Ո՞ր լեգենդար ֆուտբոլիստի որդու անունն է թաթախված բռնաբարության կեղտոտ պատմության մեջ. ի՞նչ է ասում տուժողը
Այսօր Տhamshyan.com-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 25-ին՝ Ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն: Վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը, օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից, իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Լուրը, բնականաբար, արագորեն տարածվեց մեդիադաշտում:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։ Գործը քննվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։ Տելեգրամյան ալիքներից մեկն էլ գրել էր՝ խոսքը «Արարատի» երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ հայկական ֆուտբոլը կործանող բոլոր քայլերն արդարացնող, նրա բարձր հովանին վայելող Խորեն Հովհաննիսյանի որդու՝ Ժորիկ Հովհաննիսյանի մասին է:
Քննչական կոմիտեից, սակայն, ի պատասխան մեր հարցի՝ կա՞ն արդյոք այս գործով մեղադրյալներ կամ ձերբակալված անձ, պատասխանեցին՝ քրեական ոստիկանությունից ստացվել է նման դեպքի մասին հաղորդում, սակայն համապատասխան քննչական գործողությունների, արդյունքում, այդ թվում՝ օտարերկրյա կնոջից ստացված հաղորդման բովանդակությունը հաշվի առնելով՝ բռնաբարության, կամ բռնի այլ սեքսուալ գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
«Փոխարենը տվյալներ են ստացվել կնոջ նկատմամբ իր մտերիմ անձի կողմից առերևույթ ֆիզիկական ներգործության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Չնայած այդ հանգամանքին, նախաքննության լրիվությունն ու համակողմանիությունն ապահովելու, բռնաբարություն և թունավորում տեղի ունեցած լինելու կամ չլինելու հանգամանքերը պարզելու նպատակով կնոջ հետ կապված նշանակվել է ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաքիմիական փորձաքննություն։ Վարույթի շրջանակներում անհրաժեշտ գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասացին Քննչական կոմիտեից։