Բաժիններ՝

Քրիստոնեություն և Բուդդիզմ

Այսօրվա մարդկությանը հուզող խնդիրներից մեկը կրոնական հարցն է: Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր կրոններն էլ ուսուցանում են միևնույն բանը պարզապես տարբեր անվանումների ներքո: Ընդհանրապես կրոնագիտության շրջանակներում կա մոտեցում, համաձայն որի՝ աննպատակահարմար է զուգահեռներ անցկացնել տարբեր պատմամշակութային միջավայրերում ձևավորված կրոնական արժեհամակարգերի միջև: Սակայն համեմատական կրոնագիտության շրջանակներում զուգահեռների անցկացումը նույնիսկ խրախուսվում է, քանի որ վերջինս օգնում է կրոնական կատեգորիաների առավել հստակ դասակարգման գործում:

Ճիշտ է, կրոններն ունեն որոշակի նմանություններ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ նրանք տարբերվում են իրարից: Եվ ահա, համեմատելով երկու համաշխարհային կրոնները` բուդդայականությունն ու քրիստոնեությունը, կփորձենք ցույց տալ վերջիններիս նմանություններն ու տարբերությունները:

Բուդդայականության հիմնադիրը համարվում է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան), որը ծնվել է Նեպալում: Նա եղել է հարուստ իշխանավորի որդի, սակայն լքել է իր ընտանիքը, հրաժարվել հարստությունից և սկսել է վարել ճգնակյացի կյանք: Նա փնտրում էր այն հարցի պատասխանը, թե կյանքում ինչու տառապանք կա: Չորս տեսարանները, որոնք նա տեսավ նախքան ճգնակյաց դառնալը, վճռական ազդեցություն ունեցան իր կյանքում: Առաջին երեքը կապված են եղել դժբախտությունների հետ. դրանք են ծերունին, ծանր հիվանդը և թաղման արարողությունը: Չորրորդ տեսարանը եղել է հանգիստ, բոլոր տխրությունները հաղթահարող ճգնավորը: Սակայն ճգնավորական կյանքով ապրելուց հետո Գաուտաման համոզվեց, որ ճգնությունը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք նրան տանջում են: Երկար մտածումներից հետո, վերջապես նա հասավ լուսավորության: Նա հասկացավ, որ դժբախտությունների պատճառը մարդկանց ցանկություններն են: Եթե մարդը ազատվում է ցանկություններից, նա դառնում է «լուսավորված». հենց դա է նշանակում Բուդդա անունը:

Գաուտաման համակարգեց իր ուսմունքը «չորս սրբազան ճշմարտությունների» անվան ներքո․

Կարդացեք նաև

1. Կյանքը տառապանք է։

2. Տառապանքի պատճառը ցանկությունն է։

3. Տառապանքը վերջանում է, երբ արմատախիլ է արվում ցանկությունը։

4.Հետևելով ութաստիճանական ճանապարհին` կարելի է հասնել լուսավորության:

Ութաստիճանական ճանապարհն իր մեջ ներառում է ճշմարիտ ըմբռնում, ճիշտ ձգտում, նպատակասլացություն, ճիշտ խոսք, ճիշտ վարք, ճիշտ ապրելակերպ, ճիշտ ջանք, ճիշտ հարաբերություն և մտքի ճիշտ կենտրոնացում: Այս աստիճանները մարդուն օգնում են հասնել ինքնաճանաչողության, առաքինության և վերջապես՝ ինքնախորացման, որի հետևանքը նիրվանան է: Նիրվանան ազատագրում է ցավից, քանի որ մարում է ցանկության կրակը: Նիրվանային հասնելը բուդդայականի գերագույն նպատակն է: Նիրվանան դուրս գալն է սանսարայի շրջանից, այսինքն` անդադար վերամարմնավորումներից:

Ինչպես Քրիստոս, այնպես էլ Բուդդան, դուրս եկավ իր ժամանակում իշխող ծիսապաշտության դեմ: Բուդդայի ժամանակ բրահմանները` Վեդաների մեկնիչները զոհեր էին մատուցում, իսկ Հիսուսի ժամանակ քահանայապետները և փարիսեցիները հետևում էին Մովսիսական օրենքի տառին և ոչ թե նրա ոգուն: Բրահմանիզմը եղել է ազգային-հնդկական, ինչպես և հուդայականությունը` ազգային-հրեական: Իսկ բուդդայականությունը, ինչպես և քրիստոնեությունը համաշխարհային կրոններ են: Քրիստոս ուղարկեց իր աշակերտներին` ասելով. «Գնացե՛ք, քարոզեցե՛ք, Ավետարանը բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19): Նույնպես և Բուդդան ուղարկում է իր աշակերտներին ավետելու ողջ աշխարհին փրկության մասին, որը չի կարող սահմանափակվել որևէ ժողովրդով: Բացի դրանից, կան շատ բարոյական կետեր, որոնց շուրջ բուդդայականությունն ու քրիստոնեությունը նման են: Օրինակ՝ ինչպես քրիստոնեությունը, այնպես էլ բուդդայականությունը ուսուցանում է անհիշաչարություն, անկրքություն, կենտրոնացում: Սակայն խնդիրը առավել մանրամասն դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ այդ երկու կրոնների միջև կան սկզբունքային տարբերություններ: Օրինակ՝ Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին» (Մատթ. 5:44), մինչդեռ Բուդդան սովորեցնում է թշնամությանը պատասխանել անհիշաչարությամբ: Այսպիսով, Քրիստոս պահանջում է սեր, իսկ Բուդդան` անհիշաչարություն: Անհիշաչարությունը չի ենթադրում ակտիվ գործողություն, իսկ սիրո կամ թշնամանքի զգացմունքները, ըստ բուդդիզմի, տառապանքի աղբյուրներ են: Արդեն իսկ սրանում կա էական, խոր տարբերություն: Բուդդայականությունը նույնպես մեծահոգության ուսմունք է, բայց այն չի համընկնում Քրիստոսի պատվիրանի հետ: Ճիշտ է, բուդդայականությունը քարոզում է բարություն բոլոր էակների նկատմամբ, նաև նրանց նկատմամբ, ովքեր մեզ չարիք են պատճառում, բայց այնուամենայնիվ, այդ ուսմունքում զգացվում է սառը, սթափ վերաբերմունք` ընդհանրապես տարբեր այն ջերմ սիրուց, որը պահանջում է Քրիստոս, և որն առաքյալը բնորոշում է հետևյալ խոսքերով. «Եթե քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան և եթե ծարավ, ջուր տուր նրան, այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12:20): Չարիքի ժխտմանը ուղղված է բուդդայականությունը, բարու կատարմանը` քրիստոնեությունը:

Տարբեր էր նաև աշխարհը չսիրելու սկզբունքն այս երկու կրոններում: Համաձայն քրիստոնեական վարդապետության` աշխարհը ինքնին չար չէ: Երբ Աստված ստեղծեց աշխարհը, «տեսավ, որ բարի է»: Աշխարհը չար է այնքանով, որքան որ օտարացած է Աստծուց, և այդքանով քրիստոնյան չպետք է սիրի աշխարհը: Սակայն նա պետք է սիրի ոչ միայն իր Արարչին, այլև նրա ստեղծագործությունը այնքանով, որքանով այն հեռացած չէ Աստծուց: Բուդդայականությունը, ի հակադրություն քրիստոնեության, քարոզում է աշխարհի բացարձակ մերժում, նրա իդեալը ամենից առաջ անձնական գոյության բացառումն է: Աշխարհը նրա համար անիմաստ «ունայնության» արդյունք է, որը դուրս է ելնում անըմբռնելիորեն բացարձակի խորքերից:

Կինը` նոր կյանքի կրողը, ատելի է բուդդայականության համար: «Ոչ մի կրոն,- ասում է Կոժևնիկովը,- այդքան թշնաբար և ժխտաբար չի վերաբերվել կնոջը, որքան բուդդայակությունը»: Ըստ բուդդայականների՝ «Կինը կրքերի օջախն է, ամենաանմաքուր և ամենապիղծ էակներից մեկը»: Իսկ քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ կինը ոչ միայն արժանացավ Աստծուն մարմնավորելու, այլև հարուցյալ Աստծուն առաջինը տեսնելու պատվին (Հովհ. 20:11-18):

Գեղեցկությունը՝ դրական իմաստով, Բուդդայի համար գոյություն չունի Այն նրա համար զգայականության պատրանք է, որը տանում է կյանքից կախվածության: Դրա համար էլ նա ասում է. «Դե՛ն նետեցեք հինգ զգայարանների առարկաները, դե՛ն նետեցեք կախարդող գեղեցկությունը, հեռո՛ւ մնացեք այն պատկերներից, որոնք գեղեցիկ են թվում, քանի որ նրանց ուղեկցում է կիրքը»:

Բուդդայականությունը քարոզում է մարդու ինքնափրկություն, իսկ քրիստոնեությունը դրա անհնարին լինելը. բուդդայականության մեջ ամեն ինչ ձեռք բերվում և պահպանվում է սեփական արժանիքներով, իսկ քրիստոնեության մեջ միայն Քրիստոսի արժանիքներով: Բուդդան միայն ուղեցույց է և ուսուցիչ, որը ցույց է տալիս փրկության ճանապարհը և բուդդայականների համար ուրիշի արժանիքներով փրկվելը հերետիկոսություն է: Ի հակադրություն դրա` քրիստոնեությունն ասում է, որ մարդու փրկությունը գալիս է Աստծո շնորհից, մարդը փրկվում է՝ հաղորդակցվելով աստվածային անեղ էներգիաներին և դառնում աստված՝ ըստ շնորհի:

Փրկությունը բուդդայականության մեջ ընդհանրապես այլ է, քան քրիստոնեության մեջ: Բուդդայականության մեջ փրկվել՝ նշանակում է ազատվել տառապանքից և քանի որ ամեն գոյություն տառապանք է, ապա փրկվել՝ նշանակում է ազատվել ընդհանրապես ամեն տեսակի գոյությունից: Ի տարբերություն դրա, քրիստոնեության մեջ փրկություն՝ նշանակում է ազատություն չարից, մեղքից, անեծքից ու մահվանից և հաղորդակցություն Աստծո հետ:

Բուդդիզմում փրկության են հասնում գերագույն ճանաչողությամբ, պատճառահետևանքային կապերի էության մեջ թափանցումով, խոր հայեցողությամբ և փիլիսոփայական խորացմամբ: Ընդհանրապես այլ ձևով է դրան վերաբերվում քրիստոնեությունը, ըստ որի՝ փրկության կարելի է հասնել ոչ թե գերիմաստությամբ, այլ անկեղծ, մանկական  հավատով:

Բուդդիզմը մերժում է անձնազոհությունը, որովհետև բուդդայականության համար կյանքը տանջանք է և ոչ մի արժեք չունի, իսկ արժեք չունեցող բանը զոհել անիմաստ է: Իսկ քրիստոնեությունը քարոզում է զոհել մարդկային անձը: Քանի որ Քրիստոս որպես անմեղ Գառ զոհվեց մարդկանց մեղքերի քավության համար:

Բուդդիզմ – «Քո ես-ով գրգռիր ես-ը, քո ես-ով քննիր ես-դ, այն ժամանակ կարող ես ես-դ պահպանել և երջանկության մեջ ապրել, ո՛վ ճգնավոր, որովհետև ես-ի պահապանը ես-ն է, ես-ի ապաստանը ես-ն է»: Քրիստոնեության տեսակետից խոսքերին ի հակադրություն կարելի է դնել Օգոստինոսի խոսքը. «Դու ստեղծեցիր մեզ ուղղեալ առ քեզ, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ քեզ մոտ իր հանգիստը գտնի»:

Վերջապես, բուդդայական վերածնությանը դեմ է և ժառանգականության օրենքը: Ըստ Բուդդայի՝ մարդն իր նախկին գործերի և իր «կարմայի» արդյունք է. «Իմ գործը այն որովայնն է, որ ծնում է, իմ գործն այն սեռն է, որին ես ազգակից եմ»: Սա մերժումն է ամենայն ժառանգականության, որ, սակայն, ամեն րոպե հոր և որդու մեջ կարելի է նկատել: Այս մերժմամբ զանց է առնում բուդդայականությունը մի բարոյական պարտականություն, որ ունի յուրաքանչյուր ծնող դեպի իր որդին կրթության տեսակետից, եթե ամեն մեկն իր նախկին գործերի ծնունդն է միայն, ապա ուրեմն ծնողն ազատ է պարտականություններից:

Ըստ պրոֆեսոր Լ. Ֆոն Շրեդերի՝ բուդդայականությունը կարելի է կոչել ինքն իրեն սեփական ուժերով փրկելու մարդկության գերագույն փորձը, այն պարագայում, երբ քրիստոնեությունը կարելի է կոչել Աստծո սիրո հայտնությունը, որը մեզ պարգևում է շնորհ, փրկություն և հավիտենական կյանք:

Վոլոդյա սրկ. Նաջարյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս