Ադրբեջանը չի ցանկանում՝ ՀՀ-ում լինեն ռուսներ, եվրոպացիներ, հաստատուն քայլերով պատրաստվում է Հայաստանի կազմաքանդմանը. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է Հայաստանից դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, որ Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժի տեղակայումը։ Ըստ նրա՝ «փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում»։

«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի»,- հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն այն դառնում է մշտական։

Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանին արել են հանդիպակաց առաջարկ.

Կարդացեք նաև

«Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որ սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես։ Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը… Ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն»։

Մինչդեռ 2023 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը Հայաստանում հնարավոր է երկարաձգվի։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում, որպեսզի ԵՄ դիտորդական առաքելությունը չմնա Հայաստանում։

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին առհասարակ դուրս մղել քաղաքական որևէ գործընթացից, թեկուզ միջազգային ասպարեզում։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի, Հայաստանի բոլոր հարցերը պետք է լուծի միայն Ադրբեջանը՝ չպետք է լինեն ռուսներ, եվրոպացիներ, չպետք է լինեն որևէ ազգի ներկայացուցիչներ։ Հիմա Ադրբեջանն իրեն այնպես է պահում, կարծես Հայաստանի տերն ու տիրականն է, ու կողքից էլ զարմանում, թե այս ի՞նչ եվրոպացիներ են պտտվում սահմանին։ Ադրբեջանն անընդհատ դժգոհություններ է հայտնում, որ ինչո՞ւ դիտորդական առաքելությունը գնաց այստեղ կամ այնտեղ, այն դեպքում, երբ առաքելությունը ՀՀ տարածքում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանի թեկուզ ֆորմալ սուբյեկտայնությունը, որ Հայաստանն իրենից ներկայացնում է պետություն, որը սուբյեկտ է և որը կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն։

«Եթե Ադրբեջանը նախկինում ասում էր, թե «Արցախն Ադրբեջանի մաս է, ու Արցախը չի կարող ինքնուրույն ինչ-որ բան անել», և եթե այլ երկրի պաշտոնյա գնում էր Արցախ, իրենք բողոք էին հայտնում և այլն, հիմա նույն բանը Հայաստանի հետ է անում»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ ներկայացվող պահանջներից մեկն էլ այն է, որ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնեն այն ուժերը, որոնց Ադրբեջանը կցանկանա, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ինչ ցանկանա, պահանջելու է, և դա լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Հայաստանի «պարտավորությունների պայմանագիր»։

«Ադրբեջանը բացարձակապես չի պատրաստվում խաղաղ համակեցության, մի կողմ դրած Ադրբեջանի հանցագործությունները, նա նույնիսկ այդքանով հանդերձ բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղ համակեցության։

Փոխարենը՝ Ադրբեջանը հաստատուն քայլերով պատրաստվում է  Հայաստանի կազմաքանդմանը։ Հիմա անունը դնում են խաղաղության փաստաթուղթ, կամ չգիտեմ՝ ինչ, բայց դրանք զուտ բառեր են՝ մարդկանց աչքերին թոզ փչելու համար։ Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստան գոյություն չունենա, իսկ ամենացանկալի սցենարը նրա համար՝ առհասարակ այս տարածաշրջանում հայեր գոյություն չունենալն է, այդ ուղղությամբ Ադրբեջանը հետևողական քայլերով գնում է»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031