Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցառումը՝ Երևանում
Նոյեմբերի 22-ին տեղեկատվություն տարածվեց, որ ավարտին մոտեցող COP29 համաժողովի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են «Ադրբեջանական Երևան» միջոցառման անցկացման մասին։ Նախաձեռնությունը պատկանում է Հեյդար Ալիևի հիմնադրամին, որի նախագահն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Ստույգ տեղեկություններ չկան՝ Բաքվում այդ օրը կազմակերպվե՞ց արդյոք ազդարարված «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, բայց միանգամայն ստույգ տեղեկություններ կան այն մասին, որ նույն օրը՝ նոյեմբերի 22-ին, բովանդակային իմաստով նույնանուն միջոցառում տեղի ունեցավ Երևանում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում այդ նույն երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկուկես ժամանոց հարցազրույց տվեց Հանրային Հեռուստաընկերությանը։
Չնայած հարցազրույցում սովորականի պես հնչեցին բազմաթիվ անհեթեթ, հակասահմանադրական մտքեր, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մեկուկես ժամանոց մենախոսության նպատակն ադրբեջանցիների ու թուրքերի գրգռման ախտորոշումը բացահայտող հետևյալ մտքի հնչեցումն էր․
«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան»,և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը․․․
Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»,- Հ1-ով ի լուր աշխարհի հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այդ մի քանի նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը բազմապատիկ ավելի արդյունավետորեն լուծեց այն խնդիրը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունը, Ալիևի հիմնադրամը՝ զույգ Ալիևաների նախագահությամբ, հսկայական գումարներ են ծախսել/ծախսելու, վճարելու են օտարերկրյա պատվիրակությունների անդամներին, լրատվամիջոցներին, լոբբիստներին, որպեսզի նրանց մտքի ծայրով անցնի հավատալ «Ադրբեջանական Երևանի» մասին զառանցանքին։
Եվ ահա եթերում է հայտնվում Նիկոլ Փաշինյանը և անում է հայտարարություն, որն անգամ ոչ հայազգի որևէ ծախու քաղաքական գործչի կամ «գիտնականի» շուրթերից հնչեցնելն Ալիևի համար կարող էր արժենալ միլիոնավոր դոլարներ։
Հարցը՝ արդյոք նույնքան վճարվե՞լ է Նիկոլ Փաշինյանին, թե՞ նա այդ հայտարարությունն արել է անվճար հիմունքներով, անշուշտ հետաքրքիր է։ Բայց շատ ավելի կարևոր է այն, որ ընդամենն անցած ամիս հիմնադրման 2806-րդ ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքում այդ երկրի ղեկավարն առնվազն մի քանի հարյուրամյակի հայկական պատկանելություն ունեցող Արևմտյան Հայաստանը նույն հարթության մեջ է դնում Ադրբեջանի հակահայկականության գլխավոր թեզերից մեկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ, և նա դեռևս զբաղեցնում է այդ պաշտոնը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթական, բայց այս անգամ՝ սրբապղծության հասնող հակահայկական հայտարարությամբ բացահայտում է ոչ միայն սատանայականության հասնող ուրացումի սեփական պատրաստակամությունը, այլ նաև հայ ժողովրդի երկդիմի կերպն ու հանդուրժողականության աստիճանը, որը բնութագրելի չէ նորմատիվային բառապաշարով։
Եթե այլազգի որևէ մեկն Արևմտյան Հայաստանը համեմատեր «Արևմտյան Ադրբեջանի» հետ, քաղաքավարական հարթությունում կպահանջեին նրա ներկայացրած պետությանն առնվազն բողոքի նոտա հղել ու արտաքսել երկրից, իսկ ոչ այնքան բարեկիրթ տիրույթում գուցե որևէ սասունցու թոռ կամ մշեցու ժառանգ վարվեր այնպես, ինչպես կվարվեին կենացների ժամանակ փառաբանվող իրենց պապերն իրենց ազգը հայհոյողի հետ։
Բայց երբ նույն հայտարարությունն անում է ազգակիցը, ոչ թե շարքային, այլ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ազգակիցը, շարունակում են հանդուրժել նրա իշխանությունը։ Երևի նաև այն պատճառով, որ ազգապղծության ելույթում նա հաջողացրել է խոստանալ, որ կմտածի արագաչափերը հանելու մասին։ Հանրաքվեով:
Հարություն Ավետիսյան