Իսկ որտե՞ղ է Ձմեռ պապիկին նամակ գրող 47-ամյա տղամարդը

«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,- նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրեց Ձմեռ պապիկին նամակ գրող, սոցիալական ցանցերի իր էջերով դատավորների նկատմամբ ատելություն գեներացնող 47-ամյա մի մեծամիտ տղամարդ, ով նաև սովորություն ունի, ասենք, մեկ ամսվա մեջ նույն թեմայի վրա երկու ռադիկալ տարբեր պնդումներ անել, իսկ պաշտոնավարման ընթացքում անել բաներ, որոնք բացարձակապես չեն բխում ո՛չ տղամարդկային ընկալումներից, և ո՛չ էլ պաշտոնեական պարտականություններից:

Այդ տղամարդը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն էր, ով որսաց նախօրեին՝ երեկոյան, հեռախոսային հավելվածին ստացած հաղորդագրություններով իրավապահ բլոկի ու մյուս պաշտոնյաների գլխատման հարմար առիթն ու թռավ…

Այս օրերին շատ գրվեց նրա հրաժարականի տեքստի բովանդակության մասին, որում, բացի ինքնագովեստի զեղումներից, սահմանադրական անկախ մարմնի ղեկավարը՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնյան, ընդունում է, որ կախյալ է քաղաքական իշխանությունից:

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»,- հալածյալի կերպարի մեջ մտած՝ շտապել էր հայտարարել Անդրեասյանը, մարդ, ով շուրջ 1.5 ամիս առաջ, երբ աշխատանքից ազատվեց իր ընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, իր խոսնակին հանձնարարել էր գրել, որ ինքը վստահաբար պնդում է՝ իր պաշտոնում մնալու է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027թ. հոկտեմբերի 6-ը:

Կարդացեք նաև

Ու ընդամենը 1.5 ամսում էական հարցի վերաբերյալ շատ արագ դիրքորոշում փոխող այս մարդը խոսում է դատական համակարգը խայտառակ վիճակից դուրս բերելու մասին:

Հիմա՝ ըստ էության:

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնել է 2022թ. հոկտեմբերի 7-ին: Իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում դադարեցվել են շուրջ 15 դատավորների լիազորություններ, որոնց գերակշիռ մասը՝ Աննա Փիլոսյան, Ալեքսեյ Սուքոյան, Սուրեն Անտոնյան, Զարուհի Նախշքարյան, Դավիթ Հարությունյան, Տիգրան Պետրոսյան, Արտակ Բարսեղյան, Աստղիկ Խառատյան, Արթուր Ստեփանյան, Աննա Դանիբեկյան, Վահե Միսակյան, կարգապահական վարույթների հետևանքով, իսկ 4-ը՝ Սերգեյ Մարաբյան, Արշակ Վարդանյան, Կարեն Մարդանյան, Անդրանիկ Մնացականյան, հայտնի «չաթի» գործով, երբ դատական համակարգում անաչառ դատավորի ու որակյալ իրավաբանի համբավ ունեցող դատավորներ ստիպված եղան հրաժարվել դատավորի պատմուճանից գործընկերներից մեկի կողմից ընդհանուր չաթի բովանդակությունը կոնկրետ հասցեատիրոջ հասցնելու պատճառով:

Կարգապահական վարոււյթների արդյունքում լիազորությունները դադարեցված դատավորների գերակշիռ մասը դատավորներ էին, ովքեր որևէ կերպ չէին կարող կատարել ու չէին կատարում քաղաքական պատվեր: Կարեն Անդրեասյանի օրոք հնարավոր ու անհնարին դատավարական խախտումներով դադարեցվում էին կոնկրետ դատավորների լիազորություններ, սակայն համանման խախտումների պարագայում չէին դադարեցվում յուրային դատավորների, Աննա Հակոբյանի ընկերուհու լիազորությունները: Կարեն Անդրեասյանը դատավորների անկախության երաշխավորի առաքելությունն այս կերպ էր հասկանում:

Կարեն Անդրեասյանն այն ԲԴԽ նախագահն էր, ով անչափահասի ոգևորությամբ Վերաքննիչ քրեական դատավորների «հավաք» էր կազմակերպել հենց ԲԴԽ շենքում, որ թղթիկների վրա քվեարկություն կազմակերպի ու ընտրի դատարանի իր նախընտրելի նախագահին, որովհետև գործող նախագահին թերևս հրահանգներ տալ ու քաղաքական պատվերներ իջեցնել չէր կարող:

Կարեն Անդրեասյանն այն տղամարդ պաշտոնյան է, ով իր անունից հաղորդագրություններ էր տարածել տալիս իր երիտասարդ կին խոսնակներին ու բոլորովին չէր ամաչում դրանից:

Կուսակցական տոմսը վայր դնելուց 5 րոպե հետո ԲԴԽ նախագահ դարձած այս մարդը այդպես էլ չմոռացավ իր կուսակցական անցյալը ու կարգապահական վարույթների Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ քաղաքական տեքստեր արտաբերելով՝ միավորներ էր հավաքում այն մարդու առաջ, ում նկարը կախում էր գլխավերևում՝ ոգեշնչվելով իր գլխավերևում նրա ներկայությունից:

Դատական համակարգն անդունդից հանած «փրկչի» մասին երկար կարելի է գրել, հատ-հատ հիշել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու անձամբ իր քիմքին հաճո օրենսդրական փոփոխությունները, հարցնել՝ ինչպես եղավ, որ մաքրվեց խորհրդակցական սենյակում գտնվող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ճանապարհը, ինչպես և ինչու Արման Հովհաննիսյանը հանվեց ցուցակից, որ Տաթևիկ Գրիգորյանն անխոչընդոտ դառնա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ինչու և ինչպես դադարեցվեցին Դավիթ Հարությունյանի լիազորությունները, և ինչու չկատարվեց Սահմանադրական դատարանի որոշումը, բայց նրա պաշտոնավարման մասին ամենադիպուկն արտահայտվել է Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը՝ դեռևս Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման 6 ամիսը լրանալուց հետո. «երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները»:

Եվ եթե Կարեն Անդրեասյանին թվում է, որ իր մատուցած ծառայությունները Փաշինյանին ավելին էին, քան, ասենք, Արգիշտի Քյարամյանինն ու Վահե Ղազարյանինը, կամ, որ հրաժարական տալով՝ ինքը փրկվելու է իր վերաբերյալ լուսանկարի մարդու կազմած պլանների իրագործումից, ինքը խորը և համապարփակ սխալվում է:

Հա, ի դեպ, իսկ որտե՞ղ է Կարեն Անդրեասյանը:

Տեսանյութեր

Լրահոս