտ կատարվել է երրորդ երկրի կողմից, ուստի վերջապես պետք է Հայաստանը կարողանա այդ հսկողությունն իրականացնել։
Հարցին՝ այսինքն՝ սա ենթադրո՞ւմ է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահներն առհասարակ պետք է դուրս գան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց.
«Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկի իր սահմանները։ ԱՄՆ աջակցությունը միտված է մեր կարողությունների բարձրացմանը, համապատասխան փորձառության կիսմամբ և այլն»,- շեշտեց ԱԳ պաշտոնյան։