
Մինչև տարեվերջ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության զգալի աճ է կանխատեսվում. Արշակյան

Մինչև տարեվերջ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության զգալի աճ է կանխատեսվում։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովին ճանապարհելու ժամանակ հայտարարեց ՀՀ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Այս տարվա առաջին վեց ամիսներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2,5 անգամ։ Շոշափելի աճ է սպասվում մինչև տարեվերջ։ Այս ամենը դրական է ազդում մեր հարաբերությունների, բիզնեսի և երկրների միջև համագործակցության վրա»,– ընդգծեց նա։
Ընդհանուր առմամբ, Արշակյանը երկրների միջև համագործակցությունը դրական է գնահատում։
«Մենք փորձում ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հաճելի լինի շփվել նաև սուր թեմաների շուրջ։ Մենք կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում պետք է քննարկել նաև այն հարցերը, որոնք պետք է բարձրաձայնել»,– նշեց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահն ավելացրեց, որ Դիլիջանում անցկացված համաժողովի ժամանակ քննարկվել են տնտեսական և ՀՀ ու ՌԴ մարզերի փոխադարձ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ հայ մարզպետներն ու ռուս նահանգապետները հանդիպեն, համագործակցության համաձայնագրեր կնքեն»,- ասաց Արշակյանը։
Նա ևս տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 39–րդ նստաշրջանն անցկացվելու է Սոչիում, որտեղ շատ հայեր են ապրում։
Հիշեցնենք, որ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը Դիլիջանում մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38–րդ նիստի աշխատանքներին։