Ադրբեջանցին ասում է՝ ինչ դեմ տանք, կստորագրեք. Փաշինյանն ընկել է Ալիևի ավտոգրաֆի հետևից. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանը թույն բլոգեր է։ Աշխարհը վարի է գնում, ինքը գլուխ է գովում, որ ինքը Ֆեյսբուքում, տիկ-տոկում ունի մեծ լսարան՝ ի հաշիվ նրա, որ ինքը թրաշվել է։ Ինքը չի լրջանում։ Նա հավերժ ընդդիմադիր ծախու բլոգեր է։
  • Հայաստանում դատարան չկա, կա ՔՊ վարչություն։ «Տրոյկա» դատարանն է։ Հավաքվել են, դատում են։ Տղաներ և աղջիկներ ՔՊ-ից, դզո՞ւմ է ձեր գործընկեր Հովիկ Աղազարյանի դեմ արշավը… Կներեք, բայց բոլորիդ դա է սպասվում։ ՔՊ-ականներին Փաշինյանից կարող է պաշտպանել բացառապես ժողովուրդը։ Պետք է խոսեն… Ասեն՝ ինչ ապօրինություններ են արել, ի՞նչ կոմպրոմատներով են իրենց պահել… 
  • Տղաներ և աղջիկներ, ՔՊ-ական լինելուց ավելի ահավոր կոմպրոմատ չկա։ Մի՛ վախեցեք, ինչ արել եք-չեք արել, ձեր հեռախոսներում ինչ վիդեոներ ու նամակագրություն կա, դա ավելի վատ չէ, քան ՔՊ-ական լինելը։
  • Մեր հայրենակիցները Սիրիայում վտանգի տակ են, սրանք էստեղ ասում են՝ բայց դա մեր խնդի՞րն է, Սիրիայում իշխանություն կա, թող լուծի խնդիրը: Պետություններ կան, որ սպեցօպերացիաներ են արել իրենց հայրենակիցներին դուրս բերելու համար։ Հիշե՛ք՝ երբ ադրբեջանցիները խոցեցին մեր ուղղաթիռը, ու մեր տղաների աճյունները մնացել էին չեզոք գոտում, ինչ փայլուն օպերացիա իրականացրեցին ՊՆ-ն ու ՊԲ-ն, և տղաների մարմինները դուրս բերվեց այդտեղից, որովհետև դա երկրի պատիվն էր։ Իսկ Փաշինյանի գագաթնակետն Արագած բարձրանալն ու Իրանի ու ԱՄՆ-ի նախագահներին ուղերձ հղելն է։ 
  • Սիրիայում գտնվող ՀՀ հյուպատոսը ոչ միայն փախավ Հալեպից, այլ նույնիսկ հայ համայնքին այդ մասին տեղյակ չպահեց: 

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2016 թվականին, ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ: Նա մտահոգություն էր հայտնել «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Նա խստիվ դատապարտել էր Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս էր հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի: ՀՀ դեսպանը նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել էր Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ Քաիդա»-յի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվել էր, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբավորումների առաջնային թիրախը: Դեսպան Կիրակոսյանը նշել էր, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության համար: 

Կարդացեք նաև

  • Ցավոք, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե Հայաստանում չլիներ։
  • Եթե ինչ-որ մեկը չի պատկերացնում, ապա հիշեցնենք՝ Ալիևի ասած «Արևմտյան Ադրբեջանը» Հայաստանն է։ Երբ Ալիևն է դրա մասին խոսում, ես հասկանում եմ, թշնամի երկրի ղեկավարն է, և ես պատրաստ եմ դրան ու կարող եմ պատասխանել, բայց երբ մեր երկրի վարչապետի աթոռին նստածն է դրանից խոսում, ես չգիտեմ՝ ինչ ասեմ։ «Մեծարգոն» ասում է, և բոլոր ՔՊ-ականները՝ մեծից փոքր, իրար հետևից դա կրկնում են։
  • Փաշինյանի մոլուցքն է կեղծ գաղափարախոսությունների տարածումը։ Ո՞վ ասաց, որ ՀՀ շահերն առաջ մղելը, օրակարգերը սպասարկելը, անվտանգությունն ապահովելը հակադրվում է Արցախի ժողովրդի իրավունքների, մեր պատմության հետ։
  • Հայաստանին աշխարհում վատ են վերաբերվում, որովհետև Հայաստանը Փաշինյանն է ներկայացնում։
  • 2018-19թթ., երբ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, ինձ ասել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների ղեկավարները շատ զգույշ էին շփվում, որովհետև Փաշինյանը հրապարակում էր բանակցային մանրամասները, որոնք հրապարակման ենթակա չէին։

  • Վարչապետի աթոռին նստած մարդն իր աշխատանքի արդյունքը չափում է ֆեյսբուքյան լայքերով։ Ինքնիշխանության մարմնացո՛ւմ, գնա՛ Ջերմուկ, Հայաստանի տարածքից, ըստ ձեր հրապարակած տվյալների, 240 քկմ օկուպացված է, ի՞նչ կա
  • Այս տարվա սկզբում ԱԺ-ում հանդիպում էի օտարերկրյա մի դիվանագետի հետ։ Եվ երբ ինքը խոսում էր խաղաղության կարևորության մասին, ես նրան հարցրեցի՝ երեխաներ ունե՞ք, ասաց՝ այո՛։ Ես հարցրեցի՝ ո՞ւմ օրինակով կդաստիարակեք ձեր երեխաներին՝ Պետե՞նի, թե՞ դը Գոլի․․․ Պատասխանեց՝ բնականաբար, դը Գոլի:
  • Ով իր իշխանության պահպանման երաշխիքները տա, Փաշինյանն այ դրա «․․․մետ»-ն է։ Փաշինյանի հետ չի կարելի գործարքի գնալ։ Նա բոլորին փուռն է տալիս։
  • Կար մի ժամանակ, երբ Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերն էր, ու 2018-2019թթ․ Փաշինյանն իր թավշյա խառը կերպարանքով Յունկերին ասում է՝ ես՝ ժողովրդավարս, եկել եմ, ինչին Յունկերը սառը ցնցուղով է պատասխանում՝ այս դռնից ով ներս է մտել՝ լեգիտիմ ու ժողովրդավար է եղել։

Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի հետ կապված պատմել էր 

«Նիկոլ Փաշինյանը գալիս նստում է Յունկերի մոտ, ասում է՝ ես առաջին լեգիտիմ նախագահն եմ, որ եկել եմ Հայաստանից։ Յունկերը շրջվում է, ցույց է տալիս դուռը և ասում՝ տեսնո՞ւմ եք այս դուռը, այս դռնից որևէ մարդ չի մտել, որին մենք չենք համարել լեգիտիմ»։

  • CEPA-ն այնքան լավ փաստաթուղթ է, որ եթե դրա բոլոր կետերի իմպլեմենտացիան արվի, եվրաինտեգրումն ավելի մոտ կլինի։
  • Լինելով ամենախոշոր եվրոպական կուսակցության՝ ԵԺԿ-ի հետ ամենասերտ առնչություն ունեցող ՀՀԿ կուսակցության անդամ, վստահաբար ասում եմ՝ էս տուրբուլենտության պայմաններում դու ինչ տիպի քաղաքականապես պետք է սնանկ լինես, որ օրենսդրական մակարդակով սահմանափակես երկրիդ արտաքին քաղաքականության մանևրելու հնարավորությունը։ Լո՞ւրջ, տղերք, և այն էլ այն դեպքում, երբ դու Լիխտենշտեյնը չես, այլ Հարավային Կովկասում գտնվող երկիր։
  • Փաշինյանի իդեա-ֆիքսը «Խաղաղության խաչմերուկն է», որն ինքը ներկայացնում է՝ որպես Զանգեզուրի միջանցքի այլընտրանք։ Ինձ միջազգային այցերի ընթացքում երբեմն խնդրում են մեկնաբանել այն։ Դրա ի՞նչը մեկնաբանեմ։ Դա ընդամենը մի բրոշյուր է, որը տալիս է սրան-նրան, և որը, վստահաբար, Եվրոպա չի էլ հասնում։ Դա որևէ տեղ չի բանակցվում։ Թող ԱԳՆ-ից որևէ մի պաշտոնյա ասի՝ որևէ ֆորմատով բանակցվո՞ւմ է։ Չկա՛ նման բան։ Զանգեզուրի միջանցքը բանակցային սեղանին է դրված, քննարկվում է, ֆինանսներ են ներդրված։ Ասեք՝ Զանգեզուրի միջանցքին Ձեր իբր թե կոնտր-առաջարկը որտե՞ղ է քննարկվում։
  • Այն գիրքը, որն Էրդողանը Փաշինյանին նվիրել է, մեզ համար ահավոր բովանդակություն ունեցող թյուրքական աշխարհի և մասնավորապես Թուրքիայի արտաքին քաղաքականության դոկտրինն է։ Դա մոտավորապես նույնն է, որ Ալիևին նվիրես Մոնթեի կամ Վազգեն Սարգսյանի գրքերը, Գարեգին Նժդեհի «Լեռնահայաստանը» կամ Հայկ Ասատրյանի գրքերը։
  • Ես ընդամենն ընդդիմություն եմ, կարող եմ ՀԱՊԿ-ին հարցեր ունենալ, բարձրաձայնել դրանց մասին։ Ես Արտաքին գործերի նախարար չեմ, ես չեմ հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, դուք եք հանդիպում, հարցեր տվեք, ձեր մտահոգությունները ներկայացրեք, պատասխաններ ստացեք: Ի՞նչ է նշանակում՝ մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում։ Մեկ էլ ասում էիր՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարում… Դու՝ որպես իշխանություն, չես կարող բողոքել ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից, որ Հայաստանի հետ լավ չեն վարվում։ Քո խնդիրն է՝ այնպես անել, որ Հայաստանի հետ լավ վարվեն։
  • Եթե ասում ես՝ Հայաստանը դաշնակիցներ չունի, ու դուք այդ մասին հայտարարում եք Ազգային ժողովում, ուրեմն քո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պիտի դիմում գրի ու գնա։
  • Այսօր աշխարհում Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրները քննարկում են առանց Հայաստանի։ Հայաստանը ձեր իսկ քայլերի պատճառով տարածաշրջանում գործոն չէ։
  • Ալիևը միշտ իր վերարտադրությունն ապահովելու համար սլաքներն ուղղում է Հայաստանի վրա, արտաքին թշնամի է ման գալիս, իսկ Փաշինյանն իր վերարտադրությունն ապահովելու համար թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում՝ ժողովուրդը, նախկինները, ավտոբուսի վարորդները… բոլորին մեղավոր է կարգում ու նրանց դեմ պայքարում:
  • ԵՄ-ն անվտանգություն սպառող կառույց է, ոչ թե ստեղծող կամ ապահովող։ Պարզ է, չէ՞, որ ԵՄ-ն չի գալու Հայաստանի անվտանգությունն ապահովի: ԵՄ անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է։ ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանում ամենամոտ ռազմաբազան Ինջիրլիքն է, որը գտնվում է Թուրքիայում։ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Թուրքիայից՝ Ինջիրլիքից, չեն գալու մեզ պաշտպանեն, անվտանգությունն ապահովեն։

Հիշեցնենք, այս տարվա ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ինջիրլիք քաղաքում գտնվող «10-րդ տանկային ռազմաբազայի հրամանատարական կետի» անունը փոխվել է.

«Օդային ուժերի կարիքներով պայմանավորված՝ դրա անունը փոխվել է 10-րդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարական կետի»:

Նշենք, որ ռազմաբազան բացվել է 1951-ին: Այն Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արևելյան ռազմակայանը։ Օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։

Ինջիրլիքի ռազմաբազայի տարածքի շուրջ 50 հեկտարը պատկանել է հայերին: 

  • Աշխարհի ուժային կենտրոնները վաղ թե ուշ կերտելու են նոր աշխարհակարգ։ Ո՞րն է քո սցենարը, օրինակ՝ լայնամասշտաբ զարգացումների պարագայում։ Ո՞վ է քեզ երաշխիքներ տվել, այսինքն՝ քեզ չէ, գիտենք՝ քեզ ով է տվել, երկրին ո՞վ է երաշխիք տվել։
  • Աշխարհում կա մի խորհրդարան, որը մերժել է գերիների վերադարձման մասին ընդդիմության ներկայացրած փաստաթուղթը։ Եվ դա Հայաստանի ՔՊ–ական Խորհրդարանն է։ Ընդ որում, այդ փաստաթղթում որևէ ներքաղաքական կետ չկար, բացառապես գերիների հարցն էր, որը մերժեցին:
  • Ինքնիշխանությունը միայն ասելով չի լինում։ Ինքնիշխանությունը նաև այն է, երբ դու ինքդ ես որոշում՝ միանա՞ս Հռոմի ստատուտին, թե՞ ոչ։
  • Վիեննայում մի հանդիպման ժամանակ, որի ընթացքում, դժվար չէ պատկերացնել՝ ես ինչեր եմ ասել, Ադրբեջանի ներկայացուցիչն ինձ ասաց՝ Դուք Ձեզ այնպես եք պահում, ասես հաղթող պետության ներկայացուցիչ եք, այնինչ Դուք պարտված պետության ներկայացուցիչ եք: Գոհ եղեք՝ վերջնական կապիտուլյացիայի թուղթ ձեզ դեմ չենք տալիս: Այսինքն՝ իրենք ընդունում են, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, կապիտուլյացիա է, բայց վերջնական չէ, ու ասում է՝ խելոք մնացեք, ինչ դեմ տանք, կստորագրեք: Պարզ է՝ ես իրեն ինչ պատասխան եմ տվել: Դա հարցի յոթհազարերորդ կողմն է, բայց ես նույնիսկ ՔՊ-ականներին չեմ մաղթում երբևէ Ադրբեջանի ներկայացուցչից լսել այդպիսի բառեր, չնայած իրենց մեկ է, բայց ինձ մեկ չէ: Ու ես վստահ եմ՝ ինձ նման մարդիկ Հայաստանում ճնշող մեծամասնություն են կազմում: 
  • 2026թ Փաշինյանը վերընտրվելու համար ունի մեկ շանս՝ մեր ժողովրդին ծախել իրականության հետ կապ չունեցող «խաղաղություն» բառը։ Փաշինյանն ընկել է Ալիևի ավտոգրաֆի հետևից։ 
  • Ես վստահ եմ, որ Աննա Հակոբյանը վաղ թե ուշ հավակնելու է որևէ պետական պաշտոնի, և աշխարհը Հայաստանի վրա ծիծաղելու է ճիշտ այնպես, ինչպես, երբ Մեհրիբան Ալիևան դարձավ Ադրբեջանի փոխնախագահ։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս