Շրջակա միջավայրին և պետությանը պատճառվել է շուրջ 9 մլրդ դրամի վնաս․ տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2024 թվականին իրականացրել է շուրջ 400 ստուգում, որը 2023-ի համեմատ 100-ից ավելի է։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի իրենց առջև հավակնոտ ծրագրեր են դնում, և ստուգումների քանակի ավելացումը որակի վրա չի ազդել։

«Ունենալով նույն անձնակազմը, նույն քանակի աշխատողներ՝ կարողացել ենք ավելացնել ստուգումների քանակը և պահպանել որակը։ Մի կողմից աշխատանք է տարվել մեր աշխատակիցների մասնագիտական ունակությունների զարգացման ուղղությամբ, մյուս կողմից թարմացրել ենք աշխատանքային գործիքակազմը։ Աշխատանքներում ներառել ենք թվային գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս որոշ ոլորտներում առավել արդյունավետ ստուգումներ իրականացնել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Որպես օրինակ, տեսչական մարմնի ղեկավարը նշեց ընդերքօգտագործման ոլորտում օրթոֆոտոհատակագծերի, լազերային սկանավորման համակարգերի կիրառումը։ Վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարվել են ստուգումներ։ Նոր գործիքակազմով ամբողջ հանքավայրում հնարավոր է եղել ստուգումներ անցկացնել 3-4 աշխատանքային օրում։ Այնինչ, նախկին գործիքակազմով այդ աշխատանքը կատարելու համար ամիսներ կարող էին պահանջվել։ Խոսելով ռիսկային ուղղություններից՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ընդերքօգտագործման, ջրօգտագործման, անտառային տնտեսության, շինարարության և այլ ոլորտները։ Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է շրջակա միջավայրին և պետությանը պատճառված 8 մլրդ 821 մլն դրամի վնաս։

2023 թվականին այս ցուցանիշը եղել է 5 մլրդ 176 մլն դրամ։ «Ջրօգտագործման ոլորտի խախտումներից կուզենայի նշել, որ 2024 թվականին կայացրել ենք գործունեության կասեցման 101 որոշում, որից 79-ը վերաբերում է ջրօգտագործման ընկերություններին կամ ֆիզիկական անձանց։ Միայն ապօրինի ջրառ իրականացնելու հետևանքով կայացրած կասեցման 44 որոշումով կանխվել է տարեկան կտրվածքով մոտ 11 մլն խմ ջրի վատնում»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Տարվա ընթացքում տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել շինհրապարակներում փոշու արտանետումների ու դրանց կանխարգելման միջոցառումները։ 2024 թվականին Երևանի շինարարական կազմակերպություններում իրականացվել է 52 ստուգում։ Դիտարկվել են բաց տարածքներում շինանյութերի վաճառքի այն կետերը, որոնք օդի աղտոտման աղբյուր են։ Տվյալները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանին։ Կատարվել է նաև օդի նմուշառման 86 լաբորատոր հետազոտություն, 22 դեպքում արձանագրվել են նորմայի սահմաններից գերազանցումներ։

Տեսանյութեր

Լրահոս