«Սերժ Սարգսյանը 2016թ. Սպիտակ տանը հանդիպել է Ջո Բայդենի հետ. զբաղվեք ձեր գործերով…». Արտակ Զաքարյանը՝ ՔՊ-ականներին
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից՝ հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղման փորձերին:
«ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը:
Ի գիտություն.
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին, միջուկային անվտանգության թեմայով պետությունների ղեկավարների համաժողովի շրջանակներում՝ Սպիտակ տանը, երկկողմ օրակարգային հարցերով պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Զբաղվեք ձեր գործերով…»,- գրել է նա:
Արտակ Զաքարյանն իր գրառմանը կցել է իր խոսքերն ապացուցող ռեպորտաժ, որտեղ նշվում է, որ համաժողովի պաշտոնական բացումից առաջ Սերժ Սարգսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:
Հավելենք, որ 2016 թվականի գարնանը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ և այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:
Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:
Մեր այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:
Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե՝ հայկական ատոմակայանի շահագործումը»:
Իսկ 2016 թվականի մայիսի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Երկուստեք կարևորվել էր Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: