Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին. Սամանթա Փաուեր
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչն առանցքային կլինի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ու բարգավաճման համար։ Այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցած հատուկ քննարկման ընթացքում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների և գործընկերությանը։
«Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչն առանցքային կլինի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ու բարգավաճման համար»,-ընդգծել է Սամանթա Փաուերը:
Նա հավելել է, որ Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի իր ժողովրդին բարգավաճում բերելու և ցույց տալու, որ բաց, թափանցիկ ու քաղաքացիակենտրոն կառավարումը կարող է ավելի լավ ապագա ապահովել:
«Եթե մենք շարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի հաջողության մեջ, այդ երկիրը կոգեշնչի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, որոնք ձգտում են նմանատիպ առաջընթացի հասնել»,-շեշտել է ՄԶԳ տնօրենը: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետագիծը եզակի լուսավոր կետ է, որը, սակայն, մնում է թերագնահատված։
«Հայաստանը մի վայր է, որտեղ մարդիկ փորձում են իրենց ձայնը բարձրացնել՝ կառուցելու ավելի ներկայացուցչական, թափանցիկ և արձագանքող կառավարություն, զարգացնել տնտեսությունը՝ ձևավորելով արդյունավետ առևտրային հարաբերություններ և կապեր հաստատելով իրենց հարևանների ու աշխարհի հետ»,-նշել է Փաուերը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր գործընկերությունները: Փաուերի խոսքով՝ այս ջանքերում Հայաստանի հաջողությունը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ժողովրդավարության և առևտրի ուժին՝ ստեղծելու ավելի լավ ապագա։
«Հայ ժողովուրդն այս գործն իրականացնում է աշխարհաքաղաքական լարված հարևանության պայմաններում, և այդ մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար Հայաստանն ընկերների ու դաշնակիցների աջակցության կարիք ունի, և այդ աջակցության կոչին արձագանքել է Միացյալ Նահանգները»,-շեշտել է Սամանթա Փաուերը։
Վերջինս իր ելույթում նաև հիշեցրել է, որ 2024 թվականի ապրիլին Բրյուսելում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն՝ ընդգծելով, որ նմանատիպ նախաձեռնությունները ցուցադրում են Հայաստանին աջակցելու՝ Ջո Բայդենի վարչակազմի հանձնառության խորությունը:
«Ինձ համար պատիվ է լինել Միջազգային զարգացման գործակալությունում, և կարծում եմ, որ այն կարևոր դեր է խաղում որպես խթանիչ, բայց նաև ձգտում է լինել ճկուն ու արձագանքել ի հայտ եկող կարիքներին: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք 75%-ով ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումը»,-նշել է ՄԶԳ ղեկավարը։ Նրա բնորոշմամբ՝ երբ 2018 թվականին Հայաստանում սկսեցին լուրջ բարեփոխումներ իրականացվել, նոր կառավարությունը բավականին բարդ իրավիճակ էր ժառանգել՝ արմատացած կոռուպցիա, ճնշված և կողմնակալ լրատվամիջոցներ, բյուրոկրատիայի ու անարդյունավետ համակարգերի մեջ խրված կառավարություն և տնտեսություն:
«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Միջազգային զարգացման գործակալությունն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ բարելավելու համար Ընտրական օրենսգիրքը, նոր խթան հաղորդելու հակակոռուպցիոն ջանքերին»,-ընդգծել է Փաուերը՝ հավելելով, որ այդ գործում գործակալությունը տեսնում է Հայաստանի գրանցած առաջընթացը, բայց նաև գիտակցում է, որ պետք է ավելին անել:Նա նաև հավելել է, որ 2018 թվականին Հայաստանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վարկանիշում զբաղեցնում էր 105-րդ տեղը՝ աշխարհում թափանցիկ կառավարման ցուցանիշով։
«Այսօր իշխանության ներսում և դրսում բարեփոխիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը․ սա թռիչք է 43 հորիզոնականով, և դժվար է գտնել այլ երկիր, որն այդպիսի արագ առաջընթաց է ունեցել։ Ես գիտեմ, որ առկա է ավելի վեր բարձրանալու ձգտում»,-ընդգծել է Սամանթա Փաուերը։
Խոսելով ժողովրդավարության բնագավառում Հայաստանի գրանցած հաջողություններից՝ Փաուերը նկատել է, որ 2018 թվականից հետո Հայաստանը Freedom House-ի քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների վարկանիշում բարձրացել է ավելի քան 30 հորիզոնականով՝ 132-րդ տեղից հասնելով 97-րդ տեղը։ «Դա էական առաջընթաց է՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում, բայց, իհարկե, աճելու տեղ դեռևս կա, և մենք շատ հետաքրքրված ենք բարեփոխումներ իրականացնողների հետ գործընկերությամբ՝ հասնելու ավելի մեծ փոփոխությունների»,-ասել է ՄԶԳ ղեկավարը։
Վերջինս նաև մատնանշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը տնտեսության աճի առումով գրանցել է բավական լուրջ առաջընթաց։«2020 թվականից սկսած՝ Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը հասել է 321 միլիոն ԱՄՆ դոլարի՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ։ Գիտենք, թե ինչքան պոտենցիալ կա այստեղ՝ գրանցելու ավելի մեծ ցուցանիշներ»,-նշել է Փաուերը։
Վերջինս խոսել է նաև Հայաստան կատարած իր այցելությունների մասին՝ մանրամասնելով, որ այդ այցերի ժամանակ հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հետ և հավելել, որ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում նաև բռնագաղթած հայերին։