Շոկոլադե տուրոն՝ պնդուկով
Բաղադրիչները՝
- 400 գ պնդուկ
- 1 բաժակ շաքարավազ
- 150 գ մեղր
- 150 գ մուգ շոկոլադ (70 տոկոս կակաո)
- 2 ձվի սպիտակուց
- 150 գ բարակ վաֆլի՝ առանց միջուկի
Պատրաստման եղանակը
Պնդուկը լցրեք տապակի մեջ, 15 րոպե տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ, որպեսզի բովվի: Ջեռոցից հանելուց հետո այն փռեք կոշտ կտորի վրա, տրորեք պնդուկները, որպեսզի կեղևը մաքրվի:
Շոկոլադը փոքր կտորների բաժանեք: Փոքրիկ կաթսայի մեջ 2 ճ.գ. ջուր ու 2 ճ.գ. շաքարավազ եռացրեք, ավելացրեք շոկոլադը, թույլ կրակի վրա անընդհատ խառնելով՝ հալեցրեք:
Մեկ այլ՝ փոքրիկ կաթսայի մեջ լցրեք մեղրը, դրեք թույլ կրակի վրա ու եփեք մինչև հասնի մի վիճակի, երբ մեղրի կաթիլը գցեք մաքուր ափսեի վրա, այն բյուրեղանա (դա տեղի կունենա 6-10 րոպե հետո):
Ձվի սպիտակուցները լցրեք ջերմադիմացկուն պնակի մեջ, այն պահեք թույլ եռացող ջրի գոլորշու վրա ու հարեք: Եռացող ջուրը պիտի քիչ լինի:
Մնացած շաքարավազն ու 6 ճ.գ. ջուրը միջին ուժգնության կրակի վրա եփեք, մինչև բաց գույնի կարամել ստանալը, մոտ 4-5 րոպե: Ստացված կարամելն ավելացրեք մեղրին: Ավելացրեք նաև շոկոլադը, պնդուկն ու հարած սպիտակուցները:
Վաֆլիների կեսը իրար վրա մի փոքր դրած շարեք սեղանի վրա, վրան լցրեք պնդուկի ու շոկոլադի խառնուրդը, որի հաստությունը 4 սմ-ից շատ չպետք է լինի: Շոկոլադի շերտը ծածկեք վաֆլիների մյուս կեսով: Սպասեք, մինչև տուրոնը մի փոքր հովանա և այն քառակուսիների ձևով կտրատեք: Մատուցելուց առաջ մոտ 1 ժամ թողեք, հովանա:
Խորհուրդ: Տուրոնը կարող եք պատրաստել նաև ընկույզով կամ նուշով: Եթե բաղադրիչների ցանկից շոկոլադը հանեք, սովորական անգույն տուրոն կստանաք: Այդ դեպքում ընկուզեղենն էլ պետք է ավելի քիչ օգտագործեք: