Ուղեղի հակառակ կողմից

Հայաստանի նախկին նախագահների հետ Արցախի հարցի շուրջ բանավիճելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, իր ողջ հակապետականությամբ ու հակաբանականությամբ հանդերձ, նաև հակաբարոյական էր։

Այդ առաջարկով նա վերջնականապես ապացուցեց պատերազմից հետ իրեն տրված այն գնահատականների ճշմարտությունը, որով նրան համեմատում էին խուցպայի հետ։ Խուցպա անվանում են այն երևույթը, երբ ծնողներին սպանած հանցագործը դատարանում խնդրում է իրեն արդարացնել՝ պատճառաբանելով, որ որբ է։

Ճիշտ նույն կերպ՝ Արցախը հանձնած, իմա՝ Արցախի հայկականությունը սպանած Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի և հիմա՝ բանավեճ առաջարկելով՝ փորձելու էր իրեն արդարացնել, քանի որ ուղղակի սխալվել է։ Նա այդպես՝ սխալ է անվանում իր իսկ մանիպուլյատիվ պնդումը, թե ինքը միայն նոր է հասկացել, որ «1994 թվականից հետո Ղարաբաղյան հարցով բոլոր բանակցությունները եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու հարցով»։

Այս պատմության մեջ նա իրեն դիրքավորում է՝ որպես «զոհ», որի միակ մեղքը «սխալ լինելն էր»։ Խոսքը, սակայն, մարդու մասին է, ով խոստովանել է աշխարհի խոշոր պետությունների ղեկավարների հետ շփումներում իրեն «գժի տեղ դնելու» կարողության մասին և դա ներկայացրել է՝ որպես իմաստնություն։

Կարդացեք նաև

Նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով՝ Փաշինյանը կարող է հետապնդել ամենատարբեր նպատակներ՝ սկսած ներքաղաքական օրակարգի գեներացումից ու Արցախի կորուստն այլոց վրա բարդելուց, մինչև նախկին նախագահների անունները շոշափելով` ադրբեջանական թեզերի շրջանառում։

Բայց անկախ նպատակներից, Փաշինյանի այս առաջարկը վկայում է նրա մտածողության, աշխարհընկալման խեղման մասին, որի շարունակությունը շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում պետության համար, քան վերջին սոցցանցային սրացումները։ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին հրավիրում է ոչ թե քննարկման, երկխոսելու, խորհրդակցելու, այլ բանավեճի, այսինքն՝ հակադրության։ Հրավիրում է՝ ոչ թե ճշմարտություններ բացահայտելու, այլ սեփական «ճշմարտացիությունն» ապացուցելու համար։ Այսինքն՝ նա Հայաստանի նախկին նախագահներին դիտարկում է՝ որպես Արցախի հարցում իր հակառակորդներ, որոնց, ըստ իր պատկերացման, պետք է հաղթի հրապարակային բանավեճում՝ ապացուցելով, թե ի վերջո ինչու է հանձնել Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կազմում։

Միևնույն մարդը, սակայն, Ադրբեջանի նախագահի հետ, արդեն չորս տարի է՝ բանակցում է «խաղաղության պայմանագրի» շուրջ։ Այս երկու զուգահեռ իրականություններում է Հայաստանի պետականությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը։ Երկիրը ղեկավարում է մարդ, ով, ինչպես գրեթե բոլոր կենսական հարցերում, գործում է հակառակ տրամաբանությամբ ու հակառակ հաջորդականությամբ։

Այլ պետությունների հետ հակամարտություն ունեցող ցանկացած երկրի ղեկավար նախ փորձում է հասնել ներպետական, ներհանրային հաշտության՝ այդպիսով բարձրացնելով պետության դիմադրողականությունը՝ արտաքին աշխարհում, հակամարտ կողմերի հետ ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Նա ամեն ինչ անում է ներքին թշնամանքն ավելացնելու, ներհանրային պառակտումը խորացնելու համար, որպեսզի թուլացնելով պետության դիմադրողականությունը՝ ավելի ինքնամոռաց ստորանա հակառակորդի առաջ։

Ավելի պարզ, նա բանավեճի է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներին՝ նրանց իր կարծիքով՝ ջախջախելու համար, որպեսզի հաջորդ հարմար պահին դեմքի լայն ժպիտով արձանագրի սեփական հերթական ստորացումն այդ նույն նախագահների կողմից պարտված Ալիևի առաջ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս