Արաբական աշխարհը Սիրիան լուռ չի հանձնի Թուրքիային. Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնում են Իսրայելն ու Թուրքիան. Արարատ Կոստանյան
Սիրիայում արդեն ձևավորվել է նոր կառավարություն, որի վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը խոստացել է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները և ապահովել երկրի անվտանգությունը։ Նա վստահեցրել է, թե իր և իր թիմի առաջնահերթությունն է ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ աշխատանքի։ Միաժամանակ զգուշացրել է, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր «նրանք, որոնց ձեռքերն արյունոտ են»:
Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Սիրիայում, այնտեղ հնարավոր կլինի՞ այսուհետև կառավարել իրավիճակը, ի՞նչ է սպասում Սիրիայի մի քանի հազարանոց հայ համայնքին։
Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանի հետ։
Մեր զրուցակցի խոսքով՝ Սիրիայի Կառավարության հրաժարականն ու Սիրիայի անցումը զինյալների վերահսկողության տակ իսկապես զարմանք է առաջացրել աշխարհի փորձագիտական շրջանակների մոտ, թեպետ նկատելի էին նշույլներ՝ այդ իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների առումով, մասնավորապես՝ Իսրայելի կողմից հակահարվածները Գազայի հատվածում. ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի երկարատև բախումը, ինչն էլ հանգեցրեց լուրջ պատերազմի։ Այստեղ էլ սկսվեց ուժերի հավասարակշռության լուրջ անկում։
«Սիրիայի թե՛ զինյալ ընդդիմադիր դաշտը, թե՛ իշխանությունը կարողացավ հասկանալ, որ այդ երևույթն անդրադարձ է ունենալու սիրիական խնդրի վրա, որովհետև Սիրիան կարևոր ռեգիոնալ երկիր է եղել։ Չնայած արաբական գարունից հետո Սիրիան ռեգիոնալ ուժերի համար դարձավ օբյեկտ, սակայն այդուհանդերձ այն կարևոր դերակատարություն ունեցող երկիր է թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ արաբա-իսրայելական տիրույթից ներս։
Ինչո՞ւ այս ժամանակահատվածում ու հանկարծակի տեղի ունեցավ այս ամենը, երբ Սիրիայի իշխանությունն իր դիրքերն ուժեղացրել էր Սիրիայի ներսում ու դրսում՝ դիվանագիտական հարաբերություններն արաբական աշխարհի հետ ու նրանց հետընդունումն արաբական լիգայում։ Սիրիական բանակը չգնաց պաշտպանվելու, Կառավարության հրաժարականն էլ վկայում է այն միտքը, որ հստակորեն երևում է ուժերի բալանսի խախտումը»,- նշեց Արարատ Կոստանյանը։
Այս համատեքստում միջազգայնագետը նաև նշեց, որ երկար ժամանակ Սիրիայի տնտեսությունը նույնպես ճգնաժամային իրավիճակում էր, քանի որ սիրիացի ժողովուրդն արդեն չէր կարողանում ապահովել իր ամենամինիմալ ցանկությունները։ Կային վառելիքի, ջրամատակարարման, հոսանքի խնդիրներ։ Իհարկե, այստեղ մեծ դեր ունեին նաև միջազգային սանկցիաները, որոնք դրվել էին իշխանություններին թուլացնելու համար, սակայն տուժեց միայն սիրիացի ժողովուրդը։ Սրան զուգահեռ, Սիրիայի իշխանությունը որևէ բարելավում չիրականացրեց երկրում, այդ թվում՝ տնտեսությունում։
«Այս ամենը ժողովրդին հասցրեց այն մտքին, որ իսկապես փոփոխության անհրաժեշտություն կա։ Միևնույն ժամանակ, իշխանության ներսում որոշ խավեր փորձում էին օրենքներ առաջ քաշել՝ հարկեր ավելացնելով, որն ավելի էր խեղճացնում երկրի տնտեսական էլիտային և նվազագույնի հասցրեց միջին խավի սպասելիքները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արարատ Կոստանյանի խոսքով՝ Սիրիան իրենց վերահսկողության տակ վերցրած զինյալները կարողացան ենթարկվել վերաբրենդինգավորմանը, կարողացան իրենց համար դրական իմիջ ստեղծել։ Նրանց հայտարարությունները համահունչ են չափավոր իսլամի պատկերացումներին, պրոգրեսիվ իսլամին և պոստ-իսլամին։
«Ասադից դեռևս պաշտոնական պարազաբանումներ չենք լսել, թե ինչո՞ւ առանց դիմադրության հրաժարվեցին, կարծում եմ՝ նա պետք է հանդես գա այդ բացատրությամբ։ Այդ պարզաբանումներից հետո ավելի լայն պատկերացում ու հստակեցումներ կտան։
Այդ զինյալների վերաբերյալ ընկալումները տարբեր են, հատկապես՝ նախկին արաբական գարունից հետո, երբ այդ զինյալները որպես ահաբեկչական խմբավորումներ էին ճանաչվել Սիրիայի ու միջազգային կազմակերպությունների կողմից։ Բայց զինյալների կողմից խաղաղ բնակիչները դեռևս որևէ ճնշման չեն ենթարկվել։ Այդ զինյալները պաշտոնապես հայտարարել են, որ խաղաղ քաղաքացիների դեմ որևէ բան չունեն, իրենց սատարողներին հորդորել են ոտնձգություններ թույլ չտալ փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների ու հայերի նկատմամբ։
Սա դասական հեղափոխություն չէր, որն իրականացրեց ժողովուրդը, ինչպես տեղի ունեցավ Եգիպտոսում, բայց ժողովուրդը դեմ չէր, որպեսզի այս զինյալների խմբավորումները կարողանան մուտք գործել։ Ավելին՝ երկրում կառույցների տոտալ լուծարում չի եղել։ Դեսպանատները գործում են, նույն դեսպանները գործում են, միայն ի հայտ է եկել նոր դրոշ»,- շեշտեց նա։
Արարատ Կոստանյանը նաև ընդգծեց՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնում են Իսրայելն ու Թուրքիան միասնաբար։ Այստեղ փորձագիտական դաշտը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի դերակատարությանը։ Թուրքիան առաջինը շտապեց շնորհավորել սիրիացի ժողովրդին, որ կարողացավ թոթափել ավտորիտար ռեժիմի իշխանությունը։ Սակայն, ըստ նրա՝ վարագությունների հետևում Թուրքիան շարունակում է իր գործունեությունը, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ստեղծված իրավիճակում։
«Չեմ կարծում, թե արաբական աշխարհը լուռ Սիրիան պետք է հանձնի Թուրքիային, կամ Սիրիան դառնա մի երկիր, որը կլինի Թուրքիայի վերահսկողության տակ։ Սիրիայի ժողովուրդը սրան չի համաձայնի»,- նշեց Արարատ Կոստանյանը։
Նա նաև ընդգծեց՝ այստեղ կա նոր Մերձավոր Արևելք ծրագիրը, որը ենթադրում է Սիրիան մասնատել կամ դարձնել ֆեդերատիվ, որը նույնպես Սիրիայի գոյությանը վտանգ է սպառնում։
«Հյուսիսային Սիրիայից մինչև Համան՝ կլինի սուննիական հատված, իսկ ծովային բաժինը կլինի ալեվիների հսկողության տակ, հարավը՝ դուրզիների, հյուսիս-արևելյան շրջանը, որտեղ այսօր կան Միացյալ Նահանգների ռազմական ուժերը և որոշ չափով Իլիբի խմբավորումներ, այդ շրջանից հյուսիս կլինի քրդական տիրապետության տակ։ Քրդական հարցը շատ լուրջ ֆակտոր է, քրդական ուժերի դերակատարությունը մեծանալու է նաև այստեղ։
Ահա սրանք են վտանգները, թեպետ Սիրիայի ներկայիս կառավարությունը բազմիցս խոսել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հաստատվի»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։