ԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն
ԱՄՆ-ի տարածքի հսկայական մասում ձմեռային ուժեղ բուք է։ Կանզասից մինչև Նյու Ջերսի բուքի մասին նախազգուշացումներ են ստացել ավելի քան 60 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
FlightAware կայքի տվյալներով՝ հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, այդ թվում՝ ավելի քան 275 Կանզաս Սիթիի և Սենթ Լուիսի օդանավակայաններում։
Կանզասի, Կենտուկիի, Արկանզասի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգապետերը արտակարգ դրություն են հայտարարել։
Ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ Կանզասում և Միսսուրիի հյուսիս-արևմուտքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհային տեսանելիությունը շատ թույլ է։
Կանզասի միջպետական 70 մայրուղին ամբողջությամբ փակվել է ձյան և մերկասառույցի պատճառով։ Միսսուրիի նահանգային ոստիկանությունը 50 մղոն երկարությամբ փակված հատվածներում որոնողական աշխատանքներ էր կատարում՝ արգելափակված վարորդներին գտնելու համար։
Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել էին մոտ 600 արգելափակված վարորդ, արձանագրվել է 285 վթար։Ակնկալվում է, որ Հարավային Օհայոյից մինչև Վաշինգտոն կտեղա 15-ից 30 սմ ձյուն։ Բուքի հետևանքով Արկանզասում, Լուիզիանայում, Միսիսիպիում և Ալաբամայում ուժեղ ամպրոպներ են գրանցվել, որոնք կարող են տորնադոներ առաջացնել։
Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ փոթորիկի ավարտից հետո հունվարի 6-ին կսկսի տարածվել արկտիկական սառը օդային զանգված։