Մարդը 7 տարի է` իշխանության է, դեռ փնտրտուքի մեջ է, թե որ բանակի դեմ պայքարել. Տիգրան Աբրահամյան

Ազգ-նահատակ, այսպես կոչված, բանաձևը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների արձանագրումն էր, նրանից, ինչ Փաշինյանը թողել է Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանության ղեկին կանգնած անձը երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից, կարծես թե ամփոփում էր իր պաշտոնավարման ժամանակահատվածը, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները՝ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացրած ագրեսիայի ծանր հետևանքներով: Այս կառավարությունը տապալել է մեր քաղաքացիների, մեր երկրի, առաջին հերթին պաշտպանության և անվտանգության մասով ստանձնած իր պարտավորությունները և մեր ժողովրդին փորձում է վերածել ազգ-նահատակի։

Իհարկե, անկախ այն հանգամանքից, որ իշխանության ղեկին դեռևս շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հասարակության մեջ որոշ մարդիկ դեռ ակտիվորեն պայքարում են այս անկումը կասեցնելու համար: Իշխանությունն այս ամեն ինչի մասին կարծես թե խոսում է որոշակի հպարտությամբ, դա ներկայացնում է ոչ թե որպես ծանր հետևանք, այլ հաղթանակ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանության նպատակը ոչ թե մեր քաղաքացիների, մեր սահմանների անձեռնմխելիության, մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանումն ու պաշտպանությունն է, այլ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումը, որը ունեցել է իր ծանր հետևանքները»,- ասաց նա:

Աբրահամյանն անդրադարձավ նաև ԼՂ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Մի մարդ, ով 2018 թվականին խոսում էր ինքնորոշման իրավունքի իրացման մասին, դրանից մեկ տարի հետո՝ 2019-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսում էր այն մասին, որ Արցախը Հայաստանն է և վերջ, այդ նույն մարդը դրանից երկու տարի հետո խոսում է Արցախի՝ ադրբեջանական լինելու մասին: Դա արդեն իսկ ցույց է տալիս այդ մարդու քաղաքական և բարոյական վարքագիծը»,- ասաց նա:

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջից պաշտպանական ոլորտին հատկացվող գումարների ավելացմանը, պատգամավորը նշեց.

«Եղած բյուջեով կարելի է շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան դրանք կետային, դրութային առումով ներկայացված է այս կառավարության կողմից, երկրորդը պետք է հասկանալ, որ մեկ բան է նախատեսված բյուջեով տարբեր ծրագրերի համար նախատեսված ծախսերը, մեկ այլ բան է դրա իրականացումը: Զինտեխնիկայի, սպառազինության գնումների պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սպառազինության շուկայական համաշխարհային գներն էականորեն մեծացել է և դրանք համեմատելի չեն պայմանականորեն 5 կամ 10 տարի առաջ եղած գների հետ:

10 տարի առաջ կարող էիր գնել լրիվ այլ քանակի սպառազինություն, իսկ հիմա, բնականաբար, այդ գների բարձրացման պարագայում մեծ գումարների հատկացման պարագայում միգուցե շատ ավելի քիչ թվով զենք զինամթերք գնես: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ սպառազինության քանակը չէ այդքան կարևոր, որքան որակը, արհեստավարժությունը և այն թիրախային ռազմական տեխնիկան, որոնք նախատեսված են կոնկրետ խնդիրներ լուծելու համար:

Հիմա երեկ Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը հայտարարում էր, որ ինքը դեռևս փնտրտուքների մեջ է, չի հասկանում, թե մեկ, բանակի, երկու բանակի, թե երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ առհասարակ, ինչ խնդիր պետք է լուծել։ Այս կառավարության ներկայացրած որևէ քաղաքական գիծ, որևէ ծրագիր, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով իրենց մեջ դրական էլեմենտներ պարունակել, այս համակարգային բարդակի մեջ, դրանք իրենց նպատակին, թիրախներին որևէ ձևով չեն հասնում»,- ասաց Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս