Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում. Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան դարձել է մոնստր պետություն, ու դա՝ ՀՀ իշխանությունների շնորհիվ։ Արցախն առաջին արգելքն էր, որ հաղթահարեց Թուրքիան, դրանից հետո ավելի հեշտ էր նրա համար… Սիրիան՝ վառ օրինակ։ Հիմա թուրքական արգելքը հաղթահարելը շատ բարդ է։ Սիրիայում դրության տերն այլևս Թուրքիան, ԱՄՆ-ը և Իսրայելն են։ Աշխարհը, Արցախը զոհելով, բախվեց թուրքական ծավալապաշտության հետ։ Արցախն էր պետք աշխարհին, ոչ թե աշխարհն Արցախին։ Թուրքերը քացով բացեցին այս տարածաշրջանի դուռն ու ներս մտան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը:
Վերջինս նկատեց՝ արևմտյան դեմոկրատիան իր համար արևմտյան բայրաքթարներն են:
«Ընդամենը տարիներ առաջ ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչ հռչակված մարդուն, որի գլխագին նույն ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար էր հայտարարել, խոստացել պարգևատրել այդքան գումարով, ով կասի նրա տեղը, այսօր կարգել են Սիրիայում առաջնորդ։ Անբարո խաղի օրենքներ են»,- ասաց նա:
Թուրքագետը նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ֆուտբոլային դիվանագիտությունը տարածաշրջանի համար կենսական հարց է լուծել:
«Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: