Մի օր աղջկաս մարմինը տանելու եմ Արցախ՝ պապենական գերեզմանատուն… օգնության էինք սպասում, որը պիտի գար Բերձորի միջանցքով. Ալվարդ Սաֆարյան

2023 թվականն արցախցի Դադայանների համար կրկնակի ողբերգական տարի էր, նախ Հայաստանում ավտովթարից զոհվեց նրանց երիտասարդ աղջիկը՝ 21-ամյա Հելեն Դադայանը, այնուհետև սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախի բռնի հայաթափումը։

Հելենն Արցախից էր, Ճարտարի քաղաքացի էր, սովորում էր Երևանում։ 2023 թվականի օգոստոսի 14-ին Հելենը և մի խումբ մարդիկ Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդությունից վերադառնալիս Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում ավտովթարի զոհ են դառնում. Այդ ավտովթարը խլեց 11 մարդու կյանք։

Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում Հելենի ընտանիքը երկար ժամանակ պայքարեց, որպեսզի աղջկա մարմինը տեղափոխեն հայրենի Ճարտար և այնտեղ հուղարկավորեն, սակայն Ադրբեջանը թույլ չտվեց, և Հելենին հուղարկավորեցին Հայաստանում։

Կարդացեք նաև

Հելենի մայրը՝ 62-ամյա Ալվարդ Սաֆարյանը, հույսը չի կորցրել, որ մի օր Հելենի մարմինը տանելու են և հուղարկավորեն Ճարտարի պապենական գերեզմանոցում։

«Միշտ մտավախություն ունեի, որ աղջկաս մարմինն Արցախ չտանելը նշանակում էր Արցախ չունենալ։ Բայց հավատս չեմ կորցնում, որ մի գեղեցիկ օր աղջկաս մարմինը տանելու եմ պապենական գերեզմանատուն… իմ Արցախը կունենամ։ Գուցե մարդիկ ասածներս թերահավատորեն ընդունեն, հավատան կամ ոչ, միևնույն է՝ ինչպես կընդունեն, բայց ես ուզում եմ հավատալ բնության ուժին, որը երբևէ պիտի գործի։

Վախենամ՝ բումերանգը մի քիչ հեռուն է գնացել, ու հետվերադարձն անպայման կլինի։ Այնպես չէ, որ արցախցին, ես կամ որևէ մեկը երբևէ պատկերացրել է, որ պետք է բռնի տեղահանվի, պիտի երբևէ կոչվի տնավեր, գաղթական, փախստական։ Մենք այս ամենին պատրաստ չէինք, սա կփաստեն հազարավոր արցախցիներ, որոնք այսօր վարձով մի տնից տեղափոխվում են վարձով մեկ այլ տուն, մեկ վայրից՝ մեկ այլ վայր, աշխատանք են փնտրում»,- 168.am հետ զրույցում ասաց Ալվարդ Սաֆարյանը։

Տիկին Ալվարդն այսօր ընտանիքի հետ վարձով  բնակվում է Երևանում, 39 տարվա աշխատանքային փորձով մանկավարժ է։ Արցախի տարբեր դպրոցներում ու վարժարաններում տարիներ շարունակ ֆիզիկա է դասավանդել։ Սակայն այսօր Երևանում աշխատանք չի գտնում, շատերը երիտասարդ ու ժպտերես ֆիզիկայի ուսուցիչ են ուզում, հատկապես՝ երեխաների հետ դասապատրաստման կենտրոններում։

Ցավով է արձանագրում, որ այսօր տեռոր է սկսված ոչ միայն ազգայինի, այլև գիտելիքի դեմ։ Եվ այստեղից սկսում է մտածել՝ գուցե կապիտալիստական երկրում է ապրում, որտեղ ռոբոտներին ավելի են նախընտրում, քան մարդուն։

Տան վարձն ու օրվա կարիքները հոգում են ամուսնու աշխատանքի և թոշակի միջոցով, ինչպես տիկին Ալվարդն է ասում՝ մի կերպ գոյատևում են։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում նշանակություն են տալիս ձևին, ոչ թե բովանդակությանը, իսկ այդ ձևի մեջ հայը, առավել ևս՝ արցախահայերը, չեն կարող մնալ։

«Սրա մասին է խոսում այն, որ արցախցիները գնում են Հայաստանից, նաև հայաստանաբնակներն են գնում, որովհետև չեն կարողանում տեղավորվել այդ ձևի մեջ, ձևը իմ ժողովրդին չի պահում։

Մեզ հետ տեղի ունեցած երևույթն անօրեն էր, գուցե բնությունն էլ այդպես չէր կանխատեսել մեր նկատմամբ, փոփոխական աշխարհի վրա չէր երևացել մեր փոքր, անզոր լինելը։ Բայց մեր անկոտրում լինելը, «կողահաստությունը» երևացել է, որ արցախցին կապված է իր հողի հետ։ Արցախցին չի կարող պոկվել իր հողից, դրա համար եղավ բլոկադա կոչվածը, վստահ ասում եմ՝ արցախցին կարող էր դիմանալ, բայց նրան բռնի ուժով հանեցին իր հողից։

Ինքս ականատես էի մահին՝ Ճարտարից 27 զոհերի, բենզինի պայթյունից անհետ կորածների, այդ թվում՝ զոհերի։ Այդ շրջանում ցավս, անձնական ողբերգությունս մեծ էր, դատարկությունը, որ կար ինձ մոտ՝ որևէ բանով չէր լրացվում, բայց նույնիսկ այդ վիճակում հուսադրում էի մարդկանց, թե մնալու ենք Արցախում։ Բայց մարդը հենց մարդ է նրանով, որ նույնիսկ այդ դատարկությունից հետո մեկ այլ մարդու ասի, որ կորուստ չպետք է ունենա, և այդ կորուստը միայն իմը թող լինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տիկին Ալվարդի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին հավատում էին, որ մնալու են Արցախում, այդ հույսով էր, որ Արցախից մի կերպ դուրս եկավ սեպտեմբերի 25-ին։

«Մենք օգնության էինք սպասում, որը պիտի գար Բերձորի միջանցքով, մենք Հակարիի կամրջից սպասելիքներ չունեինք, մեր սպասելիքները Բերձորի միջանցքից եկող օգնությունն էր, որն այդպես էլ չեկավ, չնայած պիտի գար՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված։

Աշխարհը ոչ թե քարացած կամ անտարբեր էր, այլ բոլորին ձեռնտու էր, որ Արցախը մաքրվեր մեր տեսակ հայերից, մեր տեսակը երևի պինդ է՝ կդիմանա…

Մարդը, ով ծնվել ու ապրել է Արցախում, գենն այնտեղ է՝ հույսը չի կորցնում։ Երբ առավոտյան արթնանում եմ, ուզում եմ տուն գնալ, իմ տուն՝ Ճարտար։ Երբեմն, երբ մարդ հյուր է գնում, նրան լավ դիմավորում են, հյուրասիրում, բայց մեկ է՝ որոշ ժամանակ հետո նա ուզում է իր տուն գնա, ինքս այդ հյուրի կարգավիճակում եմ։ Իմ տուն գնալը հիմա ոչ թե ցանկություն է, այլ նպատակ, մենք մեր տուն գնալ ենք ուզում»,- ասում է Ալվարդ Սաֆարյանը։

Նրա խոսքով, այս երկրի վրա ապրելու համար արցախցիներին տուն է պետք, ոչ թե չորս պատ,  տուն Արցախի տեսքով՝ արցախահայերի ընդհանուր տունը։

Հիշում է՝ երբ Զորավանում կորցրել էր իր երեք սենյականոց տունը, մշտապես ասում էր՝ ընդամենը տուն է կորցրել, բայց Արցախի կորստից հետո հասկացել է, թե ինչ է նշանակում իրականում տուն կորցնել, որովհետև տան հետ ամեն ինչ է կորցրել՝ դարձել փախստական։

«Ինքս չեմ պատկերացրել, որ այսքան երկար պետք է հեռու մնամ Արցախից, երբեմն ինքս ինձ ասում եմ՝ մեր հետ տեղի ունեցածը հնարավոր բան չէ, բայց սթափ նայելուց հետո գիտակցում եմ, որ իրականություն է։

Այսօր պատրաստ եմ վերադառնալ Արցախ, երբ պահպանվի Ղարաբաղի կոչումը՝ Լեռնային Ղարաբաղը, եթե նրա անվտանգությունն ապահովվի։ Գուցե ես ու ամուսինս Արցախ գնայինք բոլոր պայմաններում, որովհետև մեզ քիչ է մնացել ապրելու, Թումանյանի ասած՝ «մահը մերն է, մենք մահինը», բայց ես իմ երիտասարդ երեխաներին այս վիճակում չէի տանի Արցախ։

Ինչո՞ւ պետք է իմ ազգն այս ջարդը կրեր, ինչո՞վ էին մեղավոր այն երիտասարդները, որոնք ընկան, միայն նրանով, որ հայրենիքի պաշտպա՞ն էին։ Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերնդի ձայնը չպակասի։

Կարծում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, կարծես թե արցախյան սցենարն է, որից ինքս շատ եմ վախենում, գուցե սխալ եմ, բայց այդպես եմ մտածում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս