
Մեքենան անկանոն վարած և դրիֆտ կատարած 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 13-ին տեղեկություններ էին ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում կատարում է դրիֆտ՝ խախտելով հասարակական կարգը: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Արտաշատի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում Արտաշատի բնակիչ 18-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, «Մերսեդես» մակնիշի մեքենան վարել է անկանոն և կատարել դրիֆտ: Նա Գրիգոր Զոհրապի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Արտաշատի բաժին:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արարատի մարզային քննչական վարչություն: