Ինչո՞վ են վտանգավոր խանութներում վաճառվող հյութերը
Քաղցրահամ ըմպելիքները կրկնակի ավելացնում են սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը, համոզված են գիտնականները: Նրանք նշում են, որ նույնը չի կարելի պնդել քաղցր սննդի մասին:
Վտանգը հատկապես մեծ է 45 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար, համոզված են Սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի գիտնականները:
Ուսումնասիրվել է 45-ն անց տարիքի ավելի քան 18 հազար մարդ: 6 տարի շարունակ նրանք պարբերաբար հարցաշար են լրացրել իրենց սննդի, օգտագործվող շաքարի, գազավորված ըմպելիքների ու մրգահյութերի, քաղցրեղենի, չոր նախաճաշերի մասին:
Պարզվել է, որ օրական ավելի քան 700 գրամ քաղցրահամ խմիչք օգտագործողների առողջությունը կրկնակի հակված է եղել սրտանոթային հիվանդությունների, քան նրանց, ովքեր չեն օգտագործել քաղցրահամ խմիչքներ:
Գիտնականների կարծիքով՝ այդ հետազոտությունը պետք է հիմք տա բժիշկներին հիվանդների զննության ժամանակ անպայման հարցնել, թե որքան քաղցր խմիչք են օգտագործում: Միևնույն ժամանակ, բժիշկները պետք է բացատրեն, թե ինչ վտանգներ կան այդ խմիչքներում թաքնված:
«Մենք գիտենք, որ բժիշկները սովորաբար չեն հարցնում հիվանդներին նրանց կենսակերպի ու սննդակարգի մասին: Հիվանդներին էլ թվում է, թե դա առանձնապես կարևոր չէ: Հենց միայն արդեն քաղցր խմիչքների օգտագործման մասին հարցը կարող է զգոնացնել հիվանդին»,- ասել է բժիշկ Ժան Ուելշը:
Այդ հետազոտության արդյունքները ընդհանուր եզրեր ունեն ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին կատարված հետազոտությունների հետ, որոնցում ապացուցվել էր, որ քաղցր, գազավորված խմիչքների հաճախակի օգտագործումը հանգեցնում է հիշողության թուլացման:
Հղիության շրջանում գազավորված ու մրգային ըմպելիքներ օգտագործող կանայք կարող են ծննդաբերել գիրության հակված երեխաներ: Այս դիտարկումն արվել է 1078 մայրերի ու երեխաների դեպքում: Հետազոտվող երեխաների 25 տոկոսն արդեն դպրոցական տարիքում ավելորդ քաշ է ունեցել:
Բայց ամեն ինչ կարելի է փրկել ցանկացած պահի: Գազավորված ու քաղցր հավելանյութերով խմիչքների փոխարինումը ջրով, ցանկացած պահի կարող է դրական ազդել առողջության վրա, կարծում են գիտնականները: Իդեալական տարբերակը կլինի այն, որ բոլոր գազավորած խմիչքները վերանան սննդակարգից կամ փոխարինվեն առանց շաքարի թեյով, սուրճով կամ թարմ քամած բնական մրգերի ըմպելիքներով:
Դա կլինի իդեալական հավելում ճիշտ սննդակարգին, որը պետք է ներառի թարմ միրգ ու բանջարեղեն, ձկնեղեն, ընդեղեն, թռչնամիս: Այդ ամենը միասին կկանխեն բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետը, կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունները, լեղաքարային հիվանդությունները և արյան ճնշման տատանումները: