Կարեն Անդրեասյանի ֆիասկոն, կամ՝ երկրորդ նկարը գլխավերևում կախելու ժամանակը
Եվ այսպես, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նոր դատավոր անդամը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն է:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, և դատավորներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին՝ ՀՀ դատական համակարգում ամեն ինչ չէ, որ կորած է, և իրենք ընտրում են արժանապատվության ճանապարհը, իրենք ընտրում են անկախ աշխատելու և իրենց կոչումը պատվով տանելու առաքելության կատարումը, ընտրում են ուրիշ ԲԴԽ ունենալու հեռանկարը:
Այս ընտրությունը շատ կարևոր էր մի քանի պատճառներով:
Երեկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ 168.am-ում հրապարակված լուրին, այնպես էր կորցրել ինքնատիրապետումը, որ ԲԴԽ խոսնակի անունից, թաքնվելով երիտասարդ կնոջ թիկունքում ու վերջինիս դարձնելով թիրախ, մի խայտառակ հերքման տեքստ էր հրապարակել ԲԴԽ ֆեյսբուքյան էջում: Կրկնում ենք, տեքստը հրապարակված էր ԲԴԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչը նշանակում էր, որ դրա հետ համաձայն են ԲԴԽ բոլոր անդամները:
Եվ սա՝ այն դեպքում, երբ մենք պատշաճ կերպով հարցում էինք կատարել ԲԴԽ և հրապարակել էինք լուրի առնչությամբ նրա դիրքորոշումը:
«Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ»,- Լիլիթ Շաբոյանին գրել էր տվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ մասին էր խոսում ԲԴԽ նախագահը, ո՞ւմ էր ակնարկում, ինչո՞ւ էր տարբերակում մտցնում դատավորների միջև ընտրությունից մեկ օր առաջ: Ինչպե՞ս կարող էր Կարեն Անդրեասյանն այնպես իրեն կորցնել, որ չհասկանար՝ իր հրապարակմամբ ինքը հստակ ցույց է տալիս, որ ունի նախընտրելի թեկնածու, ինքը չի թաքցնում, որ կոնկրետ պաշտպանում է կոնկրետ թեկնածուի շահերը, ինչի իրավունքն օրենքով չունի:
Հիմա, երբ ընտրության արդյունքները հայտնի են, ու Արշակ Վարդանյանը պարզապես ջախջախել է քաղաքական իշխանության թեկնածուին, որին Կարեն Անդրեասյանը բարձրագույն ղեկավարության ու հատկապես նրա մոտ, ում նկարը կախում է իր գլխավերևում, երաշխավորել էր, որ կընտրվի, կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ Կարեն Անդրեասյանի պատկերացրած անհույս դատավորը Ռուբիկ Մխիթարյանն էր: Կարո՞ղ ենք ասել, որ Ռուբիկ Մխիթարյանն էր հույսը դրել Կարեն Անդրեասյանի վրա:
Կարեն Անդրեասյանը, ով Նիկոլ Փաշինյանի մոտ գլուխ է գովում, թե կատարելապես տիրապետում է դատական համակարգին, և ինչ կուզի՝ կանի, ինչպես կուզեն՝ այնպես էլ կլինի, կորցրել է իրականության զգացումը:
Փաստորեն, ամեն ինչ չէ, որ այդպես է, որովհետև պարտվել էլ կա, պարտվել էլ: Կարեն Անդրեասյանը խայտառակ պարտություն կրեց, և դատավորները փաստացի ցույց տվեցին, որ իրենք հավատ չունեն ԲԴԽ նախագահի իրականացրած «բարեփոխումների» նկատմամբ:
Հիմա Կարեն Անդրեասյանը ստիպված պիտի լինի պատասխանել՝ ինչպե՞ս եղավ, որ այդպես չեղավ, և, որ իր տված երաշխիքները փաստացի ոչինչ են: Եվ մյուս անգամ առուն թռնելուց առաջ, այնուամենայնիվ, հոպ կասի: 170-71 բասկետբոլային տարբերությունը տպավորիչ է, ինչ խոսք, և այս պատկերը դեռ երկար կգա Կարեն Անդրեասյանի աչքերի առաջ:
Ի դեպ, այսօր Արշակ Վարդանյանը մի կարևոր բան ասաց՝ ինքը, եթե ընտրվի ԲԴԽ անդամ, երբեք չի ընդգրկվելու դատավորների առաջխաղացման ցուցակներում: Սա, թերևս, ամենակարևոր բանն էր, որ պետք էր իմանալ: Հենց այս կերպ են դառնում անկախ ԲԴԽ անդամ:
Կարեն Անդրեասյանն ու քաղաքական իշխանությունն այսուհետ կիմանան՝ Հայաստանում կան դատավորներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ասածը չեն անում, և կան դատավորներ, ում հնարավոր չէ գայթակղել, օրինակ՝ ՎՃռաբեկի կամ Վերաքննիչի հեռանկարով ու դարձնել ձեռնասուն: