«Սա վերաբերելու է հազարավոր զինծառայողների…». երկրի անվտանգությանն ու բանակին վնասող փաշինյանական հերթական քայլը

ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով նախատեսվում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթե իր մշտական բնակության վայրի և ծառայության վայրի միջև հեռավորությունն առնվազն 60 կմ է, նախկին 30 կմ-ի փոխարեն։

«Ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին»,- նշվում է ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարությունների կողմից մշակված օրենդրական նախաձեռնության մեջ:

Նախագծի հեղինակները նշում են նաև. «ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետրի փոխարեն առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին տրամադրելու պարագայում շահառուների թվաքանակի կրճատմամբ պայմանավորված»:
Այսինքն, Փաշինյանի կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում: Իսկ ինչպես է այս խայտառակ ծրագիրը հիմնավորում կառավարությունը:

Հեղինակները նշում են՝ առաջին, «հաշվի առնելով զինված ուժերի բարեփոխումներ բաժնում արձանագրված՝ զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքներով ապահովելու անհրաժեշտությունը», երկրորդ, «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը», երրորդ, «տրամադրվող փոխհատուցումների հասցեականությունն ապահովելու նպատակով առկա է գործող կարգավորումներով ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից օգտվելու պայմանների վերանայման անհրաժեշտություն»:

Կարդացեք նաև

Ի դեպ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հոդվածը գրելու պահին վերը նշված նախագծին կողմ արտահայտվողները 4 տոկոս էին կազմում, դեմերը՝ 96:

Իսկ թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ պաշտպանության նախարարությունն այս նախագծի վերաբերյալ, հայտնի չէ, կփորձենք պարզել, քանի որ այստեղ անվտանգային ռիսկեր կան:

Իսկ 168.amի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ այս նախագիծն ամբողջությամբ արտահայտում է մեր անվտանգային համակարգի, հայրենիքի պաշտպան զինված ուժերի նկատմամբ այս իշխանությունների քամահրական վերաբերմունքը:

«Սա վերաբերելու է հազարավոր զինծառայողների, հարված է հասցնելու առանց այն էլ քիչ աշխատավարձ ստացող զինծառայողների գրպանին, որովհետև 30 կմ-ը դարձնելով 60 կմ, այդ բոլոր զինծառայողներին ստիպելու են իրենց հաշվին մեկնել ծառայության վայր և վերադառնալ:

Վստահ եմ, որ այս նախագծի մշակման ժամանակ որևէ քննարկում չի եղել զինծառայողների, ոլորտից հասկացողների հետ, այդ կաբինետային փողկապավորները և Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամները որևէ ուսումնասիրություն չեն արել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս նախագիծը հանգեցնելու է պայմանագրայինների թվակաքանակի կրճատման, երբ առանց այն էլ մարդկային ռեսուրսի խնդիր կա: Հնարավոր է:

Արդյո՞ք այս նախագծի հեղինակները հաշվի են առել այն հանգամանքը, թե ինչպես է իր ծառայության վայրից 60 կմ հեռավորությամբ բնակվող պայմանագրային զինծառայողը հանկարծակի տագնապի կամ սահմանային լարվածության դեպքում արագ հասնելու ծառայության վայր, առավելևս, եթե չունենա ավտոմեքենա, ունենալու դեպքում էլ՝ սեփական կյանքը վտանգելով, քանի որ արագության գերազանցման խնդիր կարող է առաջանալ:

Ինչի ենք այս օրինակները բերում, որովհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրը ՊԲ ղեկավարությունից և որոշ հրամանատարներ արձակուրդից են հետ կանչվել: Մենք մտածում ենք, որ Փաշինյանը խաղաղության օրակարգով է շարժվում, և Ադրբեջանը հանկարծակի չի կարող հարձակվե՞լ որևէ ուղղությամբ…

Հետաքրքիր է՝ Փաշինյանը մի կողմից բարձրագոչ հայտարարում է, թե ռազմական բյուջե է ավելացնում, մեկ այլ դեպքում բողոքում զինծառայությունից խուսափման փաստերից, բայց իր կառավարությունը նման խայտառակ նախագծեր է շրջանառում, որը վտանգում է զինված ուժերի թվաքանակի աճին և երկրի ու սահմանների անվտանգությանը: Դիտավորությո՞ւն, թե՞ անհաշվարկ քայլ…

Տեսանյութեր

Լրահոս