«Ցավոք, մարդկանց կյանքն ավելի է բարդանալու, ու աղքատության մակարդակն այս ֆոնին աճելու է». Կարեն Չիլինգարյան
Այս տարվանից սկսած թանկանալու է ոչ միայն հանրային տրանսպորտի ուղեվարձը, գույքահարկը, այլև աղբահանության վճարը։
Աղբահանության վճարի բարձրացման վերաբերյալ որոշումը Երևանի քաղաքապետարանն ընդունեց 2024թ. վերջին։ Այսպիսով՝ աղբահանության վճարը կհաշվարկվի՝ ըստ տան, առանձնատան, բնակարանի մակերեսի, 1 քմ-ի դիմաց՝ 13 դրամ: Նախկինում աղբահանության համար մարդիկ մեկ շնչի համար վճարում էին 200 դրամ։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ աղբահանության վճարի բարձրացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է։
«Տնտեսվարողը գուցե կարողանա այդ բարձրացրած արժեքով վճարել, բայց, օրինակ, թոշակառուն կամ սովորական քաղաքացին ինչպե՞ս վճարի։
Օրինակ, մարդիկ կան, որոնք մի քանի հոգով բնակվում են 80-100 քմ տարածքում, երեխաներին ամուսնացրել են ու ամուսիններով շարունակում են բնակվել այդ մեծ տանը, ինչո՞ւ պետք է նրանք 100 քմ-ի համար վճարեն 1300 դրամ՝ յուրաքանչյուր ամիս։ Կարո՞ղ են ասել՝ այստեղ ո՞րն է տրամաբանությունը, պետք է մնար ըստ շնչի։ Օրինակ, կան բնակարաններ, որտեղ բնակվում են 6 հոգի, բայց տարածքը 60 քմ է, ստացվում է, որ նրանք ավելի շատ աղբ կհանեն, բայց քիչ կվճարեն։ Եթե ըստ շնչի՝ դարձնեին 250-300 դրամ, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց ըստ քառակուսի մետրի թանկացնելն աբսուրդ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Չիլինգարյանը։
Նրա կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում ինչ արվում է, արվում է ի վնաս սպառողի ու նրա իրավունքների։ Վերջին տարիներին նաև որևէ նման հարց չի քննարկվում ոլորտի փորձագետների հետ, նրանց կարծիքը հաշվի չեն առնում որոշումներ ընդունելիս։
Ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, ապա Կարեն Չիլինգարյանն ասաց, որ ամեն տարի գույքահարկը բարձրացնում են, հաջորդ տարի ևս բարձրացնելու են։
«Եթե մի 5 տարի առաջ գույքահարկի համար մարդիկ վճարում էին 1000 դրամ, հիմա վճարում են 5000 դրամ, հաջորդ տարի ավելի բարձր են վճարելու։ Ընդհանուր հանրագումարով, եթե այս ամենը վերցնում ենք, ապա տեսնում ենք, որ սպառողն այստեղ տուժում է»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ մարդիկ միշտ բողոքում են, ընդվզում, բայց նրանց լսող չկա, մինչդեռ, եթե լսեին հանրության բողոքը, ապա նման անհեթեթ որոշումներ չէին ընդունի։
«Ցավոք, մարդկանց կյանքն ավելի է բարդանալու, ու աղքատության մակարդակն այս ֆոնին աճելու է, խնդիրները շատ են, բայց պատկան մարմինները սխալ ճանապարհով են գնում՝ փոխարենը դրանք լուծելու ճանապարհով գնան»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։