«Սա էլ կանցնի. Մայր Աթոռը կանգուն կմնա». Տեր Եսայի

Այսօր՝ հունիսի 22-ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր որոշել են «Զվարթնոց» տաճարից երթ կազմակերպել դեպի Մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ շաբաթը հագեցած էր տոներով, որոնք ներկայացնում էին իրողությունները՝ պատամական ու հոգևոր իրենց խորհուրդներով, որոնք տեղի են ունեցել Արարատյան դաշտում՝ Հռիփսիմյանց, Գայանյանց, սուրբ Շողակաթի տոնը, և այսօր ամփոփովում է  Արարատյան շաբաթը։

«Տոնը մշտապես մեր ժողովրդի, հավատացյալների համար եղել է ուխտագնացության օր, պարզապես այս տարի բացառիկ է այն առումով, որ այսօր այդ առիթով հանվել են 7 սրբություններ, որոնք պահվում են Մայր Աթոռում՝ ժողովրդի երկրպագության համար։ Այսօր ունենք հոծ խմբեր, ուխտավորներ, որոնք գալիս են Մայր Աթոռ՝ մասնակցելու պատարագին ու երկրպագելու սրբություններին»,- նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Կարդացեք նաև

168.am-ը Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց՝ այս տարի տոնն ընթանում է մի պայմանում, երբ իշխանություներն ակնհայտորեն հարձակում են գործել Առաքելական եկեղեցու վրա, դրանով ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել, Տեր Եսային պատասխանեց, որ դժվար է մեկ բառով նկարագրել՝ ինչ խնդիր են լուծում։

«Այս ամբողջ ընթացքը վերջին այս ամիսներին, կամ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են և տարբեր առիթներով Մայր Աթոռը հանդես է եկել և իր դիրքորոշումն արտահայտել է։ Պարզապես պետք է արձանագրենք, որ ցավալի է, երբ մեր իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ։ Բայց գիտեք, որ Մայր Աթոռը, Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ կանգնած է եղել ամուր և դա վկայությունն է մեր հաղթանակած ոգու, հոգու ամրության, ամուր դավանանքի։ Կարծում եմ՝ այս փորձություններն էլ կանցնեն, այսօր մեզ համար շատ ավելի կարևոր է Էջմիածնի խորհրդով զորացած շարունակենք մեր կյանքը կերտել, մեր հայրենիքը ավելի ամուր, հաստատուն պահել, նաև մեր հոգևոր կյանքն ավելի անվտանգ դարձնել»,- նշեց նա։

Տեր Եսային նաև ասաց, որ վերջին շրջանում նկատում են, որ մարդկանց հոսքը դեպի եկեղեցիներ ավելի է մեծացել։

Նա նաև հավելեց՝ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես իր առաքելությունը կատարել է և այստեղ որևէ փոփոխություն չի եղել։

Նա ընդգծեց, որ անկախ բոլոր տեսակի ճնշումներից Եկեղեցին իր առաքելությունը կատարում է, և դա անում է առանց վախի և առանց ընկրկելու։

«Ոչ ոքի չի հաջողվելու ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում, որովհետև թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ հոգևորականները միաբան են, և էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու»,–ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս