Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի կարծիքով՝ Երևանն ու Պեկինը կարող են սերտ համագործակցություն ծավալել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Չեն Մինը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների և համագործակցության զարգացման առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներին։

«Մենք գիտենք, որ Հայաստանը ներկայում շատ է կարևորում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և Չինաստանն այդ առումով ունի շատ առավելություններ։ Մենք նաև ուրախ ենք, որ Երևանի և Հայաստանի փողոցներում կարող ենք տեսնել Չինաստանից ներկրված էլեկտրամոբիլներ։ Մենք կարծում ենք, որ հենց այս համատեքստում բարձր տեխնոլոգիաների, նաև կանաչ տնտեսության ոլորտներում մենք կարող ենք շատ սերտորեն համագործակցել»,-ասաց Չեն Մինը՝ հավելելով, որ կան նաև այլ ոլորտներ, որոնք ևս կարող են դիտարկվել՝ որպես համագործակցության ուղիներ։

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի դիտարկմամբ՝ այս համագործակցությունների միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարելավել հայ և չին ժողովուրդների կենսամակարդակը։

«Մենք նաև հույս ունենք, որ չինական որակյալ կազմակերպություններն իրենց մասնակցությունը կունենան այս ոլորտներում համագործակցության հարցում»,-եզրափակեց Չեն Մինը։

Տեսանյութեր

Լրահոս