Հայ-չինական բարեկամության գաղափարը թափանցել է երկու ժողովուրդների հոգու մեջ․ ՀՀ-ում Չինաստանի ժամանակավոր հավատարմատար
Հայաստանի ու Չինաստանի միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է ամրապնդվել և խորանալ, ինչն ամուր հիմք է ստեղծել երկու երկրների միջև փոխըմբռնման, փոխշահավետ համագործակցության համար։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Չեն Մինը հիշեցրեց, որ այս տարի լրանում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը՝ հավելելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակել են զարգանալ առողջ և կայուն կերպով, փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակաբար նոր արդյունքներ է գրանցել, իսկ հայ-չինական բարեկամության գաղափարը թափանցել է երկու ժողովուրդների հոգու մեջ։
«Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է ամրապնդվել և խորանալ։ Հայաստանն ու Չինաստանը զարգացող երկրներ են և «Գլոբալ հարավի» անդամներ, մենք ձգտում ենք խաղաղության և անվտանգության, զարգացման, բարգավաճման և արդարության։ Այս ամենը ամուր հիմք է ստեղծել երկու երկրների միջև փոխըմբռնման, փոխշահավետ համագործակցության, փոխանակման համար», – ընդգծեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի միջև պրագմատիկ համագործակցությունը բավականին արդյունավետ է։
«Չինաստանը մի քանի տարի անընդմեջ Հայաստանի համար պահպանում է իր դիրքը՝ որպես հիմնական առևտրային գործընկեր, արտահանման շուկա և ներմուծման աղբյուր: Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հասել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 34,7%-ով։ Սեպտեմբերի սկզբին «Չինական հարավային ավիաուղիներ» ավիաընկերությունը հաջողությամբ իրականացրեց իր առաջին երկկողմանի չվերթը Ուրումչիի և Երևանի միջև։ Վիզաների ռեժիմի ազատականացման հիման վրա սա ավելի է հեշտացնում մասնագետների փոխանակման գործընթացը և նոր ճանապարհ է բացում տնտեսական ու առևտրային համագործակցության և մշակութային փոխանակումների համար», – իր խոսքում նշեց Չեն Մինը:
Նրա խոսքով՝ երկու կողմերը հետագայում կարող են համագործակցության ավելի մեծ ներուժ բացահայտել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էներգիայի նոր աղբյուրները, կենսաբժշկությունը, թվային տնտեսությունը, ենթակառուցվածքները և այլն: «Երկու երկրների ժողովուրդների միջև փոխհարաբերություններն ու մշակութային փոխանակումները լի են լուսավոր կետերով և կենսունակությամբ: Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություն են՝ հազարամյակների պատմությամբ և սերնդեսերունդ փոխանցվող բարեկամական ավանդույթներով։
Վերջին տարիներին Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է ուժգնանալ, և շատերը, հատկապես պատանիներն ու դեռահասները, սկսում են չինարեն սովորել, հասկանալ չինական մշակույթը և մեկնել Չինաստան՝ սովորելու և աշխատելու համար: Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել, չինացիները սկսում են ավելի խորը ճանաչել Հայաստանի պատմությունը, մշակույթը և հասարակությունը»,-գոհունակությամբ արձանագրեց ժամանակավոր հավատարմատարը՝ շեշտելով, որ երկուստեք իրականացվում են նաև մի շարք համատեղ մշակութային միջոցառումներ, որոնք շարունակաբար ամրապնդում են հայ-չինական բարեկամությունը։