Գործազրկության ռեկորդը՝ «տասնյակ-հազարավոր» աշխատատեղերի ստեղծման պայմաններում

2022թ. վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գործազրկությունը հասել է «պատմական նվազագույնի»։ Երկու տարի անց ունենք գործազրկության ավելացում։ Երկու տարվա կտրվածքով իրավիճակը վատացել է։ Գործազուրկների թիվն ավելացել է, գործազրկության մակարդակը՝ բարձրացել։ Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել գործազրկության «պատմական նվազագույնի» մասին։

Թեև այն ժամանակ էլ արձանագրված «պատմական նվազագույնը», ինչպես վերջին տարիների գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները, Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած կառավարության հետ կապ չունեին։ Գործազրկության մակարդակը Հայաստանում մի պահ կրճատվեց՝ պայմանավորված առավելապես հայտնի արտաքին ազդեցություններով։ Այդ ազդեցություններն աստիճանաբար սկսել են թուլանալ՝ արագացված տեմպերով վերադառնում ենք նախկին դիրքերին։

Ու մինչ իշխանությունները հայտարարում են տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին, պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում կրկին զբաղվածության կրճատում է արձանագրել։

Զբաղվածների քանակը կրճատվել է, այն էլ՝ ոչ թե 1-2 հազարով, այլ տասնյակ-հազարներով։

Կարդացեք նաև

Վերջերս Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6,7 տոկոսով:

Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր առաջին կիսամյակի աշխատաշուկայի ցուցանիշները, որոնց համաձայն, նախորդ տարվա համեմատ Հայաստանում զբաղված քաղաքացիների քանակը կրճատվել էր։ Կրճատվել էր՝ ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ եռամսյակում։

Անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված էր եղել 1 մլն 129.000 մարդ։ Այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների քանակը կազմել է 1 մլն 116.000։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում 13.000-ով ավելի քիչ մարդ է զբաղված եղել։

Զբաղվածների քանակն ավելի շատ է կրճատվել երկրորդ եռամսյակում։

Անցած տարվա երկրորդ եռամսյակում զբաղված է եղել 1 մլն 211 հազար քաղաքացի, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 1 մլն 190 հազար քաղաքացի։

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ այս տարի զբաղվածություն ունեցող քաղաքացիների քանակը կրճատվել է գրեթե 21 հազարով։

Անցած տարվա առաջին եռամսյակում զբաղված էր աշխատունակ բնակչության 50,9 տոկոսը, այս տարի զբաղված է եղել 48,7 տոկոսը։ Անցած տարվա երկրորդ եռամսյակում զբաղված էր աշխատունակ բնակչության 53,9 տոկոսը, այս տարի՝ 52,1 տոկոսը։

Ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների քանակն աշխատունակ բնակչության մեջ նվազել է։ Դա տեղի է ունեցել հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման պայմաններում։ Մինչդեռ՝ թվում է, թե հակառակը պիտի լիներ. Երբ աշխատատեղերն ավելանում են, զբաղվածների քանակը պիտի ավելանար։ Բայց չի ավելացել, նույնիսկ կրճատվել է, այն էլ՝ տասնյակ-հազարներով։

Փոխարենը՝ գործազրկությունն է ավելացել։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում հարյուր-հազարավոր գործազուրկներ կան։

Անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 179 հազար մարդ։ Այս տարվա առաջին եռամսյակում գործակուրկների քանակը հասել է ռեկորդային 204 հազարի։

Մեկ տարում 25.000-ով ավելացել է։

Երկրորդ եռամսյակում գործազուրկների քանակը նույնիսկ ավելի շատ է աճել։

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում հաշվել էր 160.000 գործազուրկ։ Այս տարի գործազուրկ քաղաքացիների քանակը հասել է ընդհուպ 190.000-ի՝ 30.000-ով ավելի շատ, քան նախորդ տարվա երկրորդ եռամսյակում էր։

Գործազրկության այս տարվա ցուցանիշներն ավելի վատ են անգամ երկու տարի առաջվանից։ Երկու տարում ոչ միայն որևէ դրական տեղաշարժ չի եղել, այլև գործազրկության պատկերն ավելի է վատացել։ Գործազուրկների քանակը կրճատվելու փոխարեն՝ ավելացել է։ Մի բան էլ հետ ենք գնացել։

Այսպես՝ 2022թ. առաջին եռամսյակում, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում գործազուրկ էր 186.000, այս տարի՝ 204.000 մարդ։ 2022թ. երկրորդ եռամսյակում, էլի պաշտոնական վիճակագրությամբ, գործազուրկ էր 170.000, այս տարի՝ 190.000 մարդ։

Վերջին երկու տարվա կտրվածքով ունենք գործազրկության վատագույն ցուցանիշը։

Գործազրկության մակարդակը, որն իշխանությունները խոստացել էին նվազեցնել, բարձրացրել են։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 13,7 տոկոս էր, այս տարի դարձել է 15,5 տոկոս։ Երկրորդ եռամսյակում 11,7 տոկոս էր, դարձել է 13,8 տոկոս։

Այս ցուցանիշով Հայաստանը ԵԱՏՄ-ում վատագույն վիճակում է։ Գործազրկության մակարդակը Ղազախստանում 4,7 տոկոս է, Ղրղըզստանում՝ 4,1 տոկոս, Բելառուսում՝ 2,9 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ 2,6 տոկոս։ Ու դեռ գլուխ են գովում, թե տասնյակ-հազարներով աշխատատեղեր են ստեղծել։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ գործազրկության մակարդակը Հայաստանում էապես բարձրացել է՝ առաջին եռամսյակում գրեթե 1,8, երկրորդում՝ 2,1 տոկոսային կետով։ Երկրորդ եռամսյակում գործազրկության խորացման տեմպերը նույնիսկ արագացել են։ Մեկ տարում 1,8, առավել ևս՝ 2,1 տոկոսային կետի փոփոխությունը չափազանց կտրուկ տեղաշարժ է գործազրկության ցուցանիշի պարագայում։ Դրա տակ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են, որոնք համալրել են գործազուրկների շարքերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս