
Փոխվել է Թուրքիայում Ինջիրլիք ռազմաբազայի անունը

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ինջիրլիք քաղաքում գտնվող «10-րդ տանկային ռազմաբազայի հրամանատարական կետի» անունը փոխվել է:
«Օդային ուժերի կարիքներով պայմանավորված դրա անունը փոխվել է 10-րդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարական կետի»:
Նշենք, որ ռազմաբազան բացվել է 1951-ին: Այն Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արևելյան ռազմակայանը։ Օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։
Ինջիրլիքի ռազմաբազայի տարածքի շուրջ 50 հեկտարը պատկանել է հայերին:
Նույնիսկ 2010-ին փաստաբաններ Վարդգես Եղիայանը, Քեթրին Լի Բոյդը և Դեյվիդ Շվարցը, միջազգային իրավունքի փորձագետ Մայքլ Բազիլերի հետ միասին դաշնային հայց էին ներկայացրել Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական բանկի և «Ziraat» բանկի դեմ` «անօրինական բռնագրավման և անարդար հարստացման» համար:
Հայցվորներն էին եղել` Լոս Անջելեսի բնակիչ, ծագումով հայ Ռիտա Մահտեսյանն ու Անայիս Հարությունյանը և Ալեքս Բակալյանը` Վաշինգտոնից:
Երեք ամերիկահայերը, որոնք 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքներից թալանված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր ունեն` փոխհատուցում էին պահանջում 50 հա (կես միլիոն քառ. մետր) տարածքի համար, որը գտնվում էր հենց Ինջիրլիքում: