Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով
Կառավարության այս տարվա առաջին նիստը Նիկոլ Փաշինյանը բացեց հերթական շոուն բեմադրելով. հոխորտաց նրանց վրա, ովքեր ասում են, թե թոշակները չեն բարձրացել։ Հայտարարեց, թե երբեք Հայաստանում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։
«Հետո էլ ասում են՝ թոշակ չի բարձրացել։ Յոթ տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, կասեն՝ թոշակը չեն բարձրացրել»,- անդրադառնալով թոշակների չբարձրացման վերաբերյալ դժգոհություններին՝ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդպիսի բան նախկինում ուղղակի չի եղել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022թ. նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը, որ 2018թ. հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է։
Թե Նիկոլ Փաշինյանի ու «հեղափոխականների» իշխանության գալուց հետո ինչքանո՞վ են բարձրացել թոշակներն ու ի՞նչ է փոխվել թոշակառուի կյանքում, թոշակառուները հաստատ լավ գիտեն, որովհետև այդ ամենն իրենց մաշկի վրա են զգում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով չէ, որ թոշակառուները պիտի դատեն իրենց թոշակների բարձրացման ու կյանքը բարելավելու վերաբերյալ իշխանությունների տված խոստումների իրականացման մասին։ Կյանքը ցույց է տալիս, թե այս ընթացքում ինչքանով են այդ մարդիկ սկսել ավելի լավ ապրել, քան ապրում էին նախկինում։
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր նվազագույն կենսաթոշակի կրկնապատկման մասին է խոսում, բայց չի խոսում միջին կենսաթոշակի մասին։ Այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակը վերաբերում է ընդամենը մի քանի հազար՝ լավագույն դեպքում՝ 15-20 հազար կենսաթոշակառուի, իսկ միջին կենսաթոշակը՝ հարյուր-հազարավորների։
Ոչ թե նվազագույն, այլ միջին կենսաթոշակի չափի փոփոխությունն է ցույց տալիս, թե ինչքանով են վերջին տարիներին ավելացել կենսաթոշակները։
Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի։
Հասկանալի է՝ նա չէր կարող ասել, թե վերջին 7 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է ընդամենը 8,8 հազար դրամով։ Ու բոլորովին էլ էական չէ, թե 7 տարում կենսաթոշակը քանի անգամ է բարձրացվել՝ 5, թե 10 անգամ։
Փաստն այն է, որ կենսաթոշակներն այս ընթացքում չնչին չափով են բարձրացել։ Եվ դա վկայում են պաշտոնական տվյալները, ու կապ չունի, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, որ մինչև ժողովրդին խաբելով ու ժողովրդի կյանքը բարելավելու կեղծ խոստումներով «հեղափոխականների» իշխանության գալը, նույնիսկ դրանից առաջ, 2017թ. վերջին միջին կենսաթոշակը Հայաստանում կազմում էր 40 հազար 296 դրամ։
Հրապարակված ամենաթարմ տվյալներով, անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ միջին կենսաթոշակը կազմել է 49 հազար 171 դրամ։ Քանի որ անցած տարի կենսաթոշակների բարձրացում Հայաստանում տեղի չի ունեցել, բնականաբար, այդպիսին է եղել կենսաթոշակների չափը նաև տարեվերջին։
Ստացվում է, որ 7 տարում կենսաթոշակները Հայաստանում ավելացել են ընդամենը 8 հազար 875 դրամով։ Միջինը՝ տարեկան 1267 դրամով։
Սա է այն ամբողջը, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն արել է 494 հազար կենսաթոշակառուների համար՝ թոշակների բարձրացման առումով։
Կենսաթոշակների փոփոխությունը նույնպիսին կլինի նաև այս մարդկանց իշխանության գալու 8-րդ տարվա ընթացքում, քանի որ այս տարի էլ Նիկոլ Փաշինյանն ու վարչախումբը բյուջեում միջոցներ չեն նախատեսել կենսաթոշակները բարձրացնելու համար։ Կենսաթոշակառուները ևս մեկ տարի ստիպված կլինեն բավարարվել թոշակների այն չնչին ավելացումով, որն արվել է նախորդ 7 տարիների ընթացքում։ Ընդ որում՝ իշխանությունների հայտարարած նաև վերջին տարիների համաշխարհային մակարդակի չտեսնված տնտեսական աճերի ու բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների պայմաններում։
Գլուխ են գովում, որ բյուջեի եկամուտները կրկնապատկել են, իսկ հասարակության ամենախոցելի խմբի՝ թոշակառուների թոշակներն ավելացրել են ընդամենը 8,8 հազար դրամով։
Այսքանից հետո, դեռ հայտարարում են, թե բյուջեն բոլորիս գրպանն է։
Բոլորիս գրպանն է, բայց ծախսում են իրենց հաճույքների համար, իսկ երբ հարցը հասնում է թոշակառուների թոշակներին, ասում են՝ բոլորիս գրպանի փողերը վերջացել են, փող չկա թոշակները բարձրացնելու համար։ Իրենց աշխատավարձերը հարյուր-հազարներով բարձրացնելու, ամեն ամիս պարգևավճար բաժանելու փող կա, իսկ թոշակի բարձրացման փող չկա։
Յոթ տարում 8-9 հազար դրամով թոշակ են ավելացրել, ճոխություն են համարում թոշակառուի համար։ Մոռացել են, թե իրենք որտեղից են եկել, ուր են հասել։
Նույնը նաև նպաստառուների պարագայում է։ Նույնիսկ եղած չնչին նպաստները շռայլություն են համարում նրանց համար՝ որոշել են տասնյակ-հազարավոր նպաստառուների զրկել նպաստներից։
Նրանց հաշվին ծայրահեղ աղքատությունն են վերացնում։ Մեկից վերցնում, տալիս են մյուսին. Այդպես են ծայրահեղ աղքատությունը վերացնում։
Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ ձեր խնդիրն է, որ աղքատ եք, դուք եք մեղավոր, որ աղքատ եք։ Աղքատ եք, որովհետև ծույլ եք, անգրագետ, դպրոցում չեք սովորել, համալսարանում չեք սովորել, գնացեք հիմա սովորեք ու հաղթահարեք ձեր աղքատությունը։ Պետությունը պատասխանատու չէ, որ դուք այդպիսին եք, դուք եք պատասխանատու։
Բոլորը մեղավոր են ու պատասխանատու, բացի իրենցից։ Երևի թոշակառուներն էլ են մեղավոր, որ իրենց թոշակները 7 տարում ընդամենը 8,8 հազար դրամով է ավելացել, դա էլ ամբողջությամբ, մի բան էլ ավել, գնում է գնաճի վրա։
Ինչքան էլ պաշտոնապես հայտարարեն, որ Հայաստանում գնաճ չկա, ցածր է, միևնույն է՝ ինչպես մյուս քաղաքացիները, այնպես էլ կենսաթոշակառուներն իրենց վրա կրում են այն համատարած թանկացումների ազդեցությունը, որը տեսնում ենք հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Դեռ չենք խոսում տարբեր ծառայությունների վճարների բարձրացման միջոցով բազմաթիվ այլ ծախսերի ավելացումների մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ