Դա պատշաճ արձագանք չէ. Հովհաննես Խուդոյանը՝ Բաքվում դատական շոուի և պաշտոնական Երևանի լռության մասին
Ադրբեջանը, վերստին արհամարհելով արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքների սկզբունքները, հունվարի 17-ին Բաքվում մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով ապօրինի դատաքննությունը։ Այս դատավարությունների մեկնարկը, խոշոր հաշվով, տրվեց պաշտոնական Երևանի լռության ներքո։
Պաշտոնական մակարդակում միայն երկու հայտարարություններ եղան․ մեկը՝ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանի մտահոգության տեսքով, երկրորդը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ նախօրեի արձագանքի, որով տեղեկացնում էին․ «Դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Միաժամանակ, շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունն ապահովելու վերաբերյալ»։
Իրավապաշտպան, իրավաբան Հովհաննես Խուդոյանը սա պատշաճ արձագանք չի համարում։ 168․am-ի հետ զրույցում իրավապաշտպանը մասնավորապես նշեց՝ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական արձագանքը չի եղել։
«Հայտարարությունը, թե գանգատներ ունենք տված և սպասում ենք պատասխանի, իրենց մասին ընդամենը փոքր-ինչ հիշեցում էր, բայց դա պատշաճ արձագանք չէ, ու նման արձագանք չի եղել ոչ մի մակարդակով,- Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հայտարարության առնչությամբ ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ վերջին ամիսներին և հատկապես COP 29-ից սկսած՝ Հայաստանը պետք է հնարավոր բոլոր խողովակներն օգտագործեր այդ հարցը բարձրացնելու համար, սակայն չի արել ոչինչ և ոչ մի հարթությունում,- Իսկ այդ գանգատները, որոնք տրվել են (թեև տեղյակ չեմ բովանդակությանն ու որակին), բայց մինիմալն էր, ինչ ՀՀ-ն կարող էր անել: Եվ չմոռանանք, որ օդում կախված է թեման, թե մի օր էլ հնարավոր է այդ դիմումներից հրաժարվեն»։
Հայ գերիների, ապօրինի պահվող անձանց առնչվող հարցերով ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող քայլերին անդրադառնալով՝ իրավաշտպանը նշեց, որ դա ենթադրում է դիվանագիտական եղանակով, հրապարակային հայտարություններով, բողոքի նոտաներով, բանակցային սեղանի շուրջ այդ հարցը բարձրացնելով գործողություններ։
«Գործողությունների շրջանակը լայն է և ունի դիվանագիտական, իրավաբանական, նաև քարոզչական տարբեր ասպեկտներ, որից ոչ մեկը չի կատարվել»,- հավելեց նա։
Հովհաննես Խուդոյանը բավարար չի համարում նաև հարցի առնչությամբ միջազգային արձագանքը, իսկ պատճառների մասին նկատում է․
«Տարաբնույթ շահեր կան, ու մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ-ն որևէ պրետենզիա չունի, ինչո՞ւ պետք է մյուսները վատամարդ դառնան։ Նաև գիտեմ, որ ընդդիմադիր պատգամավորներին շատ հաճախ միջազգային հանդիպումների ընթացքում հենց այդպես էլ հակադարձում են, թե՝ եթե ձեր պետությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ի՞նչ եք ակնկալում մեզնից»։
Հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն այս հարցում գործելու պարտավորություն չունեի՞ն, մասնագետը պատասխանեց, որ դեռ անորոշ է այդ խմբի ճակատագիրը, քանի որ շահառու երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են հրաժարվել այդ խմբից։
Ի պատասխան հարցադրմանն էլ՝ արդյո՞ք այս հարցը միջազգային իրավունքի սահմաններում հնարավոր է լուծել, թե՞ սա բացառապես քաղաքական հարթությունում լուծվելիք հարց է, իրավաբանը պարզաբանեց․
«Իրականում, դա շատ բարդ ու բազմավեկտոր հարց է։ Եթե միայն միջազգային իրավունքին հղում անենք, միջազգային իրավունքն իր լավագույն տարիները չի ապրում, և միայն ՀՀ-ն դրանից չի տուժել․ բազմաթիվ կոնֆլիկտների, տուժող ժողովուրդների, ցեղասպանությունների դեպքում միջազգային իրավունքը լռում է։ Հնարավոր է՝ միջազգային իրավունքի այն համակարգը, որն ունեցել ենք, վերանայման կարիք ունենա»։