Բաժիններ՝

ԱՄՆ-ն 275 մլն դոլարի զենքի նոր փաթեթ է ուղարկում Կիևին. թույլատրվել է նաև հակահետևակային ականների մատակարարում. ԶԼՄ-ներ

Պենտագոնն Ուկրաինային կուղարկի առնվազն 275 միլիոն դոլարի նոր սպառազինություններ, մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է հնարավորինս շատ օգնություն ուղարկել Կիևին նախքան ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթը ներառում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, Javelin հակազրահային ռազմամթերք և այլ սարքավորումներ ու պահեստամասեր։ Պենտագոնն այս զենքերը կտրամադրի իր ձեռքի տակ եղած սպառազինությունից, որպեսզի դրանք արագ հասնեն Ուկրաինայի առաջնագիծ։ 

Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային։ Դա նշանակում է, որ ԱՄՆ վարչակազմը մինչև Թրամփի երդմնակալությունը դեռ 7,1 միլիարդ դոլարի զենք պետք է փորձի մատակարարել Կիևին։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ հավանություն է տվել Կիևին 100 միլիոն դոլարի պաշտպանական սարքավորումների և ծառայությունների վաճառքին։ Դա ներառում է տրանսպորտային միջոցների վերանորոգում, տեխնիկական աջակցություն, ուսուցում և լոգիստիկայի և ծրագրային աջակցության այլ հարակից տարրեր:

Ի տարբերություն Պենտագոնի տրամադրած զենքի փաթեթի, Ուկրաինայի կառավարությունն այս դեպքում վճարելու է։

Իսկ The Washington Post-ի երկու աղբյուրները հայտնել են, որ Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ մատակարարել։ Նշվում է, որ, ըստ Պենտագոնի, Կիևին ականներ տրամադրելը Ռուսաստանի հարձակումը դանդաղեցնելու ամենաօգտակար քայլերից մեկն է։

Ինչպես հայտնել է The Washington Post-ի զրուցակիցներից մեկը, ուկրաինացի քաղաքական գործիչները խոստացել են ականներ չտեղադրել խիտ բնակեցված վայրերում։ Մյուս աղբյուրը պարզաբանել է, որ ականների կիրառումը սահմանափակվելու է Ուկրաինայի տարածքով։ Սակայն պարբերականն ընդգծում է, որ Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարումը հակասական է, քանի որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930