Բաժիններ՝

««Ակադեմիական քաղաքի» ուրվականը բավականին թանկ ուրվական է, որևէ արդարացում չունի». Նարինե Դիլբարյան

Դեռևս 2023 թվականի հոկտեմբերին Կառավարությունը հերթական նիստում հաստատել էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի մշակումը վստահել են գերմանական «International GmbH Architects and Engineers» ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլին։ Նախորդ տարվա ամռանը նա ասել էր, որ 2029 թվականին կկառուցվի քաղաքի առաջին մասնաշենքը, իսկ ընդհանուր առմամբ «Ակադեմիական քաղաքը» կամբողջացվի 20-30 տարի անց։

Այս ամենին զուգահեռ, նախ Կառավարությունը որոշել է միավորել բուհեր, իսկ այդ բուհերի շենքերը, ինչպես բազմիցս գրել է մամուլը՝ օտարել ու դարձնել հյուրանոցներ։ Ավելին՝ կան բուհեր, որտեղ մի քանի ֆակուլտետներում այս տարի ուսանողներ չեն լինելու, քանի որ դիմորդներ չկան։

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց լեզվի պատմության» ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի բնորոշմամբ՝ այսօր հայաստանյան բուհերում դիմորդների նվազման և դեպի արտերկրի բուհեր մեկնելու դրդապատճառներից մեկը «առասպելական ակադեմիական քաղաքի ուրվականն է»։

Կարդացեք նաև

«Բերել ինչ-որ բաներ են անում, գումարներ են ծախսում, առանց հաշվի առնելու մեր հանրապետության կարիքները։ Այն, որ մենք փոքր հանրապետություն ենք, որտեղ անհրաժեշտ է բոլոր մարզերի բուհերի զարգացումը, ակնհայտ է, մենք բավականին որակյալ ու հին ավանդույթներ ունեցող բուհեր ենք ունեցել Գորիսում, Վանաձորում, Շիրակում, Արցախում։ Փոխանակ այդ փորձն օգտագործելու, այսինքն՝ նպաստելու նրան, որ տվյալ մարզի ուսանողները գնան իրենց մարզային բուհերը, այդ բուհերը հարստացնեն Երևանից մասնագետների պարբերական փոխայցերով, որոշեցին, չգիտես ինչու, «Հայֆիլմի» տարածքը խլել ու «ակադեմիական քաղաք» կառուցել։ Հետո ասում են՝ Աշտարակում նաև փորձում են որոշակի հողեր ճանաչել հանրային շահ, մարդկանցից վերցնել, որ այնտեղ էլ քաղաք կառուցեն»:
««Ակադեմիական քաղաքի» ուրվականը բավականին թանկ ուրվական է, որը որևէ արդարացում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանը նաև նկատեց՝ ո՞վ է ասել, թե բոլոր ուսանողները պետք է ապրեն միասին, քանի որ այդ տարիքի երիտասարդության մեջ կան տարբեր հակումներ, ո՞վ է վերահսկելու։

«Շատ ուսանողներ կան, որոնք ցանկանում են իրենց սովորելուն զուգահեռ՝ նաև աշխատել՝ ուսման վարձը վճարելու համար։ «Ակադեմիական քաղաքում» ուսանելուն զուգահեռ, ի՞նչ է, երիտասարդը պետք է գլխապատառ նետվի այդ տարածքից դուրս, որ հասցնի գնալ աշխատանքի՞։

Օրինակ, Կոնսերվատորիայի ուսանողն ինչո՞ւ պետք է Ֆիզկուլտ ինստիտուտին մոտ ապրի, նա պետք է Օպերային ու Հայֆիլհարմոնիային մոտ ապրի, երաժշտական հիմնարկների մոտ։ Կարիք կա՞ բոլորին լցնել այս ուրվական քաղաքի մեջ, թեպետ կասկածում եմ, որ այդ քաղաքը երբևէ կյանքի կկոչվի։

Բուհերի այս խոշորացումը, մի քանի բուհերի միավորումն ու մեկ ռեկտոր նշանակելը կոտրում է մարդկանց։
Դուք տեսեք, թե Կոնսերվատորիայի համար մղած պայքարն ինչպես նսեմացրեցին, այսինքն՝ ուսանող երիտասարդությունը նսեմացված է զգում, դասախոսների մասին էլ չեմ խոսում, այն թշվառ աշխատավարձը, որը նրանք են ստանում, ուղղակի չնչին գումար է, նրանք իրենց նվիրվածության հաշվին են աշխատում։

Նաև ասեմ՝ դասախոսական կազմը ծերանում է, այն երիտասարդ դասախոսները, որոնք փորձում են իրենց ընտանիքը ոտքի կանգնեցնել, սեփական երեխաներին կրթել՝ բուհերից ուղղակի հեռանում են, որովհետև թշվառ աշխատավարձով որևէ բան չեն կարող անել։ Ի վերջո, ականատես ենք լինում, որ պատմության ուսուցիչը գնում պարեկ է դառնում։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրը պետության քաղաքականության մեջ է»,- ընդգծեց Նարինե Դիլբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս