Կառավարությունը ցանկանում է խստացնել ավտոճանապարհներին հարող հատվածներում կառուցապատման կանոնները

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման նոր նախագիծ։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։

Այս նախագիծը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհներին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն և կարգավորված կառուցապատում։ Նախագիծը նախատեսում է վերանայել ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման ընթացակարգերը, ինչը պայմանավորված է վերջին տարիներին այդ հատվածներում ինքնակամ և ոչ կանոնակարգված կառուցապատման դեպքերի ավելացմամբ։

Նման դեպքերը հաճախ խաթարում են ճանապարհային երթևեկությունը, հանգեցնում երթևեկության անվտանգության նվազմանը և իջեցնում Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների գրավչությունը։

Ըստ մասնագիտական ուսումնասիրությունների՝ հատկապես բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհամերձ տարածքներում նկատվել է ինքնակամ շինարարական գործունեության աճ։ Բազմաթիվ առևտրային օբյեկտներ տեղակայված են առանց համապատասխան կառուցապատման թույլտվության։

Մուտքերի ու ելքերի սխալ պլանավորումը խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նախագծի շրջանակում սահմանվում են հետևյալ նոր կարգավորումները. կտրուկ սահմանափակվելու է կառուցապատման թույլատրելի օբյեկտների տեսակը՝ ներառելով միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչպիսիք են՝ հանգստի գոտիներ, լիցքավորման կայաններ, մոթելներ և տեխնիկական սպասարկման կետեր։

Նախատեսվում է կառուցապատման առաջարկությունների համաձայնեցման նոր ընթացակարգ, ներառյալ ինժեներական ենթակառուցվածքների և տրանսպորտային մուտքերի ու ելքերի մանրամասն պլանավորում։ Պետական սահմանի անցման կետերին հարող տարածքներում կառուցապատումը պետք է համահունչ լինի մաքսային և անվտանգության պահանջներին։ 

Կահավորանքի տեղադրումը կիրականացվի կառուցապատողների միջոցներով՝ համաձայն կառավարության հաստատած նորմատիվների։

Կառավարությունը նախատեսում է, որ նոր կարգավորումները կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, կկանոնակարգեն միջպետական և հանրապետական ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման գործընթացը, կնպաստեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նմանատիպ կարգավորումներ հաջողությամբ կիրառվում են միջազգային բազմաթիվ երկրներում։ Օրինակ՝ Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում ճանապարհամերձ կառուցապատման նկատմամբ կիրառվում են խիստ կանոններ, որոնք ներառում են բազմաֆունկցիոնալ հանգստի գոտիների և անվտանգ երթևեկության կազմակերպման համակարգեր։

Տեսանյութեր

Լրահոս