Տարածաշրջանը դառնում է տարօրինակ «աջաբսանդալ», մի օր էլ այդ ահաբեկիչները քայլելով հասնելու են Արտաշատի տակ. Գրիգոր Բալասանյան

Հալեպը գրավելուց հետո զինյալները գրավել են նաև Դամասկոսը։

Associated Press-ը երեկ գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է անհայտ ուղղությամբ, սակայն հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա ապաստանել է Մոսկվայում։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, ուրախանալու որևէ առիթ չի տալիս. 21-րդ դարում մարդկության աչքի առաջ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող ՄԱԿ անդամ պետությունը, ըստ էության, դադարում է գոյություն ունենալ։

«Սա բոլորը նորմալ են համարում. նորմալ են համարում, որ միջազգային ահաբեկիչներին օգտագործում են պետությունը քանդելու համար և որևէ մեկը չի էլ թաքցնում իր ցանկություններն ու նպատակները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության մասին։

Կարդացեք նաև

Խոսելով քննադատությունների մասին, թե Սիրիային, մասնավորապես՝ Ասադին միայնակ թողեցին Ռուսաստանն ու Իրանը, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե իրականում ինչ կատարվեց։

«10 օր շարունակ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ գտնվում էին Դամասկոսում և ինտենսիվ հանդիպումներ էին ունենում Բաշար Ասադի հետ։

«Բիլդ» գործակալությունը նաև տեղեկություն հրապարակեց, որ Դոհայում Ասադի և ամերիկյան վարչակազմի միջև տեղի են ունենում բանակցություններ՝ Արաբական Միացյալ Էմիությունների և արաբական մի շարք երկրների միջնորդությամբ։ Ըստ գործակալության, պայմանը հետևյալն էր, որ Ասադն իրեն հեռու էր պահում «Հեզբոլլահ»-ից ու Իրանից, և դրա փոխարեն՝ հանում էին պատժամիջոցները։

Ըստ էության, Ասադը կրկնեց այն նույն սխալը, որն արել էին Քադաֆին, Սադամ Հուսեյնը։ Այսինքն՝ Ասադը չհասկացավ, որ չի կարելի բանակցել, պայմանավորվել այն կողմի հետ, որը եկել է իրեն սպանելու։

Իրանն ու Ռուսաստանը նաև այստեղ տեսան սիրիական բանակի գեներալիտետի անհասկանալի պահվածքը, սիրիական բանակի հանձնվելը փաստացի, հետևաբար, չեմ կարծում, որ կա այնպիսի երկիր, որը կգնա ու ուրիշի փոխարեն կկռվի, եթե տվյալ երկիրն ինքն իր համար չի կռվում։

Ասադը, պատկերավոր ասած՝ ասել է հետևյալը՝ եթե ձեզ պետք է կռվեք, մեզ դա հետաքրքիր չէ։ Սա ծանոթ պատմություն է, և որոշակի զուգահեռներ, ցավոք, նկատում ենք մեր հետ կապված»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ Հայաստանը պարտավոր է ընդունել հարյուր-հազարավոր սիրիահայերին, որոնք, անկասկած, գալու են Հայաստան, գնալու այլ տեղ չունեն։

Թե այս գործընթացներում ի՞նչ դերակատարում ունի Իսրայելը, Գրիգոր Բալասանյանը նկատեց՝ դեռևս Լիբանանում ընթացող գործընթացների ժամանակ է նշել՝ գոյություն ունի թուրք-իսրայելական գաղտնի պայմանավորվածություն։ Էրդողանի հայտարարությունները, կոչերը՝ ուղղված Իսրայելին, միայն միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար էր։

«Հիմա Իսրայելն իր հերթին է տարածքներ խլում, Թուրքիան՝ իր հերթին, երկուստեք գործում են, ինչպես ժամանակին Չերչիլը Լեհաստանին էր բնութագրել՝ իբրև բորենի. Դարձել են Մերձավոր Արևելքի բորենիները։ Այդ բորենիների դեմ դիվանագիտական ճակատում պայքարելն անհնարին է, մինչև Իսրայելն իր վրա չզգա ամբողջ ուժը, որն այսօր ապրում է սիրիացի ժողովուրդը։ Իսրայելը միայնակ չէ, նրա և Թուրքիայի գործողությունները համակարգում ու հսկում է իրենց ավագ եղբայրը՝ Միացյալ Նահանգները»,- շեշտեց նա։

Այս համատեքստում նաև հարց է առաջանում՝ Ասադի ընկելուց հետո, խաղաղությո՞ւն է հաստատվելու, թե՞ աշխարհը կանգնելու է նոր Լիբիայի առաջ, քանի որ շիական եռանկյունու մեկ ոտքի կոտրվելը, ինչպիսին Սիրիան է, բերելու է նոր անկայունություն տարածաշրջանում։

«Իրանն ու իր պրոքսիները Սիրիան դիտարկելու են արդեն թշնամի տարածք, նաև այդ տարածքն են օգտագործելու Իսրայելին հարվածներ հասցնելու համար։ Այստեղ Թուրքիան էլ բախվում է քրդական խնդրին։ Այսինքն՝ տարածաշրջանը դառնում է տարօրինակ «աջաբսանդալ», որը նաև անդրադառնալու է մեզ վրա։

Պատահական չեմ նշել, որ եթե միջազգային հանրությունը նայում է, թե ինչպես են միջազգային ահաբեկիչները ոտքով քայլելով հասնում Դամասկոս, և դա համարում է նորմալ, մի օր էլ այդ ահաբեկիչները ոտքով քայլելով՝ հասնելու են Արտաշատի տակ, եթե այնտեղ չլինի 102-րդ բազան։ Դրա համար պայքար է տարվում այդ բազան հանելու համար, այն չլինելու պարագայում հաջորդ օրը Թուրքիան հատուկ ռազմական գործողություն է իրականացնելու Հայաստանի տարածքում, և Էրդողանը նույն դեմքով հայտարարելու է, որ իրենք ՀՀ տարածքների վրա աչք չունեն»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս