Իսկական դժոխք՝ եկամուտների հայտարարագրման ենթակա քաղաքացիների համար
Իշխանություններն իրենց ապաշնորհությամբ պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Ինչ անում են՝ ժողովրդի քթից են բերում։
Եղած անհամար հոգսերն ու անհարմարությունները, որոնք ամեն քայլափոխի ստեղծել են, քիչ է, հիմա էլ քաղաքացիներին եկամուտների հայտարարագիր ներկայացնել են պարտադրում։
Ժամանակին, իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, նաև միջազգային կազմակերպությունների պարտադրանքով՝ ափալ-թափալ ընդունեցին հայտարարագրման մասին օրենքն ու քաղաքացիներին գցեցին կրակը։ Հիմա մի ամբողջ ազգ մտածում է՝ ինչպես դուրս գա դրա տակից։
Համատարած հայտարարագիր պիտի ներկայացնեն, բայց ո՛չ ներկայացման ձևը գիտեն, ո՛չ տեխնիկական միջոցներ ունեն, ո՛չ էլ տիրապետում են հայտարարագրի լրացմանը։ Ամեն ինչ այնպես են խճճել ու բարդացրել, որ հայտարարագիր տալու համար հարկավոր է մի քիչ ֆինանսիստ լինել, մի քիչ հաշվապահ լինել, մի քիչ համակարգչից հասկանալ, հայտարարագիր կարդալ ու լրացնելու հմտություններ ունենալ։ Այնպես լրացնել, որ վաղը հարկայինը չգա, չոքի կոկորդին ու սխալ լրացված եկամուտների դիմաց հարկեր պահանջի։ Իսկական գժանոց է։
Մինչև մայիսի 1-ը 750-800 հազար քաղաքացի պիտի հայտարարագիր ներկայացնի իր անցած տարվա եկամուտների վերաբերյալ։ Ու այնպիսի մանրամասնությամբ, որ երևա անգամ հազար դրամի շարժը։ Քաղաքացին հայտարարագիր լրացնելուց պիտի բացատրություն տա, թե ինչի՞ համար է ստացել այդ հազար դրամը՝ կոլեկտիվով ընդմիջման փող են հավաքե՞լ, թե՞ նվեր են գնել գործընկերոջ ծնունդին։
Պատկերացնո՞ւմ եք, ինչ տիտանական աշխատանք է պահանջվելու՝ հիշելու ու լրացնելու բոլոր գումարների շարժերը։
Հայտարարագիր ներկայացնողների մեջ անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր որոշակի ֆինանսական գրագիտություն կունենան, բանկային քաղվածքներ կարդալ կիմանան, իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չգիտեն էլ, թե ինչ է բանկային քաղվածքը։
Ֆինանսիստ լինելուց բացի, քաղաքացին նաև հաշվապահական հմտություններ պիտի ունենա, որպեսզի հարկման ենթակա գումարների դիմաց հաշվարկի հարկերն ու վճարի պետությանը։ Հարսանիք, կնունք-ծնունդ է արել, նվեր է ստացել, պիտի հայտարարագրի, հաշվարկի հարկերն ու վճարի։
Հայտարարագիր ներկայացնելը շատերի համար դժոխային աշխատանք է լինելու։
Չհաշված, որ ստիպված են լինելու ոչ միայն բազմաթիվ քաշքշուկների միջով անցնել, նյարդեր ու ժամանակ ծախսել, այլև ֆինանսական միջոցներ։
Այս մասին իշխանությունները միտումնավոր չեն խոսում։ Բայց դա չի նշանակում, թե այդպես չէ։ Հայտարարագիր ներկայացնելիս՝ պիտի պարտադիր էլեկտրոնային ստորագրություն դրվի։ Էլեկտրոնային ստորագրություն տրամադրող հատուկ պետական կառույց կա՝ «ԷԿԵՆԳ» անունով։ Քաղաքացին պիտի դիմի այդ կառույցին, որպեսզի ստորագրություն ստանա ու ակտիվացնի։ Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար պարտավոր է վճարել 3 հազար դրամ։
Ու այդպես՝ ամեն տարի. Ամեն տարի 3 հազար դրամ պիտի տա, որպեսզի ներկայացնելուց առաջ ստորագրի հայտարարագիրը, եթե, իհարկե, այս ծառայությունն էլ վաղը չթանկացնեն։
Հայտարարագիրը ստորագրելու համար ոչ միայն էլեկտրոնային ստորագրություն, այլև նույնականացման քարտը կարդացող հատուկ սարք է պետք, որը, եթե չունես, կրկին պետք է վճարես ու ձեռք բերես «ԷԿԵՆԳ»-ից։
Սա էլ մեկ այլ ծախս է լինելու քաղաքացու համար։
Այնպես են խճճել ամբողջ պրոցեսը, որ քաղաքացին ստիպված է լինելու հայտարարագիր ներկայացնելու համար բազմաթիվ բարդությունների միջով անցնել։
Ասում են՝ հայտարարագիր ներկայացնելու համար պետք է օգտվել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից։ Բայց համակարգից օգտվելու ու հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Ասում են՝ այն անհրաժեշտ է ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունն և դրանց հասանելիությունն ապահովելու նպատակով:
Եթե քաղաքացին պիտի մտածի իր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունն ապահովելու մասին, էլ ինչի՞ համար են պետական մարմինները։
Քաղաքացու նույնականացումն իրականացվելու է երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Բջջային հեռախոսի միջոցով նույնականացում ձեռք բերելու համար պետք է իրականացնել մի շարք քայլեր։
Հիմա այդ քայլերը, որոնք մեկ այլ փորձություն են լինելու քաղաքացիների համար։
Ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից։
Թե նույնականացման քարտ ձեռք բերելու համար ինչքա՞ն ժամանակ ու նյարդեր են պետք, քաղաքացիները լավ գիտեն։ Առավել ևս՝ այն բանից հետո, երբ վերջերս քաղաքացիության ծառայության բազմաթիվ տարածքային գրասենյակներն օպտիմալացրեցին ու տեղափոխեցին։ Քաղաքացիները ստիպված են տասնյակ կիլոմետրեր անցնել՝ այդ գրասենյակներ դիմելու համար։
Դիմելու ու նույնականացման քարտ ստանալու համար էլ, դեռ հարց է, թե ինչքան պիտի սպասեն, քանի անգամ պիտի գնան ու գան։ Նույնականացման քարտ ստանալուց հետո, նույնականացման քարտով և բջջային հեռախոսով պետք է այցելեն բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոն՝ փոխեն իրենց բջջային հեռախոսի քարտը նոր քարտով, ակտիվացնեն էլեկտրոնային նույնականացումն ու էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլ նույնականացում ձեռք բերելու համար քաղաքացիները պետք է ունենան մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր, նույնականացման քարտն ընթերցող սարք, այցելել «ԷԿԵՆԳ»-ի էլեկտրոնային կայք, դրա միջոցով ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն։
Թե հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քանի քաղաքացի գիտի՝ ինչ է էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտը, նույնականացման քարտ կարդացող սարքը, առավել ևս՝ կարող է ինքնուրույն ակտիվացնել էլեկտրոնային քարտն ու ստանալ էլեկտրոնային ստորագրություն, օգտվել դրանից, դժվար չէ պատկերացնել։
Այսպես էլ հարյուր-հազարավոր քաղաքացիների պարտադրում են հայտարարագիր ներկայացնել։ Չներկայացնելու դեպքում էլ սպառնում են տուգանքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ