Եթե նորմալ երկիր լիներ, ֆիլմը կցուցադրվեր դպրոցներում. սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ. «Կեղծ խաղաղասիրության գինը»՝ այսօր և մեկ դար առաջ
Հունվարի 11-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ներկայացնում է մեկ դար առաջ՝ 1918-1920 թվականներին, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկման փաստական պատմությունը, թե ինչպես այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը, հավատալով թուրքի՝ խաղաղության մասին կեղծ խոստումներին, գնաց հաշտության՝ կորցնելով տարածքներ, տալով հազարավոր զոհեր։
107 տարվա հեռվից դիտարկելով բոլոր փաստերը՝ հայությունը կրկին նույն խնդրի առաջ է կանգնած, երբ հայ ազգին խաղաղություն է քարոզվում ոչ միայն դրսից, այլև ՀՀ իշխանությունների կողմից։
Ֆիլմը սկսվում է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ Գոլդա Մեիրի խոսքերով. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու». հենց այս տրամաբանությամբ են ֆիլմում ներկայացվում վկայություններ, որ թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, եթե զենքը ձեռքիդ չէ։
Ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանը պրեմիերայից առաջ ֆիլմը բնորոշեց մեկ նախադասությամբ. «Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ»։
Արդեն 168.am–ի հետ զրույցում Հարություն Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, պրոդաքշն պետք է անդրադառնա այդ ժամանակաշրջանի մի դրվագի։
«Ինքս պատահական չասացի, որ սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ, որովհետև մարդիկ կան, որ չգիտեն, թե ինչ է եղել։ Սա ընդամենը մեկ փորձ է՝ մի փոքր ժամանակահատվածի կտրվածքով ցույց տալու, թե մենք ընդհանրապես ով ենք, այս ամենն ինչ ձևով է եղել։ Տեսաք, մենք չենք զլացել վեր հանել նաև մեր թերությունները, որովհետև իրոք եղել են թերություններ, այսօր էլ կան, վաղը կրկին լինելու են։
Մենք սիրում ենք, չէ՞, որ վերջում միայն «հեփփի էնդ» վիճակ է լինում, կամ, ասենք՝ տվեցինք, ջարդեցինք ու հաղթեցինք, ոչ, այդպես չէ։ Ինչ կա, պետք է ցույց տալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է պետք անել, որ այս վիճակի մեջ չլինենք»,- նշեց Հ. Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմը պետք է ճանապարհ անցնի, չեն նախատեսել այն միայն «Յութուբում» դնելու համար, որպեսզի մարդիկ նայեն, տակը մեկնաբանություններ գրեն, և ինչ-որ մեկն էլ «ֆեյքերին» բաց կթողնի՝ մեկնաբանություններ գրելու համար։ Բայց թե ինչպիսի ճանապարհ պետք է անցնի, ֆիլմի պրոդյուսերը դեռևս չգիտի, քանի որ հայաստանյան կինոթատրոններում սովոր չեն վավերագրական ֆիլմեր ցուցադրել։
«Առաջարկել ենք, բայց այնպես չէ, որ համաձայնել են, քանի որ այն վավերագրական ֆիլմ է, մարդիկ սիրում են կոմեդիաներ ցույց տալ, բիզնես է՝ «հեփփի էնդ»-ով, «հի-հի, հա-հա»-ով», մարդկանց ուղեղն այդպես է մթագնում։ Եթե նորմալ երկիր լիներ, ֆիլմը կցուցադրվեր դպրոցներում, որովհետև սա դպրոցական դասագրքերի թեմա է, որը ոչ սովետական ժամանակաշրջանում է եղել, ոչ էլ հիմա կա, առավել ևս հիմա, որ շատ հարցեր հանում են դասագրքերից։ Եթե մեր վիճակն այսքան ծանր չլիներ, այս թեմային մենք էլ չէինք անդրադառնա»,- հավելեց Հարություն Հարությունյանը։
Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանի խոսքով՝ ֆիլմի աշխատանքները տևել են 9 ամիս, որի ընթացքում թիմով, ուժերի գերլարումով կատարել են ահռելի աշխատանք, որպեսզի այսօր էկրաններին ներկայացվի մի աշխատանք, որը պիտի խոսի մարդկանց մտքերի, սրտերի հետ, առերեսի պատմության որոշակի էջերին, որոնց մասին գուցե շատերը տեղեկություններ չունեն։
«Ինքս չեմ ուզում բացահայտել այս ֆիլմի մեսիջը, որովհետև յուրաքանչյուր ոք իր համար պետք է առանձնացնի իրեն մտահոգող փաստը։
Ֆիլմն ունի մի շարք առանձնահատկություններ, բացի իր գեղարվեստական արժանիքից, ֆիլմում ասվող յուրաքանչյուր խոսք հղում է տալիս, թե մարդիկ հետաքրքրության դեպքում որտեղ կարող են ծանոթանալ, թե ով է գրել այս մեջբերումը, որ թերթում է գրվել։ Մենք խոսում ենք փաստերի լեզվով, քանի որ գործ ունենք վավերագրության հետ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Մարիամ Եգորյանը և ընդգծեց՝ նախատեսել են ֆիլմը թարգմանել ու ցուցադրել նաև ՀՀ սահմաններից դուրս։
Ֆիլմի փաստահավաք հեղինակը հեռուստահաղորդավար Դեներիկ Մալխասյանն է, նա է արխիվներից հանել ու ֆիլմում ներկայացրել այն առանցքային վկայությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես թուրքերը զավթեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը՝ խոստանալով խաղաղություն, որն անում են նաև այսօր՝ 21-րդ դարում։
«Հիշեցնեմ դասական օրենքներից մեկը. պատմությունը դաս չի սովորեցնում, պատմությունը պատժում է դասը չսովորած աշակերտին։ Հիմա մենք հիշեցնում ենք դասը չսովորած աշակերտին, ով ըստ էության պատժվում է։ Այս ֆիլմն այն մասին է, որ պատմությունը 1918-1920 թվականներին մեզ դասեր տվել է այն ողբերգությունների տեսքով, որը մենք տեսանք ֆիլմի ժամանակ, բայց մենք 100 տարի հետո հետևություններ չենք արել։ Մենք էլի ինչ-որ միամտությամբ հավատում ենք կեղծ խաղաղասիրական լոզունգների, որը մեր գլխին կրկին բերելու է աղետ, Աստված մի արասցե՝ կոտորած, գաղթ, ինչը տեսանք Արցախում։ Այդ արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելիս ինձ մոտ տպավորություն էր, որ ես կարդում եմ 2020 թվականի պատերազմի, Շուշիի անկման, Արցախի հայաթափման մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ֆիլմի պրեմիերայից առաջ Հարություն Հարությունյանը «պայման» ներկայացրեց հանդիսատեսին, ասելով՝ ֆիլմը նայելուց հետո, եթե հանդիսատեսը ցանկանա, ապա ֆիլմի ստեղծագործական ամբողջ անձնակազմին կհրավիրի բեմ։ Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսի ջերմ ու երկարատև ծափահարությունների ներքո Հարություն Հարությունյանը բեմ հրավիրեց ստեղծագործական թիմին՝ յուրաքանչյուրին հայտնելով իր շնորհակալությունն ու շնորհավորանքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: