Քրիստոնեությունը շատ գեղեցիկ ճանապարհ է ցույց տալիս մարդու կյանքի համար` բացահայտելով սիրո վարդապետությունը նաև ներանձնական մարդաբանության մեջ, որտեղ տիրում է ներքին ներդաշնակ համակարգն ու անսահման ազատությունը, որտեղ անհրաժեշտություն չկա բազմաթիվ անգամ երկրի վրա ծնվելու, մեռնելու և ունենալ տարատեսակ մարմիններ ու դեմքեր, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և անկրկնելի` ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1.26):
Այսօրվա մարդկությանը հուզող խնդիրներից մեկը կրոնական հարցն է: Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր կրոններն էլ ուսուցանում են միևնույն բանը պարզապես տարբեր անվանումների ներքո: Ընդհանրապես կրոնագիտության շրջանակներում կա մոտեցում, համաձայն որի՝ աննպատակահարմար է զուգահեռներ անցկացնել տարբեր պատմամշակութային միջավայրերում ձևավորված կրոնական արժեհամակարգերի միջև: Սակայն համեմատական կրոնագիտության շրջանակներում զուգահեռների անցկացումը նույնիսկ խրախուսվում է, քանի որ վերջինս օգնում է կրոնական կատեգորիաների առավել հստակ դասակարգման գործում: