Շինարարության բումն ավարտվում է պետական բյուջեի վրա ծանր բեռով
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը տպավորություն են ստեղծել, թե նախկինում Հայաստանում ոչինչ չեն կառուցել՝ ո՛չ ճանապարհ, ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ շենք ու շինություն, ամեն ինչ ավերակ է եղել։ Իրենք եկան՝ Հայաստանը հանեցին ավերակներից, վերածեցին մեծ շինհրապարակի։ Անվերջ կառուցում են ու վերակառուցում։
Ամենուրեք ճանապարհներ են ասֆալտապատում, տասնյակ տարիներով չվերանորոգված գյուղական ճանապարհներն են վերանորոգում, դպրոցներ ու մանկապարտեզներ են հիմնում, հիմնանորոգումներ են անում։
Բնակարանային շինարարությունն է բումի մեջ։ Ամեն քայլափոխի բնակելի շենքեր են կառուցվում։
Բայց արի ու տես, որ այս համատարած շինարարական «բումի» մեջ, հիմա Հայաստանում անհամեմատ ավելի քիչ շինարարություն է իրականացվում, քան իրականացվում էր անգամ տասնյակ տարիներ առաջ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա 10 ամսում Հայաստանում 484 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել։ Այդ թվում՝ պետական բյուջեի գումարներով, միջազգային կառույցների վարկային ծրագրերով, կազմակերպությունների ու բնակչության միջոցներով։
Այնինչ, ասենք՝ 2008թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 685 մլրդ դրամի շինարարություն՝ 201 միլիարդով ավելի, քան այս տարի։
Նույնիսկ 2007թ. էր Հայաստանում ավելի շատ շինարարություն իրականացվել։
Դեռ չենք հաշվում գնաճի ազդեցությունը. Դրամի գնողունակությունը տարիներ առաջ շատ ավելի բարձր էր, գուցե կրկնակի-եռակի ավելի բարձր, քան այսօր է։
Հիմա պատկերացրեք դրամի արժեքը 16 տարի առաջ ու այժմ, նաև շինարարության գինը ու կհասկանաք, թե ինչ հսկայական տարբերություն կա այն ժամանակ ու հիմա իրականացված շինարարության ծավալների միջև։
Այսօր իրականացվող շինարարությունն իր ծավալներով գրեթե համարժեք է ճգնաժամային 2009թ. ծավալների հետ։
Այսքանից հետո, այնպես են խոսում, կարծես նախկինում Հայաստանում շինարարություն չի իրականացվել, ոչինչ չի կառուցվել, միայն իրենք են կառուցում։
Հայտնի է, թե վերջին տարիներին իրականացված շինարարությունն էլ հիմնականում ինչի շնորհիվ է եղել։ Զարմանալի չէ, որ հաջորդ տարվանից ուժի մեջ մտնող հիփոթեքային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի հետվերադարձի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու որոշումն արդեն սկսել է թողնել իր ազդեցությունը։ Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների աճն էապես դանդաղել է։ Մի պահ կար, նույնիսկ նվազում էր արձանագրում։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարելու է գործել։ Նոր շինթույլտվությունների պարագայում այլևս հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձ չի լինելու։
Այնինչ՝ վերջին 2-3 տարիներին Հայաստանում կատարվող ակտիվ շինարարությունը կապված էր առաջին հերթին կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանային շինարարության հետ։ Ով, որտեղ պատահի՝ շենք է կառուցում, ինչն էլ հանգեցրել էր շինարարության ծավալների ավելացման։
Թվում է, թե այս տարի էլ բնակարանային շինարարության պակաս չկա, բայց ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների աճը գրեթե դադարել է։
Այս տարվա առաջին 10 ամիսներին աճը կազմել է ընդամենը 3,9 տոկոս։ Նախորդ տարի 31 տոկոս էր։
Աճի տեմպը 8 անգամով ընկել է։
Կազմակերպություններն ընդհանուր առմամբ այս տարի 236 մլրդ դրամի կամ գրեթե 600 մլն դոլարի շինարարություն են իրականացրել՝ հիմնականում վարկերով։ Դրանով է պայմանավորված, որ վերջին տարիներին շինարարության ոլորտի բանկային վարկերն էապես ավելացել են։ Միայն այս տարի շինարարությանն ուղղված վարկային միջոցներն ավելացել են գրեթե 400 մլն դոլարով։ Աճը կազմել է գրեթե 33 տոկոս։
Վարկային շուկայում սա ամենաբարձր աճն արձանագրած հատվածն է։
Բանկերի վարկային պորտֆելը շինարարության մեջ այսօր ավելի մեծ է, քան ամբողջ արդյունաբերության մեջ։ Այն հասել է 1,6 մլրդ դոլարի։
Այս գումարներն են, որոնք խթանել են կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարությունը։ Բայց դրա ժամանակն էլ է ավարտվում, սկսվում է պասիվության շրջանը։
Հաջորդ տարի այն ավելի կխորանա, երբ Երևանում ընդհանրապես դադարի գործել հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Ծրագիր, որը լուրջ գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար։ Դրա շրջանակներում տարեկան բազմամիլիոն դոլարներ են հատկացվում՝ բնակարանների շահառուների եկամտային հարկը վերադարձնելու համար։
Արդեն այս տարի բյուջետային գումարը կարող է հասնել ընդհուպ 200 մլն դոլարի։ Կառավարությունն աստիճանաբար բախվում է այն սպասարկելու դժվարությունների հետ, հատկապես, երբ բյուջեում եկամտային ճեղքեր են սկսել առաջանալ։
Տարիներ պահանջվեց հասկանալու համար, թե ինչ արկածախնդրության են գնացել, ռիսկի առաջ են կանգնեցրել պետությանը։ Դեռ երկար տարիներ պետական բյուջեն ստիպված կլինի միլիոնավոր դոլարներ վճարել՝ տրամադրված հիփոթեքային վարկերի եկամտային հարկերը վերադարձնելու համար։ Այս գումարների ու վարկերի հաշվին է եղել շինարարության ակտիվությունը։ Պատահական չէ, որ Երևանում ծրագրի դադարեցման որոշումից հետո, կազմակերպություններն աստիճանաբար սառեցնում են իրենց մասնակցությունը։
Շինարարության նկատմամբ նախկինի նման պասիվ են օտարերկրյա ներդրողները։ Վերջին տարիներին այս պրոցեսների մեջ արտաքին կապիտալի մասնակցությունը շատ փոքր է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս արտաքին կապիտալի վստահությունը Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։
Այս տարվա 10 ամիսներին շինարարության մեջ ընդամենը 3,5 մլն դոլարի օտարերկրյա ներդրում է կատարվել։ Այն կազմել է կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ընդամենը 0,5-0,6 տոկոսը։
Տարիներ առաջ օտարերկրյա կապիտալը շատ ավելի մեծ վստահություն ուներ ու ակտիվություն էր ցուցաբերում Հայաստանում իրականացվող շինարարության նկատմամբ։ Որպեսզի պատկերացնեք, ասենք, որ 2017թ. առաջին 10 ամիսներին օտարերկրյա ներդրումները շինարարության մեջ անցնում էին 74 մլն դոլարից։ Այս տարի 20-21 անգամով պակաս են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ