«Թուրքիայի «Ազգային ուխտն» է իրականացվում. Հայաստանից որոշ տարածքներ կարող են վերցնել». Մհեր Աբրահամյան
Սիրիական զարգացումների ֆոնին շատ էր քննարկվում, որ տեղի ունեցածը Թուրքիայի հաղթանակն է, և Ռուսաստանն ու Իրանն այնտեղ պարտության են մատնվել: Բայց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան համոզել է Ռուսաստանին և Իրանին չաջակցել Ասադին: Նա շեշտել է, որ, եթե Ասադին աջակցեին, այն կարող էր շատ արյունալի դառնալ. «Ռուսներն ու իրանցիները հասկացան, որ դա անիմաստ է շարունակել»:
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի կարծիքով՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնել և ցույց տալ, թե Իրանի և Ռուսաստանի հետ եկել են համաձայնության:
«Սակայն արտահոսք եղավ, որ Ռուսաստանը չի ընդունում Ֆիդանի այս հայտարարությունները և նշում է, որ Դոհայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել է, որ պետք է Սիրիայի հարցը լուծվի Աստանայի բանակցությունների ճանապարհով, սակայն Թուրքիան սրան չի համաձայնել: Սիրիայում գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ դրանք տեղի են ունեցել ռազմական ճանապարհով, այլ ոչ թե դիվանագիտական, և Ասադը պարզապես չի ընդդիմացել այդ ռազմական գործողություններին: Ասադը չի ընդդիմացել զուտ այն պատճառով, որ հնարավորություն չի ունեցել դիմակայել այս պատերազմական գործողություններին, ուստի Ռուսաստանն ու Իրանը ևս չեն փորձել ռազմական միջամտություն իրականացնել այնտեղ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա ընդգծեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները լի են նմանատիպ պատմություններով. «Ռուս-թուրքական հարաբերությունների՝ Թուրքիայի կողմից դավաճանական ընթացքը միշտ է տեղի ունեցել: Ռուս-թուրքական և թուրք-արևմտյան հարաբերությունները ես հետևյալ բանաձևով եմ բնորոշում՝ Թուրքիան դարձավ այդպիսին շնորհիվ նրա, որ Արևմուտքն ու Ռուսաստանը միշտ աջակցել են Թուրքիային: Թուրքիան դարձավ այսօրվա Թուրքիան Ռուսաստանի և Թուրքիայի շնորհիվ, որովհետև 1920-ականներին Արևմուտքը Թուրքիային ապահովեց զենքով և պաշտպանությամբ, Ռուսաստանը տարատեսակ տնտեսական օգնություններով ապահովեց Թուրքիայի զարգացումը:
Այսօր Ռուսաստանը երբ բողոքում է Թուրքիայից, պետք է հիշի պատմության ընթացքը, թե ինչպես է Թուրքիան դարձել գյուղատնտեսական երկրից արդյունաբերական՝ շնորհիվ ԽՍՀՄ-ի և այսօրվա Ռուսաստանի: Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ ունեցել են վայրիվերումներ, կարծում եմ՝ առաջիկայում կսրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, բայց չեն վերածվի պատերազմի, որովհետև Թուրքիան գտնվում է ՆԱՏՕ-ի կազմում, և եթե սկսվի պատերազմ ՌԴ-ի և Թուրքիայի միջև, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը»:
Նա նկատեց՝ եթե Ռուսաստանն ու Իրանը բաց թողնեն Հարավային Կովկասը, բազմաթիվ վտանգների առաջ են կանգնելու. «Ռուսաստանի համար դա պանթուրքիզմի վտանգն է, որը շատ ակտուալ է այսօր դառնում, քանի որ պանօսմանիզմն այսօր իրագործվում է Սիրիայում և Աֆրիկայում: Իսկ Իրանի համար դա լինելու է իզոլացում»:
Նա հիշեցրեց, որ 1920-ականներին Թուրքայում ընդունվեց «Ազգային ուխտ» ասվածը, որի տարբեր մասեր հիմա են իրականացվում՝ Արցախը, Սիրիան, աֆրիկյան պետությունները. «Նրանք ունեն պլաններ բոլոր այն տարածքներում, որոնք ժամանակին ներառվել են Օսմանյան կայսրության տարածքներում: Դա Հյուսիսային Աֆրիկան է, Հարավային Կովկասն է, Միջերկրական ծովն է, Կիպրոսի հարցն էլ են արդեն բարձրացնում: Նրանք նաև հավակնություններ ունեն Ղրիմի թերակղզու նկատմամբ: Մենք այս քաղաքականությունից պետք է սպասենք, որ Հայաստանի տարածքի որոշակի մաս կարող են թուրքերը վերցնել»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա նշեց, որ Թուրքիայի նախապայմանները հստակ են՝ Արցախի հանձնում, Ցեղասպանության հարցից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Թուրքիայի սահմանների ճանաչում. «Այսօր Թուրքիան հասել է համարյա այդ բոլոր կետերի զիջմանը Հայաստանի կողմից: Կարսի պայմանագրի ճանաչումը Հայաստանի կողմից բերելու է նրան, որ Հայաստանը վերջնականապես ճանաչելու է այն սահմանները, որ այսօր գոյություն ունեն Թուրքիայի հետ, և հրաժարվելու է այն պահանջատիրական քաղաքականությունից և դիվանագիտական լծակներից, որ ուներ Թուրքիայի նկատմամբ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում