Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանը գուցե հրաժարվի առավելապես Արևմուտքում բանակցված Երևան-Բաքու փաստաթղթից․ վերլուծաբան

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար (ԱԳ) Հաքան Ֆիդանը 2024 թվականի իր ամփոփիչ մամուլի ասուլիսում մանրամասն անդրադարձել է հարավկովկասյան իրողություններին և Թուրքիայի շահերին՝ ռեգիոնը կարգելով Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան։

Նախօրեին Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններից։ Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ, Հաքան Ֆիդանը նշել է, թե տարածաշրջանում մնայուն խաղաղության համար պատմական առիթ է բացվել։ Ըստ էության կրկնելով Էրդողանին, Ֆիդանը գովել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ այդ հարցում Փաշինյանի դրական, խիզախ պահվածքը աչքի է ընկնում։

Այստեղ, իհարկե, խիստ ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչո՞ւ Թուրքիան փաշինյանական աննախադեպ «խիզախությանը», այն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման, Արցախի հարցը մի կողմ դնելուն, Ադրբեջանի նախապայմաններն ընդունելուն, պատմական Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանը մոռանալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի» վրա կենտրոնանալու վերաբերյալ անթիվ մեկնաբանություններին չի պատասխանում հայ-թուրքական սահմանի բացմամբ, և ինչո՞ւ է Թուրքիայի հովանավորությունը վայելող Ադրբեջանի ղեկավար Ալիևը վերջնագրեր ներկայացնում ՀՀ իշխանություններին։ Թերևս կարևոր է դիվանագիտական ձևակերպումները տարանջատել շահերից ու ռեալ պոլիտիկից, որն արտացոլվում է Ֆիդանի մեկ այլ ձևակերպմամբ՝ «Թուրքիան նշված գործընթացում ուս ուսի առաջ է գնում Ադրբեջանի հետ»։

Կարդացեք նաև

Ֆիդանը նաև պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված մի քանի կետ է մնացել, և Թուրքիան հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրն արդեն 2025-ին կստորագրվի։ «Հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը:
Թուրքիայի աջակցությունը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին՝ Ֆիդանը նշել է. «Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»։

Նա նաև շեշտել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն. «Թուրքիան նշված գործընթացում ուս ուսի առաջ է գնում Ադրբեջանի հետ»,- իր խոսքում մասնավորապես նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ֆիդանը նաև ասել է, որ Հարավային Կովկասը Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան է. «Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը»,- ասել է թուրք պաշտոնյան։ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավման մասին՝ որակելով այն իբր «հայկական կողմի բռնագրավման ավարտ»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 31-ին հեռախոսազրույց էր ունեցել Ֆիդանի հետ։ Միրզոյանն օրերս նշեց, որ շնորհավորել են մեկմեկու և բարեմաղթանքներ հղել Նոր տարվա առիթով, նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր։

«Պատրաստակամություն և՛ մենք, և՛ թուրքական կողմը մշտապես հայտնում ենք և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, և՛ սահմանը բացելու վերաբերյալ։ Ցավոք սրտի, սա ևս հրապարակային փաստ է՝ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ։ Իմ ընկալմամբ և իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել էր Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ նման ընկալում Թուրքիայում դեռ չկա, սակայն շարունակելու են աշխատանքները և երկխոսությունն այս ուղղությամբ և՛ հատուկ բանագնացների, և՛ նախարարների միջոցով, և՛ հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումների մակարդակով։

Մեզ հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիան մեծ թափով սկսում է առաջ մղել իր ծավալապաշտական քաղաքականությունը՝ օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ներկայությունից և վերջինիս դրական վերաբերմունքից Էրդողանի նկատմամբ, որը նկատվեց Սիրիայում թուրքամետ ուժերի հաղթանակից հետո։

Ըստ թուրքագետի, Թուրքիան տարածվել է դեպի Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասում արդեն իսկ ունի ազդեցություն, որը փորձելու է խորացնել տրանսպորտային հանգույցների միջոցով, հիմք ստեղծելով դեպի Կենտրոնական Ասիա ծավալվելու համար։

«Սա թուրքական քաղաքականության առաջիկա աշխարհագրությունն է։ Սա Էրդողանի ճանապարհն է դեպի Օսմանյան կայսրության վերաձևավորում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Թուրքիան անձամբ որևէ դրական կամ բացասական քայլ պատերազմից հետո չի անում Հայաստանի ուղղությամբ, այս գործընթացում առաջին ճակատում պայքարում է Ադրբեջանը, որը Թուրքիայից անընդհատ ստանում է իր աջակցությունը։ Ի դեպ, այս աջակցությունը վերաբերում է գրեթե բոլոր հարցերին և առավելապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցին։ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը կանի անհրաժեշտ զիջումներն Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչը էլ ավելի կթուլացնի ՀՀ սուբյեկտայնությունը, որից հետո կստորագրվի համաձայնագիր, ինչպես նաև կբացվեն սահմանները։

Սակայն այստեղ էական հանգամանքն այն է, որ Թուրքիան Ադրբեջանին կապող երթուղու միջանցքի հարցը մնում է օրակարգում, որից վերջերս խոսեց Իլհամ Ալիևը։ Նա նաև ակնարկեց, որ գուցեև չստորագրի համաձայնագիր։ Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն ընթանալ այլ ճանապարհով, վերաձևեն բանակցվող համաձայնագիրը՝ ներառելով բոլոր հարցերը։ Չէ՞ որ Ֆիդանը խոսում է Հայաստան-Ադրբեջան մշտական համաձայնագրի մասին, ինչը ենթադրում է, որ պետք է այն «փակի» առկա բոլոր խնդիրները կողմերի միջև, իսկ ներկայումս քննարկվող համաձայնագիրն այն չի անում»,- մեկնաբանեց վերլուծաբանը։ Ուստի, նրա խոսքով, չի բացառվում, որ առավելապես Արևմուտքում բանակցված համաձայնագիրը չստորագրվի և դրանում նոր՝ ավելի ծավալուն փոփոխություններ մտցվեն։

Վերլուծաբանը գտնում է, որ հարավկովկասյան, ինչպես նաև հետսովետական կամ եվրասիական տարածքում թուլացող դիրքերին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները փորձում են հավասարակշռող վեկտոր մտցնել՝ Արևմուտքի տեսքով։

«Հայտարարելով ԵՄ անդամակցության ցանկության մասին, այն հաստատելով Կառավարության մակարդակով, Երևանն ակնկալում է լուրջ աջակցություն Արևմուտքի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Սակայն որքանո՞վ է այդ աջակցությունը համապատասխանում Հայաստանի մարտահրավերներին։ Օրինակ՝ ի՞նչ է անում Արևմուտքը հանուն արևմտյան հարթակում բանակցվող համաձայնագրի ստորագրման, ոչի՛նչ, և, ըստ էության, այդ հարցը թողնվել է կողմերին, ինչն իր հերթին՝ նշանակում է, որ Ադրբեջանը շարունակելու է ուժի դիրքից բանակցությունները կամ գործընթացը տանել։ Սա հասկանում են Արևմուտքում, բայց գործընթացը թողել են կողմերին, ինչպես նաև Թուրքիայի համակարգմանը, ինչը ներկայումս ակտիվորեն տեղի է ունենում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի դիրքավորմանը, վերլուծաբանը գտնում է, որ Ռուսաստանը դիվանագիտական ակտիվություն չի ցուցաբերում և առաջիկայում կենտրոնացած է լինելու միմիայն ուկրաինական ճակատի ու ԱՄՆ-ի հետ բանակցությունների վրա։

Իսկ Իրանը, նրա խոսքով, ևս ունենալով գլոբալ մարտահրավերներ, շարունակում է ռեգիոնում թուրքական ազդեցության տարածմանը դիմադրել.

«Սակայն Իրանը միայնակ է, բացի այդ, Իրանի դեմ ճնշումներն ավելանալու են, ինչը անհնար է հաշվի չառնել։ Այս ամենում հետաքրքրող հանգամանքներից մյուսն այն է, թե Թրամփի վարչակարգը ինչ հարաբերություններ կհաստատի պաշտոնական Երևանի հետ։ Արդյո՞ք կլինի նույն հետաքրքրվածությունը ռեգիոնով, ինչ Բայդենի շրջանում, թե՞ ավելի պակաս, ինչը ևս Թուրքիային ավելի մեծ ազատություն կտա։ Այս հարցին դեռ բարդ է պատասխանել, սակայն այդ «պատասխանը» ևս ազդելու է ռեգիոնալ զարգացումների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս