«Կտեր»-ով, թե՝ «հարկատուն հերոս է», մարդկանց հարկային տեռորի ենթարկելով՝ արդյունքներ չեն լինի․ Թադևոս Ավետիսյանը՝ հայտարարագրման մասին

Քաղաքացիները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով` https://self-portal.taxservice.am/sign-in/

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է՝ համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168․amի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքացիներին առջև իշխանությունների կողմից դրված հերթական պահանջին, նախ արձանագրեց՝ այն նպատակը, որ դրվել է իշխանությունների կողմից այս կերպ լուծելու համար, իրենց առաջարկվող գործիքով չի լուծվում։

Ըստ նրա՝ թափանցիկության, ստվերի կրճատման ու նաև՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու անվան տակ արվող այս քայլն իրականում հակառակ միտում ունի։

Կարդացեք նաև

«Անիմաստ տեղեկություններ են հավաքում քաղաքացիներից, իսկ գործընթացը, որը կազմակերպում են, նաև կիսատ է, քանի որ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակի համար, բացի եկամուտների հայտարարագրումը՝ անհրաժեշտ է նաև համընդհանուր ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։
Բայց ՊԵԿ-ը տեղեկատվական ապահովման իմաստով ի զորու չէ գործադրելու նման համակարգ, և այս պահին, օրինակ, եթե ցանկանաք եկամուտների համընդհանուր հայտարարագիր լրացնել, չեք կարող, որովհետև այդ համակարգն ունի տեխնիկական խնդիրներ։ Հունվարի 1-ից անցել է 17-18 օր, չեն կարողանում այդ խնդիրները լուծել, ու համակարգը փաստացի չի գործում, իսկ քաղաքացիներն էլ չեն կարողանում օրենքով սահմանված պարտավորությունները կատարել, ինչի չկատարման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք։ Տուգանք է նախատեսված, պատասխանատվություն է նախատեսված, բայց պետությունը նույնիսկ իր գործառույթը չի կարողանում իրականացնել»
,- պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը։

Մասնագետն արձանագրեց նաև, որ պետական մարմինների կողմից այս քաշքշուկն անիմաստ է նաև այն պատճառով, որ նույն տեղեկությանը ՊԵԿ-ն արդեն իսկ տիրապետում է։

«Անձնավորված հաշվառման համակարգի միջոցով ցանկացած օրինական աշխատողի գործատու աշխատավարձի չափի մասին տեղեկատվություն ներկայացնում է ՊԵԿ-ին։ Աբսուրդ է՝ այդ նույն տեղեկատվությունը ՊԵԿ-ը գրում է մեկ այլ համակարգի մեջ, իսկ քաղաքացին պարտավոր է մտնել այդ համակարգ, այդ նույն տեղեկատվությունը նայել ու հաստատել։ Պետական մարմինները, ստացվում է, քաղաքացուց կրկնակի վերցնում են տեղեկություն, ինչին տիրապետում են»,- մանրամասնեց նա։

Այս համատեքստում անդրադառնալով պաշտոնական այն պարզաբանումներին, թե սա կծառայի սոցիալական անապահովությունը և սոցիալական վիճակը գնահատելուն, տնտեսագետը զարմանքով հակադարձեց, թե ի՞նչն է մինչ այժմ խանգարել այդ գնահատումն իրականացնելու համար, եթե արդեն իսկ տիրապետում են համապատասխան տեղեկատվության։

«Ի՞նչն է խանգարում, որ ՊԵԿ-ն արդեն իսկ ունեցած տեղեկությունը տրամադրի սոցիալական պաշտպանության ոլորտին ևս․ այսինքն՝ պետությունը մեկ անգամ ստանում է այդ տեղեկությունը, թող մնացած օղակներն օգտագործեն այն, և ոչ թե ամեն մեկն առանձին նուն տեղեկությունը քաղաքացուց ուզի,- մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը, ապա խոսելով այս կերպ «ստվերի կրճատման»-ը հասնելու իշխանությունների պնդումների մասին՝ շեշտեց,- Դա էլ է անիմաստ․ Դուք պատկերացրեք, եթե քաղաքացին աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի, այլ կերպ ասած՝ անօրինական հիմունքներով, ստանում է որոշակի աշխատավարձ, բայց նա այդ տեղեկությունը չի ներկայացրել գոյություն ունեցող անձնավորված հաշվառման համակարգում, ակնհայտ է, չէ՞, որ այդ նույն տեղեկությունը չի ներկայացնելու այս համակարգում»,- ասաց մեր զրուցակիցը։

ԱԺ պատգամավորը կարևորեց նաև հանգամանքը, որ այս գործընթացը բավականին բարդ է հայտարարագրման ենթակա անձանց համար․ անհրաժեշտ է ինտերնետի հասանելիություն, իրավագիտակցության, տեղեկատվության մակարդակի առկայություն և այլն։

Պրոցեսի իրական նպատակների մասին իր դիտարկումներում մեր զրուցակիցը մատնանշեց հատկապես խոպան՝ արտագնա աշխատանք իրականացնող քաղաքացիներին հարկելու միտումը․

«Այդ քաղաքացիները բանկով են հիմնականում իրենց աշխատավարձը փոխանցում իրենց ընտանիքի անդամներին, և քանի որ դա տեսանելի է, քաղաքացին պետք է դա լրացնի հայտարարագրում։ Ու սա մարսելուց հետո, վաղն էլ օրենքում ինչ-որ փոփոխություն կանեն, կասեն՝ եթե փոխանցման նպատակը պարզ չէ, կհարկենք»։

«Այս պահին այն տեղեկատվությունը, որն ուզում են, դրան իրենք տիրապետում են․ ուղղակի մարդկանց այսպես ամենատարբեր գործիքներով խճճում են և փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Բայց դա արդյունավետ գործիք չէ․ պետք է այնպիսի հարկային համակարգ ունենաս, որ քաղաքացիները շահագրգռված լինեն և՛ իրենց եկամուտները, և՛ ծախսերը հայտարարագրել, և՛ պատճաշ կերպով դառնան հարկ վճարող։ Թե չէ՝ այդ հորդորներով, կտեր տալով, թե՝ հարկատուն հերոս է, մարդկանց հարկային տեռորի ենթարկելով՝ արդյունքներ չեն լինի»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս