Տեր Հուսիկը՝ Սուրբծննդյան տոնակատարությունների և դրանց խորհրդի մասին

«Ճրագալույցի պատարագը սկսվում է հունվարի 5-ին, 16:30-17:00-ի մոտակայքում, երբ Սուրբծննդյան ավետիսն է տրվում: Երբ մոգերը տեսան աստղը և իմացան, որ Փրկիչը ծնվել է, բայց դեռ Նրան չտեսան, այս խորհրդով կատարվում է Ճրագալույցի պատարագը, որի ժամանակ հավատացյալները նախ մասնակցում են Պատարագին, որովհետև երբ երկրագնդի վրա մի իրողություն կա, երբ երկինքը բացված է, և Աստծո հետ ես շփվում, դա Պատարագն է: Պատարագին մասնակցելով՝ ամեն մեկը Ծննդյան լույսն է տանում իր տուն, իր տան մեջ ունենալով Սուրբ ծննդի լույսը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

Նա նշեց, որ հունվարի 6-ի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան պատարագ, որի ժամանակ կատարվում է Ջրօրհնեքի արարողություն. «Ջուրն օրհնում ենք մյուռոնով, սուրբ խաչով, որոշ եկեղեցիներում՝ մասունով: Մեր եկեղեցու խորհրդի համաձայն, մեր Տերն իր ծննդյան օրը եկավ նաև Հորդանան՝ մկրտվելու: Մկրտվելով՝ սրբեց ջրերը, և մեր աղոթքներում ասում ենք՝ ինչպես որ եկար Հորդանան, սրբեցիր ջուրը, այս ջուրն էլ սրբիր՝ այս մանկան մկրտության համար: Այս ավանդությամբ Ջրօրհնեք ենք բաժանում և օրհնված ջուրը բաժանում մեր ժողովրդին: Երուսաղեմի պատրիարքության ներկայությամբ էլ Հորդանանում ամսի 6-ին կատարվում է Ջրօրհնյաց արարողություն և ամեն եկեղեցում Ջրօրհնեքի մասնակցելով՝ մասնակցում ենք նաև այս արարողությանը: Օրհնված ջուրը մեր տուն տանելով՝ սրանով էլ մասնակից ենք լինում մեր Փրկչի մկրտությանը: Աստվածհայտնություն ենք ասում, որովհետև մեր Տերը թե՛ իր ծնունդով մարմնապես հայտնվեց, թե՛ Հորդանանում մկրտվելով, երբ այլևս մեր Տերը պետք է սկսեր իր քարոզչական այս ընթացքը և երկնքից ձայն լսվելով, որ՝ «Դա է իմ սիրելի որդին, նրան հետևեք», և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Որդի Աստծո վրա, և այստեղ էլ Սուրբ Երրորդությունը հայտնվում է, դրա համար էլ ասում ենք՝ Աստվածհայտնություն»:

Քահանայի խոսքով՝ օրհնված ջրի վրա ամբողջ տարի ջուր ավելացնելով՝ կարելի է այն ըմպել. «Կստացվի, որ ամբողջ տարի՝ մինչև հաջորդ Ջրօրհնեք, մենք կունենանք օրհնված ջուր, ինչպես մածունն են մերում»:

Կարդացեք նաև

Հունվարի 7-ը Մեռելոց է: Տեր Հուսիկը տեղեկացրեց, որ այդ օրը կատարվում է Մեռելոց պատարագ, որի ավարտին հատուկ աղոթքի կարգ է կատարվում. «Աղոթք ենք բարձրացնում և Աստծուց ողորմություն խնդրում մեր ննջեցյալների համար, որպեսզի Աստված ողորմած լինի և նրանց լուսեղեն խորաններում հանգիստ շնորհի, և այնուհետև գնում ենք գերեզմաններ՝ խունկ ծխելու և մեր աղոթքն այնտեղ անելու»:

Սուրբծննդյան տոնակատարությունների շարքում է նաև Տնօրհնեքը, որը, քահանայի խոսքով՝ կատարվում է տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբծննդյան և Սուրբ Զատկի տոնակատարությունների շրջանակում, չհաշված նոր տուն տեղափոխվելը:

Գործող իշխանությունների օրոք՝ Մեռելոցը դարձել է աշխատանքային օր, որի արդյունքում հավատացյալները ստիպված են լինում տաղավար տոներին այցելել գերեզմաններ: Տեր Հուսիկը հորդորում է հավատացյալներին՝ տաղավար տոներին նախ Սուրբ պատարագի մասնակցել՝ գիտակցելով Պատարագի, ապաշխարության, Սուրբ Հաղորդության խորհուրդը. «Եթե Մեռելոցներին չեն կարողանում լինել եկեղեցում, կարող են այդ օրերին մոտ հոգեհանգստի արարողություն պատվիրել: Տաղավար տոներին հորդորում ենք գերեզմաններ չգնալ, որովհետև տոնը պետք է տոնել՝ չշեղվելով դրանից: Բայց եթե ստիպված ենք գերեզմաններ գնալ, իմ հորդորն այն է, որ դա չխանգարի Պատարագին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս