«Ճրագալույցի պատարագը սկսվում է հունվարի 5-ին, 16:30-17:00-ի մոտակայքում, երբ Սուրբծննդյան ավետիսն է տրվում: Երբ մոգերը տեսան աստղը և իմացան, որ Փրկիչը ծնվել է, բայց դեռ Նրան չտեսան, այս խորհրդով կատարվում է Ճրագալույցի պատարագը, որի ժամանակ հավատացյալները նախ մասնակցում են Պատարագին, որովհետև երբ երկրագնդի վրա մի իրողություն կա, երբ երկինքը բացված է, և Աստծո հետ ես շփվում, դա Պատարագն է: Պատարագին մասնակցելով՝ ամեն մեկը Ծննդյան լույսն է տանում իր տուն, իր տան մեջ ունենալով Սուրբ ծննդի լույսը»:
Տիեզերական հավերժության մեջ առկայծող երկրային ժամանակն իր ամենամյա շրջափուլով արտացոլում է տարվա ավարտն ու նոր սկիզբը: Շրջափուլ, ուր ամփոփվում է մարդու կատարած գործերի արդյունքը, որն ուրվագծում և ձևավորում է նոր տարվա սերմերը, որոնք Փրկչի ծննդյան լույսի ճառագայթներից ծլարձակում են: Ամանորյա ամենամեծ պարգևը մարդու փրկության հույսի մարդեղացումն է, երբ երկնքում մի ժամանակ փայլեց արտասովոր աստղը՝ վկայելով Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի ծննդյան լուրը, Ում սպասում էին դարեդար, և այժմ էլ քրիստոնյաները սպասում են Նրա վերադարձին: