Քաբաբի վերադարձը՝ նռան հատիկներով
«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ.
#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով քաղաքական շոուների նոր եթերաշրջանի բացումը:
Հնարավոր է՝ այդպիսով նա պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ինչպես կարծում են շատերը։ Բացառված չէ, որ գործում է ավելի երկարաժամկետ և «հատիկառհատիկ»-ը բեմադրում է հերթական ընտրություններին նախապատրաստության շրջանակներում։
Բայց անկախ դրդապատճառներից, եթերաշրջանը խոստանում է լինել դիտարժան։ Եվ դա ամենևին կապ չի ունենալու «վերադարձ» օպերացիայի տեսարանների արժանահավատության կամ հնարած լինելու հետ, դիտարժան է լինելու, որովհետև այն փողի մասին է։
Փողը Հայաստանում հայտարարվել է հիմնական արժեք, հիմնական նպատակ, հիմնական իմաստ, հիմնական գաղափարախոսություն։ Այն ունի բազմաթիվ հատկանիշներ, բայց դրանց թվում կա մեկը, որը հմայք է հաղորդում փաշինյանական դրամատուրգիային։
Փողը չափելի է, շոշափելի, մատերիական, և այդպես շարունակ։ Բայց օգտապաշտական բոլոր այդ հատկություններով հանդերձ, «հատիկառհատիկ»-ի հանդիսատեսի մեծամասնության համար փողն անհասանելի է։ Իսկ անհասանելիությունը մարդկանց մեջ գեներացնում է բազմաթիվ բնազդներ. նորմալ ձգտումից՝ մինչև հուսահատություն, սեփական անկարողության զգացողությունից՝ մինչև այն ունեցողների նկատմամբ ատելություն։
Դրանք բոլորն անհրաժեշտ են նոր կերտվող առասպելի կենսունակության համար։ Նիկոլ Փաշինյանին սեփական իշխանությունը պահպանելու համար պետք է կանխիկ փող և քաղաքացիների համար այդ փողի բացակայությունը հիմնավորող առասպել, որին էլ հենց ծառայելու է «հատիկառհատիկ» մոնոներկայացումը՝ բազմաթիվ դերակատարներով։
Խնդիրն ամենևին այն չէ, որ նախկինում ապօրինի գույք ձեռք չի բերվել։ Խնդիրը ոչ էլ դրանց՝ պետությանը վերադարձնելու անհրաժեշտության վիճարկումն է։ Էական է այն, որ իրականում Փաշինյանին ո՛չ այդ գույքի ձեռքբերման օրինականությունն է հետաքրքրում, ո՛չ էլ դրա վերադարձը պետությանը։
Նրա համար կարևորն այդ գույքի ու վերադարձի գործընթացն է ինքնին, ինչի մասին ազնվորեն խոստովանել է իր գրառման մեջ։ Ոչ թե գույքը, ոչ թե գույքի վերադարձման իրադարձությունը, այլ հենց գործընթացն է, որ դառնալու է իշխանության պահպանման համար բեմադրվելիք ներկայացման հիմնական սյուժետային գիծը՝ փաշինյանական ռեժիսորությամբ ու մի մասի վերադարձով ապօրինի գույքի մնացած մասերը տնօրինելու ինդուլգենցիա ստացող դերասանների մասնակցությամբ։
Այս պատմության մեջ, ինչպես հայկական քաղաքական դրամաների մեծամասնության դեպքում, առաջնայինը ստորադասվում է երկրորդականին։
Նոր սկսվող գործընթացի մեջ պաշտպանության ենթակա սուբյեկտն ապօրինի գույքի սեփականատերերը չեն, որոնց քողարկված փորձում է պաշտպանել փաշինյանական իշխանության քննադատների մի մասը։
Եթե այս պատմության մեջ կա պաշտպանության ենթակա սուբյեկտ, ապա դա տեղեկատվական աղբին վարժեցված հասարակությունն է, որը ոչ առանց հաճույքի պատրաստվում է քաղաքական մերկապարի նոր եթերաշրջանին՝ անգամ հարց չուղղելով, թե ինչո՞ւ «քաբաբ առ քաբաբը» փոխարինվեց «հատիկառհատիկ»-ով։
Մինչդեռ հենց քաբաբի ու հատիկների այլաբանության մեջ է թաքնված վերջին տարիների հայկական ողբերգությունը։
Նիկոլ Փաշինյանը ոչ թե ապօրինի կերպով ձեռք բերված գույքն է վերադարձնում պետությանը, այլ հասարակությանն է վերադարձնում դեռևս հայկական Արցախում իր կերած քաբաբի համար ՀԴՄ կտրոն պահանջելու էժանագին քարոզչության միջոցով պահպանված իշխանության փշրանքները։
Այդ նույն օրերին Աղդամում կատարված ֆոտոսեսիաներում իրենց բուռն առած նռան հատիկների տեսքով։
Հարություն Ավետիսյան