Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանից նամակ չի ստացել
Հոկտեմբերի վերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նամակով կդիմի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցն ուղարկած կլինեն համապատասխան գերատեսչություններ, թեպետ ի սկզբանե զեկույցի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերին:
Դեկտեմբերի 12-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ ճշտելու, թե 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվե՞լ է գերատեսչություններին և կոնկրետ ո՞ր գերատեսչություններին է ուղարկվել, և արդյո՞ք ԱԺ նախագահին զեկույցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու նամակն ուղարկվել է, եթե ոչ, ապա ե՞րբ է ուղարկվելու:
Դեկտեմբերի 16-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից պատասխան գրություն էինք ստացել, որտեղ բացակայում են մեր շատ պարզ հարցադրումների պատասխանները:
«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր հարցադրումների պատասխանները կստանաք ԱԺ առաջիկա լիագումար նիստերի ընթացքում»,- նշվում է հանձնաժողովի պատասխանում:
Թե ինչո՞ւ էր Անդրանիկ Քոչարյանն այդ անգամ խուսափել կամ կաշկանդվել հարցին ուղիղ պատասխանից, կարելի էր միայն ենթադրել, օրինակ, որ այս անգամ ևս չի պահել իր խոստումը` կապված 44-օրյայ պատերազմին առնչվող զեկույցի ներկայացման հետ:
Ուստի 168.am-ը դեկտեմբերի 25-ին գրավոր հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` տեղեկանալու, թե արդյո՞ք ստացել է Անդրանիկ Քոչարյանի նամակը` քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու:
Դեկտեմբերի 30-ին մեզ ուղարկված գրության մեջ` ԱԺ նախագահի մամուլի խոսնակի ստորագրությամբ, նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից նամակ չի ստացել:
Իսկ մենք մեր գրավոր հարցման մեջ նաև հիշեցրել ենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը սահմանում է` «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում», և հարցրել` ԱԺ նախագահին Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվե՞լ է, և 2025 թվականի հունվարին կամ ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում զեկույցի քննարկման հարց կա՞:
Ավելին, մենք փորձել ենք ԱԺ նախագահի կարծիքը լսել` «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտումներ արձանագրե՞լ է կապված Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտված-չավարտված լինելու, զեկույցի պատրաստ լինել-չլինելու և զեկույցը ներկայացնելու հետ:
Մեր այս հարցադրումներին ԱԺ նախագահը` խոսնակի միջոցով պատասխանել է հետևյալը.
«Երկրորդ հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ԱԺ 9-րդ գումարման 9-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ նիստերի օրակարգերը կհրապարակվեն ԱԺ պաշտոնական կայքի (www.parliament.am) «Նիստեր» բաժնի «Նիստերի օրակարգեր» ենթաբաժնում:
Երրորդ հարցի վերաբերյալ նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահը Քննիչ հանձնաժողովից դիմում չի ստացել, հետևաբար «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետն այս դեպքում չի կարող կիրառվել»:
Պետք է նկատել, որ ԱԺ նախագահը վերջին հարցադրումներին պատասխանելիս, ըստ էության, այսպես ասած, շրջանցումներ է թույլ տվել: Բայց փաստ է, որ Անդրանիկ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ խախտում է իր խոստումը և նախատեսված ժամկետում չի ներկայացնում 44-օրյային առնչվող զեկույցը: