«Ոչ թե Կուրիսի, այլ Հգերակ գյուղի եկեղեցին է տեղափոխվում Ագարակ, հանքի տարածքում էր». Արմեն Անտոնյան
Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ. Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով:
Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն և աջակցություն, և այլն: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի տեղափոխման և նոր վայրում վերականգնման աշխատանքները՝ դրանք նախապես համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ:
168.am-ի հետ զրույցում Կուրիս գյուղի նախկին ղեկավար Արմեն Անտոնյանն ասաց, որ այն ավելի շուտ Հգերակ գյուղի եկեղեցին է։
«Հգերակի եկեղեցու այդ տարածքը երկար տարիներ առաջ հայտնվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Շատ վաղուց՝ դեռևս 90-ականներից, վտանգ կար, որ պայթյունի հետևանքով՝ հանքի տարածքում, եկեղեցին կարող է ավերվել։ Ուստի 90-ականներից ծրագրեր եղել են, որպեսզի եկեղեցին տեղափոխվի, քանի որ հանքի հարուստ հանքանյութը գալիս ու եկեղեցու այդ մասով է անցնում։ Սա է պատճառը, որ որոշել են եկեղեցին տեղափոխել այլ վայր»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եկեղեցին չի գործել Խորհրդային Միության տարիներին, դրանից հետո ևս չի գործել։
«Իմ տեղեկություններով՝ դեռևս 2000 թվականից եկեղեցու տեղափոխման նախագիծը կազմվել է, համաձայնեցվել, քարերը բոլորը համարակալվել են, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքները բոլորը կատարվել են։ Ուղղակի ինչ-ինչ պատճառներով գործընթացը կանգ է առել։
Տեղափոխելուց ու վերակառուցելուց հետո այն դառնալու է գործող ու ավելի բարեկարգ եկեղեցի։ Տեսել եմ նախագիծը, երբ վարչական ղեկավար էի, նոր նախագծով հին եկեղեցու ամբողջական տեսքը պահպանվելու է, դառնալու է գմբեթավոր եկեղեցի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մայր Աթոռի տեսակետը հարցի հետ կապված կներկայացնենք առաջիկայում։